«ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՄԻՆՉ ՕՐՍ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԻ».ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութեր
Համահայկական գրողների միությունն այցելել էր Տիգրանաշեն եւ գրական մրցանակի արժանացրել շնորհալիներին: Եվ այս առիթով էլ «Արվեստը սեր է» հաղորդմանը հյուրընկալվել է «Նոր ոսկեդար» առաջին կարգի մրցանակակիր ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
– Դուք ծնվել եւ մեծացել եք Տիգրանաշենում: Ի՞նչ եք զգում, երբ խոսում են այն մասին, որ այն հանձնելու են թշնամուն:
– Եթե չեմ սխալվում` այդպիսի լուրեր երկու-երեք տարի է ինչ կան: Ու ինչպես գիտենք` Տիգրանաշենը համարվում է սահմանամերձ գյուղ: Ես այստեղ տեղին կհամարեմ հիշել Վազգեն Սարգսյանի միտքը` կապված սահմանամերձ գյուղերի հետ, երբ նա ասում էր. "Ի՞նչ սահմանամերձ գյուղի մասին է խոսքը: Մի բուռ, մի սրտի չափ երկիր ենք: Սրտին ո՞ր կողմից խփես, որ ցավ չզգա": Պարտադիր չէ Տիգրանաշենում ապրած, մեծացած լինես, որպեսզի հասկանաս վտանգը: Եթե մենք տալիս ենք Տիգրանաշենը, կամ ինչ-որ փաստաթուղթ կա, ըստ որի, պետք է Տիգրանաշենը հանձնվի, սա միայն տիգրանաշենցու խնդիրը չէ: Ու այսպիսի կողմնորոշում ունենալ, թե Տիգրանաշենը «պետք» չէ, կամ այսինչ սահմանամերձ գյուղը մշակութային կամ բնակչության առումով այդքան էլ «պետքական» չէ, բավականին սխալ մոտեցում է այս հարցին, որովհետեւ եթե չկա Տիգրանաշենը, այնտեղ հարեւան գյուղերը նույնպես պոտենցիալ վտանգի տակ են հայտնվում:
– Տիգրանաշենի դպրոցը մոտավորապես ինչքա՞ն աշակերտներ ունի:
– Ով թեկուզ փոքր տեղեկություն ունի Տիգրանաշենի մասին, կիմանա, որ Տիգրանաշենի բնակչությունը բավականին փոքրաթիվ է: Ու դրանից դպրոցի աշակերտների թվաքանակն էլ քիչ է: Մոտավորապես` 13-14 աշակերտ է դպրոցում սովորում: Փոքրաթիվ ենք, բայց կարեւորը որակն է, ոչ թե` քանակը: Ու եթե նույնիսկ փորձեք այցելել Տիգրանաշեն, կհասկանաք, որ որակական ցուցանիշներն ավելի բարձր են, քան` թվաքանակը:
– Մշակութային կյանքն ինչպե՞ս է ընթանում Տիգրանաշենում:
– Տիգրանաշենի մշակութային կյանքը կենտրոնացված է հիմնականում դպրոցում: Կրթօջախների, երեխաների զբաղվածության տեսանկյունից եթե նույնիսկ նայենք, դպրոցը հիմնական "ժամանցային" վայրն է երեխաների համարª գյուղի առօրյայից կտրվելու համար: Մշակութային կյանքի առումով եղել են անդրադարձներ Տիգրանաշենին: Մենք նույնիսկ ֆինանսապես աջակցություններ ենք ստացել տարբեր հիմնադրամներից ու տարբեր անհատներից: Սակայն 2021 թվականին համայնքի մշակութային կյանքն ակտիվացավ: Ինչո՞ւ համայնքի, որովհետեւ միայն Տիգրանաշենը չէր այս նախագծի մեջ մտնում: Նաեւ Պարույր Սեւակ գյուղը, որը մեր հարեւան գյուղն է: Ի դեպ, ներկայումս Տիգրանաշենը համարվում է Պարույր Սեւակ գյուղի փողոց: Ի՞նչն էր այստեղ գովելի, որ իրականում սահմանամերձ գյուղերը, ու առհասարակ հայրենիքը պահպանելու համար պետք է սկսել անհատների ինքնակրթումից, ինքնադաստիարակությունից: Իսկ ինչը կարելի է ավելի ինքնադաստիարակչական լինել, քան ընթերցանությունը: Իսկ պարոն Ափինյանը ու նրա թիմի ներկայացուցիչները, կազմակերպելով Համահայկական գրողների միության շարժումը, խթանեցին ընթերցանությունը: Եվ իրոք սայլը տեղից շարժվեց, ու երեխաների մեջ աշխուժություն մտավ, խթանվեց ընթերցանությունը: Մենք բոլորս շնորհակալ ենք Ափինյանից եւ նրա թիմիցª կատարված հսկայածավալ աշխատանքի համար, որովհետեւ ամեն մեկը չէ, որ կայցելեր, կուրախացներ ու կզարմացներ մեզ:
– Ի՞նչ զգացիք, երբ պարոն Ափինյանից ստացաք մրցանակը:
– Իրականում, երբ ես մասնակցում էի ու տեղեկություն ստացա, որ պարոն Ափինյանն ու իր թիմակիցները գալիս են Տիգրանաշեն, լսեցի, որ կան գրքի տեսքով նվերներ: Մրցանակի հեռանկարներ չունեի, ինձ հետաքրքիր էր գրականությունը, եւ վերցրի պարոն Ափինյանի վերլուծությամբ` Գրիոր Զոհրապի գիրքը: Ինչ վերաբերում է մրցանակաբաշխությանն առաջին տեղը զբաղեցնելուն, ինձ համար անակնալ էր, որովհետեւ չէի սպասում:
– Գյուղն այսօր ի՞նչ կարիքներ ունի:
– Գյուղն ունի տրանսպորտի խնդիր, որովհետեւ ես ինքս լինելով ուսանող, նախընտրում եմ գնալ գյուղ, գյուղից գալ, բայց սպասարկող տրանսպորտի գիծ չկա: Ու նաեւ ամենակարեւորը` այս պահի դրությամբ գյուղի կարգավիճակ ստանալն է: Որովհետեւ գյուղը կարգավիճակ չունի: Իսկ եթե կարգավիճակ ունենա, կարծում եմ, որ բարվոք վիճակ կլինի, ու հետագայում արդեն մյուս խնդիրներին կարելի է անդրադառնալ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ