Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է կոալիցիա ստեղծելու հարցը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ: Հարցը քննարկվում է շատ լուրջ մակարդակներում: Երեք կուսակցությունում էլ կան կոալիցիա ստեղծելու կողմնակիցներ եւ անհամաձայնություն հայտնողներ: ՀՀԿ-ում կոալիցիա ստեղծելու միջոցով ցանկանում են ընդլայնել քաղաքական մեծամասնության ճակատը եւ որոշ չափով կիսել պատասխանատվությունը այլ քաղաքական ուժերի հետ: Մյուս կողմից` ՀՀԿ-ական որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում կիսվել ԲՀԿ-ականների ու դաշնակների հետ:Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրանք ավելի շատ հակված են առանց պաշտոնապես հայտարարելու կոալիցիայի մասին, ստանալ ծանրակշիռ պորտֆելներ` միջինից բարձր օղակներում, ինչպես դա տեղի է ունենում վերջին շրջանում: Ձեւական ընդդիմություն խաղալով եւ կոալիցիա չհայտարարելով` դաշնակներն ակնկալում են ավելի շատ ձայն ստանալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:
Նույն մտավախությունը` կոալիցիա հայտարարելու մասին, ունի նաեւ ԲՀԿ-ն: Նախընտրական տարում իշխանական ուժի պիտակը կարող է նրանց համար վատ ծառայություն մատուցել մոտակա ընտրությունների ընթացքում: Ավելին, Ծառուկյանի հեռանալուց հետո այլընտրանքից իշխանություն դառնալու դեպքում ԲՀԿ-ի ներկայիս ղեկավարները կարող են խիստ բացասական իմիջ ձեռք բերել: Հետեւաբար, ԲՀԿ-ի քաղաքական թեւը կողմնակից է պահպանել ձեւական ընդդիմության կարգավիճակը: Սակայն ԲՀԿ-ի գործարարները ցանկանում են անմիջապես զբաղեցնել նախարարների ու փոխնախարարների պաշտոններ եւ ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ հայտարարվի կոալիցիայի մասին: Նրանք չեն ուզում կորցնել 1,5 տարի, մինչեւ կձեւավորվի նոր կառավարություն, որը հավանաբար նույնպես լինելու է կոալիցիոն, եւ որում հավանաբար լինելու է ԲՀԿ-ն: Իսկ եթե հանկարծ ԲՀԿ-ն չլինի, ապա ոմանց համար դժվար չի լինի հերթական անգամ փոխել կուսակցական պատկանելությունը` հանուն իշխանական վերնախավում մնալու «սուրբ» գաղափարի:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, թեեւ փաստացի կոալիցիան կարելի է ասել, որ գործում է, դրա մասին պաշտոնապես չի հայտարարվելու: Վերոհիշյալ կուսակցությունները առանձին-առանձին կգնան 2017 թվականի ընտրությունների, սակայն ընտրությունների արդյունքով կոալիցիան այնուամենայնիվ կձեւավորվի 2017 թվականի գարնանը: