Պեկինում հայտնաբերված նոր կորոնավիրուսը ավելի վարակիչ է, քան Ուհանինը
Արխիվ 16-20
Պեկինի մեծածախ շուկայում հայտնաբերված կորոնավիրուսը, հավանաբար, ավելի վարակիչ է, քան այն, ինչ հայտնաբերվել է Ուհանում, հայտարարել է Ուհանի համալսարանի բժշկական բաժանմունքի վիրուսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Յան Չժանցյուն: «Էվոլյուցիայի ընթացքում վիրուսի ինֆեկտիվությունը կարող է ուժեղանալ, կարող է թուլանալ։ Բայց ես կարծում եմ, որ «Սինֆադի» շուկայում հայտնաբերված SARS-CoV-2 կորոնավիրուսն ավելի վարակիչ է, քան այն, ինչ եղել է Ուհանի «Խուան» շուկայում»,- հայտարարել է Յան Չժանցյուն:
Նա հիշեցրել է, որ Ուհանի առողջապահության կոմիտեն նոր վիրուսի մասին պաշտոնապես տեղեկացրել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, մինչեւ 2020 թվականի հունվարի 17-ը գրանցվել է ընդհանուր առմամբ 62 հաստատված դեպք։ Իսկ Պեկինում մոտավորապես նույն թվով դեպքեր արձանագրվեցին մեկ-երկու օրում: Ու թեև այժմ տեխնիկական հնարավորությունները շատ ավելի լավն են, և անցկացված թեստերի քանակը շատ ավելի մեծ է, «ստացված արդյունքները, միևնույն է, անսպասելի էին»։
Բացի այդ, ըստ պրոֆեսորի, Ուհանում համաճարակը եղել է ձմռանը, երբ պայմանները նպաստում են վիրուսի տարածմանը, իսկ Պեկինում այժմ բարձր է ամառային ջերմաստիճանը, ինչը չի նպաստում հիվանդության տարածմանը: Բացի այդ, Ուհանում շատ հիվանդներ կային, որոնք ծովամթերքի շուկայի հետ շփման պատմություն չունեին, իսկ այժմ Պեկինում բոլորը կապված են նույն վայրի՝ «Սինֆադի» շուկայի հետ: Գիտնականի խոսքով՝ Պեկինի ներկայիս իրավիճակի տարբերությունն այն է, որ Չինաստանն արդեն զգալի փորձ է կուտակել եւ գործուն պաշտպանական մեխանիզմներ է ստեղծել, որոնց շնորհիվ կարողացել է օպերատիվ կերպով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համաճարակի դեմ վերահսկողության եւ պայքարի համար: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ նոր բռնկումների եւ վիրուսի շտամների առաջացումը բարդացնում է պատվաստանյութերի ուսումնասիրությունն ու մշակումը:
Պրաֆեսորը հավելել է, որ եթե ապացուցվի, որ վիրուսը ներկրվել է գյուղատնտեսական արտադրանքով, ապա Չինաստանին անհրաժեշտ կլինի մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն մարդկանց Մուտքի վերահսկողությանը, այլեւ ներկրվող արտադրանքի մաքսային կարանտինին: