Ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է նվազել՝ վերջին օրերին քանիցս նորանոր ռեկորդներ սահմանելով: Հայաստանում եւս դրամի նկատմամբ նույն ռեկորդային պատկերն է. 1 ռուբլին արդեն 6 դրամից ցածր մակարդակ, երբ միայն վերջերս 7-8 դրամն էր համարվում անհավանական իրավիճակ: Բայց կարո՞ղ է իրավիճակը փոխվել, եւ ռուբլին իր հետեւից ներքեւ տանի դրամին: Այսինքն՝ ոուբլու այս ռեկորդային արժեզրկումն ինչ ազդեցություն կունենա դրամի փոխարժեքի վրա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց որոշ տնտեսագետների հետ:
Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ փաստեց.
- Միայն ռուբլու եւ դոլարի փոխարժեքների տատանումով չի պայմանավորված դրամի փոխարժեքի դիրքերը: Գոյություն ունեն տասնյակ գործոններ, որոնք կարող են ազդել մեր ազգային արժույթի փոխարժեքի վրա: Եթե ցանկանում են կանխատեսել, թե դրամն ինչ սահմաններում կարող է տատանվել ասենք դոլարի նկատմամբ, պետք է ուսումնասիրել բոլոր գործոնները եւ ոչ միայն դոլար-ռուբլի շարժը: 2015 թվականին հայկական դրամի դիրքերը բավականին կայուն էր, Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն հավասարակշռված էր, որի արդյունքում էլ մենք հետխորհրդային տարածքում այն միակ երկիրն էինք, որտեղ չգրանցվեց ազգային արժեքի արժեզրկում: Այս պահին ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 100 տոկոսով, արժեզրկում կա Ռուսաստանում, Ղազախստանում եւ այլն:
Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ ընդգծեց.
- Հետխորհրդային տարածքի բոլոր երկրների արժույթները, ըստ էության, կապված են տեղի ունեցող զարգացումների, հատկապես` նավթի գների անկման հետ: Տեղի է ունենում փոխարժեքների շատ մեծ արժեզրկում, սակայն Հայաստանը դրամավարկային իր ճկուն քաղաքականությամբ կարողանում է մեր երկրի ֆինանսական շուկայում պահպանել հարաբերական կայունություն: Այս պարագայում մեր արժույթն արժեզրկման դրսեւորումներ չունի, սակայն եթե այս ընդհանուր լարվածությունը երկար շարունակվի, ապա հնարավոր է, որ ՀՀ դրամը եւս ենթարկվի մեզ համար ոչ ցանկալի տատանումների: Եթե այդ կանխատեսումը լինի, ապա այն իր հետ կբերի նաեւ գնաճ:
Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐԱՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Ռուբլու եւ դոլարի փոխարժեքների տատանումների հետեւանքով ՀՀ դրամն արդեն գտնվում է որոշ ռիսկերի ներքո, սակայն մեր երկրում դեռեւս չենք նկատում, որ դրամի փոխարժեքի կտրուկ փոփոխություն տեղի ունենա: Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները բարձրացվեցին, ինքս կանխատեսել էի, որ դրամը մոտավորապես 10 տոկոսով կարժեզրկվի, սակայն մինչ այժմ նման վտանգ չի եղել: Գործընթացը կարգավորում է Կենտրոնական բանկը եւ որոշակի առումով տնտեսությունը դեռեւս ունի այն ռեսուրսները, որի շնորհիվ էլ դրամը չի արժեզրկվում: