Մովսես գյուղը մեր հավատքի սահմանն էլ է. Տեր Աբել (Հրատապ)
Արխիվ 16-20
ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ նախ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն անհասկանալի պատճառով՝ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո՝ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը՝ 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իսկ արդեն ուշ գիշերին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ Հայկական զինված ուժերը կորուստներ եւ վիրավորներ չունեն։ Իսկ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում եւ չեզոքացվում են:
Դեպքի վայրից վերջին նորությունները հաջողվեց պարզել Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ԱԲԵԼ քահանա ՔԱՐՏԱՇՅԱՆԻՑ: Նա վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է. «Մենք վստահում ենք մեր զինվորներին: Իրենց ցավը տանեմ, կանգնած են անսասան՝ ուժեղ հավատքով: Մենք ոչ մի բանի մասին մտածելու չունենք, այս պահին դադարել է կրակոցները: Բնակավայրի եւ խաղաղ բնակչության հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել, նրանց հետ ոչ մի առնչություն չկա: Խնդրում եմ՝ հանգստ եղեք, մեր առավոտյան ժամը՝ 9:15-ի աղոթքները չի հետաձգվելու ոչ մի կերպ: Ոչ մի թշնամի չի կարողանալու խաթարել մեզ ճիշտ ճանապարհից: Միշտ ասում ենք, որ Մովսես գյուղը մեր հավատքի սահմանն էլ է»:
Տեր հայրը նաեւ տեղեկացրեց, որ միջհենակետային խնդիր է եղել: Ճիշտ է, ծանր տեխնիկա, տանկեր են աշխատել, բայց հիմա ամեն ինչ դադարել է. «Ո՛չ Չինարիի, ո՛չ Մովսեսի բնակչությանը վտանգ չի սպառնում: Մենք վստահ ենք մեր զինվորների պրոֆեսիոնալիզմի, ոգու ուժի եւ կամքի վրա: Խնդրում եմ՝ հանգիստ եղեք, ասեկոսենեերի մի վստահեք: Այդ արագ տարածվող ինտերնետային լուրերին բանի տեղ մի դրեք, բոլորը հերքում եմ: Մենք այստեղ ենք, ամեն ինչ նորմալ է: Փառք Տիրոջը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ