ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ «ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏՆ» ԷԼ ՉԻ ՕԳՆԻ
Վերլուծություն
Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուց հետո բացահայտ և ծպտյալ նիկոլական քարոզչական հարթակներում, այդ թվում Ֆեյսբուքում և Տելեգրամում, իսկական «վրանացավ» սկսվեց: Թե` տեսե՛ք–տեսե՛ք, պայքարը ձախողվեց, «զադնի» դրեց, և այլն: Մինչդեռ ընդդիմադիր ակցիաները շարունակվեցին, և նման է, որ վրանների առկայությունը/բացակայությունը առանձնապես չի ազդում ակցիաների տեմպի վրա: Այս տողերը գրելուց առաջ դեպի Բաղրամյան դուրս եկող աշխատասենյակի պատշգամբից հաճույքով ողջունեցի Բաղրամյանով անցնող բազմամարդ երթը…
ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՒՄ ԷԼ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «վրանացավով» տառապողների առնչությամբ նկատեց. «Իրենց ընդդիմադիր համարող, Նիկոլի ազգակործան քաղաքականությունը չկիսող, բայց «Ֆրանսիայի հրապարակ չեմ գնա, որովհետեւ…» բանաձեւին հետեւողների համար լայնորեն բացվել է հնարավորությունների պատուհան: Եթե ձեր ձեւակերպումներն ազնիվ են, ապա այս պահին հրապարակում չկան դաշնակցականները, հանրապետականները, «նախկինները», «օդիոզները»: Ձեզ տեսնեմ»:
Պարզվեց, որ ամենևին անկեղծ չեն: «Վակուումը» լցնել շտապողներ չտեսանք, իսկ «չհավանների» մեծ մասի մոտ երևակվեց Շարժման ձախողման թաքնված երազանքը: Դե, հետաքրքիր կլինի հետո դիտել նրանց երազախաբությունը: ՀՀԿ փոխնախագահի հեգնանքն էլ տեղին էր. «Քանի որ վրանների թեման ոմանք փորձում են չափից շատ ծանրացնել, մինչեւ կոնսպիրոլոգիական դոկտորականների մակարդակի, մի բան էլ մեր մեջ ես ձեզ ասեմ ու քնեք: Վրանները հանվել են, որ շեղեն ձեզ Հայաստան–Շոտլանդիա խաղի արդյունքից»: Իսկ եթե լուրջ` ապա պրագմատիկ տեսակետից հատկապես երիտասարդ ակտիվիստների համար վրանների գործոնը ոչ մի նշանակություն չունի, սակայն հանրության մի մասը որոշակի դիսկոմֆորտ ապրեց, քանզի վրաններն արդեն հասցրել էին դառնալ պայքարի սիմվոլներից մեկը: Թե արդյո՞ք չի թերագնատվել այդ սիմվոլի դերը` ավելի շուտ մասնագիտական քննության հարց է, սակայն առայժմ ոմանց մոտ նկատվում է դրա ուռճացման միտումնավորությունը:
Իսկ որ կապիտուլյանտները, անկախ գլուխ գովալուց, իրականում հեռու են «արխային լինելուց», ցույց է տալիս պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկումը. «Օր չկա՝ Երեւանի որեւէ կամրջից մեկը չնետվի, վերջին 1 շաբաթվա մեջ 3-րդ ինքասպանությունը, գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ բացառապես սեփական անվտանգության մասին մտածող իշխանությունն անգամ կամուրջների վրա հերթապահություն իրականացնող ոստիկաններին է ետ կանչել, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանն իրեն անպաշտպան չզգա: Դեռ չեմ խոսում բացառապես ընդդիմադիրներին հետապնդելով ու գաղտնալսելով զբաղվող ուժայինների՝ իրենց բուն ֆունկցիաներով չզբաղվելու պատճառով հանցավորության ռեկորդային աճի մասին»:
Իսկ Իշխան Սաղաթելյանը, ում տեղեկատվական դաշտի որոշակի հատվածում ներկայացնում են որպես «լուզեր», այսպես ամփոփ նկարագրում 45 օրվա արդյունքները.
- Շարժումը ցույց տվեց, որ օրվա իշխանության քաղաքականությունը մերժվում է հայ ժողովրդի կողմից:
- Մեր երկրում ստեղծվել է այն մթնոլորտը, որին ձգտում էինք մեր «Զարթնի՛ր, Լաո» կարգախոսով:
- Շարժումը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով, հասնի Արցախ և Սփյուռք. դրա համար բոլոր նախադրյալները կան:
- «Դիմադրության» պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով. մարդիկ դրանում կհամոզվեն:
- Եթե կա խելամիտ մարդ, ով մտածում է, որ Ադրբեջանի կազմում արցախահայությունը լինելու է անվտանգ, նա կա՛մ պետական դավաճան է, կա՛մ իրավիճակից գաղափար չունի:
- Ակնհայտ է, որ Նիկոլն Ալիևի հետ ունի երկիրը հանձնելու ժամանակացույց, որը «Դիմադրությունը» խախտել է:
- Պետք է ձգտենք ձևավորել քաղաքացիական բանակ, որպեսզի ավելի լայն պայքար ծավալենք և հասնենք հաջողության:
- Ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա բացառապես իր օրակարգով:
- Մանդատները վայր դնելու հարց չի քննարկվում. դրանք անհրաժեշտ են լինելու վերջնական արդյունքին հասնելու համար:
- Օգոստոսից հետո «Դիմադրության» շարժման գործիքակազմին կավելանա ևս մեկը՝ վարչապետի իմպիչմենտի գործընթացը: Վարչապետի մեր թեկնածուի հարցը կքննարկենք այդ ժամանակ:
- Նիկոլը ձեռնտու է բոլորին, բացի հայ ժողովրդից: Նա չի կարող խաղաղություն բերել մեր երկրին:
Ի դեպ, միանգամից ակտիվացան բազմոցային «փորձագետները», ովքեր ձգտում էին տեսնել թաքնված, բայց աներևակայելի հակասությունները ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Բայց թարսի պես ՀՀԿ-ի հրապարակային գործիչները ամեն մի գրավոր կամ բանավոր խոսքում շեշտում են իրենց համերաշխությունը Իշխան Սաղաթելյանի հետ:
ԱՐԴՅՈ՞Ք ԻՄՓԻՉՄԵՆԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ
Արդեն հնչել է օգոստոսի 2 ամսաթիվը: Համառոտակի` այդ օրը լրանում է 2021–ին կապիտուլյանտի «վարչապետացման» մեկ տարին, և ըստ Սահմանադրության արդեն կարող է մեկնարկել նրան անվստահություն հայտնելու և պաշտոնանկ անելու գործընթացը: Բայց արդյո՞ք կա այդ ժամանակը, թե՞ այդ հրեշը կհասցնի ամեն ինչ հանձնել:
Իսկ մինչ այդ Նիկոլը Արցախի հանձնումը փորձում է գցել ՀՀ պաշտոնաթող նախագահների գրպանը, և այդ պատկերը մաքուր կլինիկական է: Սակայն Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետը» այդ ստախոսության ռեկորդակրին ոչնչով օգնել չի կարող, ուստի Սերժ Սարգսյանի թիմակիցները արագ և ինտենսիվ արձագանքեցին երրորդ նախագահի վերաբերյալ նրա ծայրագույն հակաբարոյական ստերին: Նիկոլին արդեն հասցրել են կնքել «ծայրապետ» մականունով, և արձագանքներից ներկայացնենք միայն հատված Աննա Հովների շատ բարեկիրթ հրապարակային արձագանքից. «Հիմա ո՞նց է ստացվում, որ 2018–ին Սերժ Սարգսյանը կապ չուներ Արցախը հանձնելու հետ, իսկ 4 տարի անց` ունեցավ: Այսքան անպարկեշտ ո՞նց կարելի է լինել: Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, այ ոչնչությու՛ն: Նույնիսկ կիրթ և կառուցողական ընկերդ այդ հարցում քեզ հետ համամիտ չէ, որովհետև Սերժի օրոք նա ողբում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը…
…Սերժ Սարգսյանին մեղադրել իր իսկ ազատագրած հողը հանձնելու մեջ` կարող է միայն հիվանդ, տգետ և մանկամիտ ուղեղով մեկը: Ցավոք, դու այդպիսին չես. լավ էլ առողջ ես, ուղեղդ աշխատում է, ու մանկամիտ չես: Ինչ արել ես` արել ես սեփական խելքով ու միտումնավոր: Քեզ գժի տեղ մի՛ դիր: Դու մարսում ես անմարսելին 2 պատճառներով. նախ, որովհետև նեռի զավակ ես ու կարողանում ես ստերով լցնել շրջաններում Հ1 նայող մարդկանց ուղեղները: Այդ մարդիկ մեղավոր չեն. այլ տեղեկություն չեն ստանում: Երկրորդն էլ, որովհետև խելոք կատարում ես դրսի այն կազմակերպությունների և անհատների հրամանները, որոնք լցնում են քո գրպանները: Դու սրբություն չունես: Բայց հույսդ մի դիր իրենց վրա. ով, ով` դու լավ գիտես, որ մեկ է գնալու ես: Հողատո՛ւ»:
Իսկ զուտ չոր քաղաքագիտության տեսանկյունից կապիտուլյանտի իրական ծրագրերը զարհուրելի են: Նիկոլի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությանը, թե ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, գրեթե անմիջապես հաջորդել է Ալիևի նոր ռազմատենչ հայտարարությունը: Մասնավորապես՝ Ալիևը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ եթե միջանցքը չբացվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին՝ վստահեցնելով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը:
Ինչո՞ւ է Ալիևը սպառնում, եթե հայկական կողմը անընդհատ խոսում է ճանապարհները բացելու պատրաստակամության մասին՝ շեշտելով, սակայն, որ այդ ճանապարհները գործելու են ոչ միջանցքային տրամաբանությամբ: Կամ Ալիևն ի՞նչ է ակնարկում՝ ասելով, որ Հայաստանը հայտարարություն է ստորագրել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին է խոսքն, ապա այնտեղ «միջանցք» տերմինն օգտագործվում է բացառապես Լաչինի դեպքում: Թե՞ իրականում Նիկոլն այլ բան էլ է ստորագրել՝ ասենք գաղտնի հավելված, որը հենց միջանցք է նախատեսում, այլ ոչ թե ճանապարհ: Ինչևէ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը իրավացի է, որ Նիկոլին պետք է կանգնեցնել ցանկացած ձևով: Ցանկացած ձևն ընդունելի է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ