Հրմշտոց սկսվեց կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Պատահար«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան կառավարության երրորդ մասնաշենք:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք գնում ենք կառավարության 3-րդ մասնաշենք մեր նախորոք հայտարարված պահանջը ներկայացնելու եւ հասկանալու շենքում նստած նախարարների եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դիրքորոշումը»:
Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշոց սկսեց, որի հետեւանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան դստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: