Սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթաց է գնում. Ռոբերտ Քոչարյան
Արխիվ 16-20
ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ նաեւ այն դիտարկմանը, թե հիմա կոռուպցիա չկա. «120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանել՝ օրենքով չնախատեսված: Ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Սա ակնհայտ գողություն է բյուջեից»:
Ինչ վերաբերում է օրվա իշխանության վարած արտաքին քաղաքականությանը, Ռ. Քոչարյանը հիշեցրեց, որ այսօրվա իշխանության մեծ մասը եկել է այն ՀԿ-ներից, որոնք ձեւավորվել են գլոբալիզացման երկրորդ թրենդից. «Ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորն այժմ փախչում են…Ես չեմ հասկանում՝ ո՞ւր ենք գնում եւ ինչի՞ համար: Ազգերի փոխարեն, կարծես, սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթաց է գնում»:
Թե որն է ստեղծված իրավիճակից ելքը եւ ինչպիսի ներքաղաքական զարգացումներ կարող են լինել, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել. «Ուղղակի խնդիրն, այսպես ասենք, այն է, թե ընդդիմությունն ինչպե՞ս կվարվի, ընդդիմությունը կկարողանա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել… Ու ինչքան իրենք թուլացնեն այս ընդդիմությանը, այդքան իրենք լինելու են ոչ արդյունավետ։ Երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր»:
Ռ. Քոչարյանի գնահատմամբ՝ անգամ փոքր ցույց անելու արգելքն այսօր գալիս է նրանից, որ իշխանությունը տեսնում է՝ իրավիճակը վատանում է ու փորձում է թույլ չտալ որեւէ քաղաքական ակտիվություն. «Ու իմ մոտ հարց է առաջանում՝ արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համաճարակի, որովհետեւ չի երեւում, որ սա որոջէ կերպ համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ