ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ. «ԱԶԱՏ ԳԵՏԸ ՉԻ ՑԱՄԱՔԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ. «ԱԶԱՏ ԳԵՏԸ ՉԻ ՑԱՄԱՔԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 22-ին հերթական քննարկումն է լինելու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ: Քննարկման ժամանակ պատկան մարմիններն Արարատի գյուղացիներին մանրամասն ներկայացվելու է ծրագիրը, ինչպես նաեւ անդրադարձ է արվելու այն մտահոգություններին, որոնք հնչել են գառնեցիների կողմից:
Հիշեցնենք` Գառնի համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 9-ին ընդունել էր մի որոշում, որով «համաձայնություն է տվել` Գառնի-Քաղցրաշեն ջրագիծը Գառնի համայնքի վարչական տարածքով «Գալակտիկա» ՓԲԸ-ից մինչեւ Արարատի մարզի Լանջազատ համայնք անցկացնելուն»: Գառնեցիները, սակայն, մտավախություն ունեն, որ Գառնի-Քաղցրաշեն ծրագրի պատճառով Ազատ գետը կցամաքի, իրենց այգիներն էլ կչորանան: «Առանց այդ էլ ջուրը քիչ է, մեզ անգամ չի բավականացնում»,- մտահոգվում են բնակիչները:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինասնավորմամբ: Ծրագրի կյանքի կոչվելու դեպքում Գառնու կիրճում գտնվող Ազատ գետում նախատեսվում է տեղադրել ջրընդունիիչ խողովակաշար, որը 980 լ/վրկ քանակությամբ ջուր պետք է հասցնի Արարատի մարզի 12 համայնք:
Խնդրի մասին «Իրավունք»-ը զրուցեց Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ: Վերջինս ասաց, որ ինքը վաղն անպայման կմասնակցի քննարկմանը: «Ազատ գետը ցածր է մոտ 200 մետր: Ջընդունիչ խողովակաշարով գետի ջրի 2/3-րդ մասը ձկնուղիով է դուրս գալու: Այս ծրագրի շնորհիվ լուծվում է 12 համայնքի ջրի հարց, որոնք ծախսում են կես միլիարդ դրամի էլեկտրաէներգիա` ջուր ունենալու համար: Ես անձամբ գիտեմ` ինչ է նշանակում էլեկտրաշարժիչով ոռոգում կատարելը»,- ասաց գյուղապետը:
Ինչ վերաբերում է գառնեցիների այն մտահոգությանը, թե Ազատ գետը կցամաքի, պրն Վարդանյանը հերքեց այդ լուրերը`ասելով, որ գետը չեն կարող ցամաքեցնել. «Ամենավատ տարին անգամ 850 լիտր ջուր դուրս է գալու»: Գառնեցիների մտահոգություններին էլ անդրադառնալիս համայնքի ղեկավարն ասաց. «Ազատ գետի ափին գառնեցիների մի մասը հողատարածքներ ունեն: Ծրագրի իրականացման դեպքում եթե վնաս հասցվի հողատարածքներ ունեցողներին, ապա ծրագրի պատասխանատուները պետք է վնասը փոխհատուցեն: Ի վերջո, գառնեցիներն այդ հողատարածքներով եկամուտ են ստանում: Ես բանավոր համաձայնության եմ եկել պատասխանատուների հետ, որոնք համաձայնել են փոխհատուցման տարբերակին»:
Անդրադառնալով բնապահապանների վաղվա բողոքի ակցիային ու միջամտությանն այս հարցին` Աշոտ Վարդանյանի խոսքով` Գառնի-Քաղցրաշեն ծրագրի էությունը ճիշտ պետք է ներկայացվի բնապահպաններին. « Խոսքը գետը ցամաքացնելու, քանդելու մասին չէ: Ծրագրով փրկում են հայ ժողովրդի տարածքները»:
Գյուղապետը մինչ այսօր խոսել է գառնեցիների հետ առանձին-առանձին, բացատրել ծրագրի էությունը: «Մեզ համար իսկական փրկություն կլինի Գառնու աղբյուրի, ներտնտեսային ցանցի վերանորոգումը, որի շնորհիվ ինքնահոս ջրամատակարարում կունենանք»,- վստահեցնում է համայնքի ղեկավարը:
«Իրավունք»-ը Գառնու գյուղապետարանի բակում եւ համայնքում շրջելիս հանդիպեց Գառնի գյուղի բնակիչներին, որոնց մի մասը կողմ էր Գառնի-Քաղցրաշեն ծրագրի իրականացմանը եւ համամիտ չէր այն կարծիքին, թե դրա պատճառով Ազատ գետը կցամաքի: Գառնեցիների մասն էլ կարծես այնքան էլ լավ իրազեկված չէին Գառնի-Քաղցրաշեն ծրագրից: Նրանք մտավախություն ունեն, որ ծրագրի իրականացման դեպքում կպակասի խմելու ջուրը, մինչդեռ խոսքը ոռոգման ջրի մասին է: «Տարեք: Թող էս մարդիկ էլ ցամաք մնան»,- կատակով ասաց գառնեցիներից մեկը: Գյուղապետն էլ հակադարձեց` ցամաք մնալու մասին խոսք չկա:
Մանրամասները` տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ