ՓՈՒՉԻԿ ՓՉՈՂՆԵՐԸ` ՆԻԿՈԼԱՓՈՒՉԻԿԻ ԱՊԱՎԵՆ
Վերլուծություն
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
Երբ Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1-ին, Համաժողովրդական շարժման` կանանց եւ երեխաների մասնակցությամբ երթը մուտք գործեց Հանրապետության հրապարակ, «փոքրիկ լաոները», նրանց մայրիկները եւ ուղիղ եթերում երթը դիտող քաղաքացիները տեսան Կուստուրիցայի ֆիլմերին արժանի սյուռեալիստական տեսարան` ձերբակալվածների տեղափոխման համար նախատեսված ոստիկանական մեքենաները զարդարված են փուչիկներով, ոստիկաններն էլ զբաղված են փուչիկ փչելով...
ՓՉԱՆ ԹՈԴՈՐՈՍՆԵՐԸ
Այդ հակաբնական զարդարանքից տարածվում էր տագնապալի էներգետիկա` տեսնողին թվում էր, որ կարող է երեխաների ձերբակալության տեսարան տեսնի: Այդպիսի բան, իհարկե, չեղավ, սակայն գույնզգույն փուչիկներով զարդարած բռնապետությունը սիմվոլիզմ ուներ` փուչիկ է ե՛ւ սրանց իշխանությունը, ե՛ւ այդ իշխանության պաշտպանությունը: Դե կապիտուլյանտն ու նրա թիմը հանրահռչակվել են հենց որպես մեծ ստեր փչողներ, ու երեւի թե կարող են բացել փչոցիների ակադեմիա, ռեկտոր էլ կարգել Արծրուն Հովհաննիսյանին:
Հանրապետության հրապարակի սյուռ լուսանկարներն էլ ճշգրիտ բնութագրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը. «Այս նկարը խորհրդանշում է մեր երկրի իրական վիճակը: Փուչիկ է փչում դատախազությունը, փուչիկ են փչում կեղծ ցուցմունք տվող ոստիկանները, փուչիկ են փչում իշխանական պատգամավորները, 3 տարի փուչիկ փչեց հազարավոր ընտանիքների դահիճը: Էս բոլոր փչված փուչիկները հերթով պայթելու են, բայց միայն այն ժամանակ, երբ հանդիպեն ասեղի, իսկ էդ ասեղը վերցնող ու փուչիկին մոտեցնող է պետք... ժողովուրդն էդ ասեղը լինելու բացահայտ քայլ է արել, մնում է հաջորդ քայլը»:
Սամսոնյանը նաեւ կոնկրետ փչան Թոդորոսի օրինակ է ներկայացնում` հրապարակելով դրա լուսանկարը եւ ֆեյսբուքյան էջի հղումը. «Ծանոթացեք, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի (գրպանահատության բաժանմունք) օպեր Արամ Գրիգորյանն է: Նա սուտ ցուցմունք է տվել Հայկ Սարգսյանի դեմ: Ըստ ցուցմունքի` Արամը տեսել է, թե ինչպես է Հայկը հարվածում եւ հայհոյում տարբեր ոստիկանների: Արամն էս ցուցմունքի համար ապագայում նստելու է, բայց մինչ այդ, Արամին պետք է հայտնի դարձնենք»: Նարեկ Սամսոնյանը դրանով մատնանշում է խունտայի մեթոդաբանությունը` բացառապես ոստիկանի փչովի ցուցմունքով կալանավորել այն մարդկանց, ում ատելությունից դրդված կամ հանուն ժեխ-շոուի մատնացույց է անում Նիկոլը: Յուրի Խաչատուրովի որդի Իգորին էլ են կալանավորել այդ նույն մեթոդաբանությամբ, եւ էլի շատերին:
Իսկ փչանության մասշտաբները եւ դրա տականքության խորությունը, գրեթե սատանայությունը պարզ բացատրում է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, ով դավաճանության հոգեբանությանը նվիրված ծավալուն աշխատությունում գրում է. «Դավաճանը ներգրավվում է այդ գործի մեջ եւ այդ ճանապարհով էլ ավելի առաջ գնալու ուժեղ մոտիվացիա է ձեռք բերում: Նրա հետագա գործողությունների հոգետրամաբանությունը այսպիսին է, զոհին անհրաժեշտ է կրկին պատժել: Դա անհրաժեշտ է ցույց տալու համար, թե նա ինչքան վատն է ու վնասակար եւ արժանի է, որ իրեն դավաճանել են: Զոհին վարկաբեկելիս շարունակում են նրան զանազան բացասական գծեր ու դրդապատճառներ վերագրել` դրանով իսկ հիմք ստեղծելով կատարված դավաճանական ագրեսիվ գործողություններն արդարացնելու համար: Ստեղծվում է զոհի բացասական կերպար, ինչը եւ պետք էր դավաճանին` սեփական գործողություններն արդարացնելու համար:
Հետաքրքրական է հետեւյալը. դավաճանն իր մատնության զոհին շատ հաճախ հենց դավաճանական դրդապատճառներ է վերագրում, այսինքն կատարում է այն, ինչ հոգեբաններն անվանում են պրոյեկտիվ ատրիբուցիա: Այդպես նա փորձում է ապացուցել, որ իր դավաճանությունն ընդամենը պատասխան էր այն դավաճանությանը, որ զոհն իբր պատրաստվում էր կատարել»:
Հիմա պա՞րզ է, թե ինչու է այդքան ջանք ու այդքան փող ծախսվում այն զազրելի քարոզչության վրա, իբր ամեն ինչում «նախկիններն» են մեղավոր, եւ իբր նրանք դավաճանել են Արցախին դեռ մինչեւ Արցախյան շարժման մեկնարկը, «30 տարի դավաճանել են», եւ այլն: Եվ այդ քարոզչության համար ստեղծվում է մեծ ցանց, ֆեյքերի հսկայական ֆաբրիկաներ, որպեսզի ամեն հայի հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի մեջ մտնեն իրենց վիժվածքային ստերով:
ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԸ ՄՈՏ Է
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը «Հայելի» ակումբի եթերում հայտարարել է. «Արեւմուտքն ու Թուրքիան 1,5 միլիարդ են ծախսել Նիկոլի հեղափոխության վրա»: Բնական է, որ դրա զգալի մասը ծախսվել է հենց ստախոս քարոզչության, ֆեյքերի սարդոստայնի վրա, որը նաեւ ծառայեցվել է ժեխ գեներացնելու եւ այդ ժեխը հենարան դարձնելու վրա:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը շարադրել է ԺԵԽ բառի քաղաքական իմաստը.
- Ժեխ - բիոմասսա, որը մինչեւ այսօր վստահ է, որ հաղթում ենք,
- Ժեխ - բիոմասսա, որը տասնյակ տարիներ 5000-10000 հազար դրամով ինքնակամ եւ մեծ հաճույքով ծախել է իր ձայնը նախկիններին եւ հետո բողոքել վերջիններից ու իր բախտից,
- Ժեխ - բիոմասսա, որի համար Հայրենիքը սկսվում եւ ավարտվում է իր տան դռան դեմի շորով,
- Ժեխ - բիոմասսա, որի համար հայկական սերիալները, Արմենչիկը, Հրագը եւ նմանները կյանքի միակ իմաստն են,
- Ժեխ - բիոմասսա, որը Լոսում, Մոսկվայում, Փարիզում նստած ինձ համոզում է, որ Հայաստանն այսօր աշխարհի ամենալավ երկիրն է, բայց սպանես հետ չի գա իր «երազանքի» Հայաստան...
Այդ բիոմասսան դեռ 2021-ին ապահովեց ընտրություններով Նիկոլի վերարտադրությունը, սակայն այսօր վախով սպասում է, թե ինչով կավարտվեն ընդդիմության հուժկու ակցիաները: Զի այդ տեսակը ագրեսիվորեն գործում է, միայն եթե հաղթանակը երաշխավորված է, այլապես վախենում է: Այժմ ինչպես կապիտուլյանտական խունտային, այդպես էլ այդ բիոմասսային հակադրված են գիտակից, կայացած քաղաքացիները, ովքեր մեկ ամսում արդեն հարմարվել են ցանցային պայքարին: Ըստ Գելափի` Երեւանում անցկացված հարցախույզի, 115 հազար մարդ մայիսի 1-ից սկսած գոնե մեկ անգամ մասնակցել են ցույցի, երթերի, հանրահավաքների, փողոց են փակել եւ այլն: Եվ հասկանալի է, թե ինչ արդյունք կլինի, եթե այդ մարդիկ միաժամանակ դուրս գան փողոց` Նիկոլի 2018-ի լեցուն հրապարակները պարզապես կստվերվեն:
Իսկ հունիսի 3-ի արտահերթ նիստը պարզապես ծառայեցվում է որպես ջրբաժան` պարզ սկզբունքների շուրջ հասկանալու, թե ովքեր են հայ եւ չհայ: Հաշմանդամների հնագույն կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը տվել է սահմանում, թե ինչու անկախ համակրանքներից եւ հակակրանքներից պետք է մասնակցել բողոքի ակցիաների. «Ես չեմ սիրում Դիմադրության շարժման առաջնորդներին:
Ես չեմ սիրում նախկին նախագահներին, մարզպետերին, քաղաքապետերին...
Ես չեմ սիրում որեւէ կուսակցության առաջնորդին:
Ես սիրում եմ կնոջս, երեխաներիս, հարազատներիս, ընկերներիս:
Սիրում եմ Հայրենիքս:
Քաղաքական գործիչները սիրելու համար չեն: Նրանք գործ անելու համար են: Իսկ մենք` հասարակ մարդիկ, պետք է նրանցից պահանջենք կատարել այս գործը սիրով, հոգատարությամբ եւ կոմպետենտ:
Ես պահանջում եմ բոլոր վերոնշյալ ՉՍԻՐՎԱԾ գործիչներից փրկել Հայրենիքս ու շենացնել այն: Այս պահանջով ես գալիս եմ Ֆրանսիայի հրապարակ:
Իսկ ձեզ մոտ ո՞ր զգացումն է ավելի ուժեղ. սեր Հայրենիքի հանդեպ, թե՞ հակակրանք քաղաքական գործիչների հանդեպ»:
Շարժման մասնակից քաղաքական ուժերը հիմա, իրենց ամբիցիաներով ու թերություններով հանդերձ, ծառայում են որպես ցանցային մենեջերներ, ովքեր պիտի այդ ցանցով լուծեն թրքահպատակների խունտայի հեռացման հարցը: Իրական քաղաքականությունը կսկսվի ավելի ուշ, եւ այն կունենա իշխանության համար պայքարի բոլոր ատրիբուտները: Իսկ հիմա դրա ժամանակը չի, հետո կկողմնորոշվենք` ով է դուրներս գալիս, իսկ ով` ոչ: Եվ մնում է համաձայնել քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի զգուշացմանը.
– Որպես քաղաքական ռեալիզմը մոտեցում դավանող մասնագետ` առաջին իսկ օրից ասել եմ` խնդիրը քաղաքական լուծում չունի... խնդիրը այլ դաշտում է լուծելի... իսկ մնացածը ռոմանտիկա է, բարի ցանկություն, քամի ու զգացմունքայնություն....ու հույս...
Վերջում Salam Ermenistan ողջույնի ներքո դուք ինձ կասեք` դու ճիշտ էիր, մենք` սխալ, բայց դա առհասարակ արդեն էլ կարեւոր չի yoldash-ներ ջան... ի դեպ, դուք էդպես էլ չհասկացաք, թե Ազատիչը, կամ նա, ով գրեց իր այդ ելույթը նրա հորդորով, ինչու էդպիսի ձեւակերպում հնչեցրին ու ում էր դա իրականում ուղղված:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՇԱԲԱԹՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏԸ
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանական բռնությունների կապակցությամբ Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ մտավ այս անեկդոտը.
Ոստիկանական բազմաուղեւոր մեքենայով մի խումբ խաղաղ ցուցարարների տանում են բաժին: Երբ անցնում են սուպերմարկետներից մեկի կողքով, բերման ենթարկվածներից մեկը հանկարծակի սկսում է բարձր ձայնով գոչել.
– Վարո՛րդ, վարո՛րդ, մի հատ այստեղ պահիր, շուտ պահիր, շո՛ւտ:
Ուղեկցող ոստիկաններից մեկը կարծում է, թե նա վատ է զգում, հարցնում է.
– Ի՞նչ է եղել, ինչո՞ւ պահի:
– Հիշեցի, որ այսօր 20-րդ անգամ եմ բերման ենթարկվում, հոբելյանական թիվ է, մի հատ տորթ վերցնեմ, նոր բաժին գնանք: