Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ. «Ցավի և սիրո բացիկներ»
Արխիվ 16-20
ԳՐԱԴԱՐԱԿ
Հասցեագրված է բոլորիս՝ փոքրից մեծ
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ. «Ցավի և սիրո բացիկներ», Երևան, 2016, «Հայաստան» հրատարակչություն, հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ
Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի լեփ¬լեցուն դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Տիգրան Նիկողոսյանի «Ցավի և սիրո բացիկներ» գրքի շնորհանդեսը£ Հյուրերի թվում էին ԱԺ պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ՀՊՃՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Արեգ Գրիգորյանը, ճանաչված մտավորականներ, մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցների տնօրեններ, պարզապես գիրը գնահատող մարդիկ£ Մայրաքաղաքի N 50 դպրոցի սաները հանդես եկան հեղինակի «Յուրաքանչյուր գիրք իր մեջ մի աշխարհ է կրում» էսսեի բեմականացմամբ՝ հայկական խաչի տեսքով ցույց տալով հայ գրի ու գրականության ճանապարհը Մաշտոցից մինչև մեր օրերը£ Գրքի մասին հանգամանալից խոսք ասացին ՀԳՄ գործադիր տնօրեն, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Վահագն Սարգսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Լյուդվիգ Կարապետյանը և Լալիկ Խաչատրյանը£ Վերջինիս գնահատմամբ գեղարվեստական հրապարակախոսության ժանրը սկզբնավորվում է 16¬րդ դարից՝ ֆրանսիացի մտածող Միշել Մոնտենից, բայց մեր գրականության մեջ նոր է միայն ձևավորում և այս գիրքը դրա լավագույն վկայությունն է£ Հանդիսության ընթացքում, որը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը, ներկայացվեցին հատվածներ գրքում զետեղված 11 էսսներից£
Գրող, հրապարակախոս ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Նիկողոսյանի նոր լույս տեսած «Ցավի և սիրո բացիկներ» խորագիրը կրող գիրքը կարդացի ներքին հափշտակությամբ և հուզմունքով, հաճախ նաև դիտավորյալ հետաձգելով հերթական էսսեի ընթերցանությունը՝ տեղ գտած մտքերը խորությամբ ընկալելու համար: Գիրքը մի յուրօրինակ զրույց-ուղեցույց է, որտեղ հեղինակը խնամքով և հոգատար ընկերասիրությամբ, ասես ձեռքիցդ բռնած ուղեկցում է մի տիրույթ, որտեղ նորովի ու խորքով իմաստավորվում են մարդուն մարդ պահող արժեքները. սերն՝ առ հայրենիք, առ ընտանիք, ընկերություն, ինքնաճանաչողություն և այլն: Եվ այս արժեքների վերհանման ու մեկնաբանման ճամփորդության մեկնարկը տրվում է «Յուրաքանչյուր գիրք իր մեջ մի աշխարհ է կրում» էսսեով, որում հեղինակն հորդորում է մտքում գծագրել հայկական մի խաչ՝ նրա տարբեր անկյուններում դնելով Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու և այլոց անունները, «Սասունցի Դավիթ» էպոսը£ «Սիրիր, սիրիր և էլի սիրիր քո էպոսը»՝ հորդորում է Տիգրան Նիկողոսյանը: Հեղինակը հատուկ անդրադարձ է կատարել 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ կռված հայրենյաց հերոսների սխրագործություններին և կյանքի պատմությանը, մի քիչ տխրությամբ, բայց միևնույն ժամանակ ազգային հպարտություն բորբոքող արյան կանչով յուրաքանչյուրիս պատգամելով ճանաչել և սիրել հող հայրենին: «Հողն աշխարհագրական տարածք է, այնտեղ ապրողների համար Հայրենիք, որ նվիրումի ու կամքի արդյունքում երկիր ու պետություն է դառնում, դառնում հիմն ու դրոշ»: Հայի համար պատերազմը եղել ոչ թե սոսկ հողակտորի կռիվ, այլ այդ հողում արարող իր տեսակը պահպանելու բնազդ, որը դրսևորվեց վերջին լայնածավալ բախման ընթացքում: Խրամատային եղբայրներ. ահա այսպես է բնորոշում Տիգրան Նիկողոսյանը ապրիլյան քառօրյա պատերազմում կռված հայորդիների հավաքական կերպարը:
Գրքի յուրաքանչյուր պատում հիմքում ունի ուղերձ, տարիների ու տառապանքի փորձով ճշգրտված օրինաչափություն, որին պետք է ականջալուր լինի ընթերցողը, քաղի այնտեղից ճշմարտության պտուղները, որոնք թույլ կտան հետագայում չմոլորվել կյանքի խոտոր արահետներում: «Ապրիր այնպես,- պատգամում է հեղինակը,¬ որ քո նախնիների հիշողության դաշտում մոլախոտ չաճի»,¬ իսկ մեկ այլ տեղ նշում. «Ամեն մարդ երկու անուն է ունենում: Մեկն իրեն ծնողներն են շնորհում, մյուսը մարդն ինքն է վաստակում՝ հասարակության մեջ ու մարդկանց հետ հարաբերություններում իր պահվածքով, խոսքով ու գործով»: Գիրքը կրում է «Փոքրերի մասին մեծերի համար» ենթախորագիրը և վերաբերում նաև ավագ սերնդին և առհասարակ ցանկացած մարդու, ով գրքի տողերում կարող է գտնել իրեն հոգեհարազատ կենսափիլիսոփայությունը:
«Ցավի և սիրո բացիկներ»-ը հարուստ է լավ ու բարի խոսքերով, մարդկային զգայուն դիպվածներով£ Խուսափելով դրանք բոլորն այստեղ ներկայացնելու գայթակղությունից, միայն կցանկանամ, որ այս գիրքը որքան հնարավոր է շատերը կարդան և իմաստանան հեղինակի խոսք-պատգամներով...
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ