ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերլուծություն
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
Թրքահպատակների խունտան կարծես սպառնում է նոր «մարտի 1-ով»: Տխրահռչակ աղանդավոր Քրիստինե Հալաջյանը, որը հայտնի է որպես Լոսի Քիսո, պահանջել է իր կուռք Նիկոլից «Ազատել Ֆրանսիայի հրապարակը ղարաբաղցիներից եւ նրանց դեպորտ անել Արցախ»: Ինչքա՜ն համահունչ է նույն Նիկոլի` 2008-ի մարտի 1-ին հնչեցրած «քաղաքը ղարաբաղցի տականքներից» ազատելու կոչ-սպառնալիքին: Ինչքան ներքին թուրք կա` դրանք բոլորը կարծես վերջին բնազդային ճիգով փորձում են կանխել արդարացի հատուցումը եւ հավերժացնել սեփական պիղծ խրախճանքը:
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԺԱՆԳՈՏԱԾ «ՊՈՂՊԱՏԸ»
Լրատվադաշտում տարածվում են շշուկներ` իբր կապիտուլյանտը որոշել է ցանկացած գնով հունիսի 3-ին դատարկել Ֆրանսիայի հրապարակը եւ իբր ստացել է դրա «դաբրոն» արեւմտյան դեսպաններից: Թե արդյոք նա կգնա արյունահեղության` միանշանակ դժվար է պատասխանել, քանզի մշտական վախի մեջ ապրողի վարքագիծն անկանխատեսելի է: Վախի ստույգ նշանն է ոստիկանության եւ հատուկ ստորաբաժանումների այդպիսի ստվար ներկայությունը, եւ ասում են, որ դրա պատճառով մարզերը մնացել են գործնականում առանց ոստիկանության: Ասում են, թե ոստիկանությունը պահպանում է ոչ միայն կապիտուլյանտի եւ նրա նախարարների մարմինները, այլեւ` ամենաատելի եւ լպիրշ ՔՊ-ական պատգամավորների: Վախի թանձր գարշահոտը լցրել է իշխանական միջանցքներն ու ՔՊ-ականների սրտերը: Նիկոլը վախենում է, եւ վախենում է ոչ միայն ազգի ցասումից: Վախենում է թիմակիցների մորթապաշտ դավաճանությունից: Վախենում է Պուտինի, Միշելի, Բլինքենի, Էրդողանի հետ շփումների ժամանակ մի բան սխալ ասի, եւ իրեն պարզապես դեն կնետեն, բայցեւ գիտի, որ վաղ թե ուշ դեն են նետելու: Վախենում է, զի գիտի, որ ընկերներ ու մտերիմներ չունի, այլ ունի միայն իր նման վախից դողացողների նեղ շրջապատ, վախենում է սեփական շողքից...
Եվ այդ վախը խլացնելու համար արտոնում է գազազած եւ բոլոր կարմիր գծերը հատած ոստիկաններին ջարդել հայերի գլուխները եւ ոսկորները, ջարդել` առանց սեռ եւ տարիք հաշվի առնելու: Ջարդել նրա համար, որ հայ են, որ ուզում են հայ մնալ, որ ուզում են կանխել թուրքական լծի եւ յաթաղանի տակ հայտնվելը, որ չեն ուզում կապիտուլյանտի պես «կզած» ապրել... Ջարդում են, բայց վախը չի անցնում:
Եվ ձեռքերը գցում են փրփուրներին: «Ես տրամադրված եմ ընդդիմության մի քանի պատգամավորների մանդատից զրկելու հարցով դիմել ԱԺ խորհուրդին»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը: «Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին, կարծում եմ` չի կարելի երբ ուզել գալ նիստի, երբ չուզել` չգալ, առավել եւս, որ մամուլի հրապարակումներում նշված պատգամավորները վաղուց անցել են թույլատրելիի սահմանը»,- ասաց նա: Սրանք բոլորին չափում են սեփական արշինով, սրանց թվում է, որ եթե իրենք ոչ մի բան են առանց մանդատի կամ պաշտոնի, ապա մանդատ կորցնելուց պիտի վախենան նաեւ կենսագրություն ունեցող ընդդիմադիրները: Ծիծաղելի է նաեւ կարծել, որ պատգամավորական անձեռնմխելիությունը բան է փոխում` նույն վայրագությամբ ջարդում են ընդդիմադիր պատգամավորների կողերը, նրանց դեմ կամայականորեն դռներ են փակում, իսկ անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը ՔՊ-ականների համար տեխնիկական հարց է:
Ախր, նույն ձեւի վախենալու են, անկախ նրանից, ընդդիմադիրները մանդատ ունեն, թե` ոչ: Մայիսի 31-ին նախարարությունների շենքեր ներխուժող ցուցարարներ չեղան, սակայն այդ շենքերում վախեցան պատասխանել տարրական հարցի` արդյո՞ք կողմ են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Վախեցան նաեւ բուհերի ռեկտորները` բառիս բուն կամ փոխաբերական իմաստով մտնելով սեղանի տակ, հենց որ մոտենում էր ցուցարարների շարասյունը: Ընդ որում, ցուցարարների անունից այդ հարցը բարեկիրթ ձեւով տալիս էին պատգամավորների` ի տարբերություն 2018-ի նիկոլական ամբոխների վայրենի սպառնալիքների: Ու արդեն խոստացան, որ պատգամավորների եւ նախարարների տների հասցեներով կտան այդ հարցը... Տեսնես քանի՞ մասի պետք է բաժանվի ոստիկանական զորքը:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑԸ
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, եւ անշուշտ հայ մանուկների ամենաֆունդամենտալ իրավունքը հայ մնալու իրավունքն է: Եվ ժամը 17-ի ավանդական երթը Ֆրանսիայի հրապարակից լինելու է կանանց եւ երեխաների մասնակցությամբ:
Անչափահասների մասնակցությունը դարձել է շահարկումների առիթ, եւ հարկ է նշել, որ ամենագազանային ձեւով կարմիրֆեսավորները հարձակվում են հենց պատանիների վրա: Իսկ 2018-ին ՔՊ-ականները երեխաներից սարքում էին կենդանի վահան, քաջ գիտակցելով, որ «նախկինները» երեխաների դեմ ուժ չկիրառելու բարոյականություն ունեն: Իսկ հիմա... Ինչպես նշում է իրավաբան եւ իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը. «Անդրադառնալով Դիմադրության շարժման մասնակից երեխաների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեպքերին` փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց անչափահասն ի՞նչ գործ ուներ այդտեղ»:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` մինչեւ 14 տարեկան անձինք իրավունք ունեն անգամ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ հավաքներ կազմակերպելու»:
Ահա պարզ բացատրություն... Իսկ սրանք օրենքի վրա թքած ունեն, սրանց գերագույն օրենքը կապիտուլյանտի հրամանքն է: Իսկ հրամանքը հետեւյան է` հոշոտել, որպեսզի խաղաղ հավաքներին անչափահասի հայտնվելը դառնա մահացու վտանգավոր:
Մինչ նիկոլական իշխանազավթումը սորոսական «իրավապաշտպանները» իրենց ճղում էին երեխաների իրավունքների հարցերով: Իսկ հիմա անհետացել են, երեւի թե համարում են, որ հայ մանկան միակ «իրավունքը» թուրքի ստրուկ եւ Նիկոլի զոմբի մեծանալն է: Եվ միանգամայն ողջունելի է փաստաբան Տիգրան Աթանեսյանի նախաձեռնությունը` «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու եւ որպես դրա անմիջական հետեւանք դրա գործակալական ցանցի պետականաքանդ գործունեությունը կասեցնելու համար հայցադիմումը նախապատրաստելը»: Այո, մեր մանուկներին ոչ թե սորոսական այլասերումները, այլ նախեւառաջ հայ մնալու, ՀՀ արժանավոր քաղաքացի դառնալու իրավունքն է պետք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ