Մոտ 3 միլիոն դոլար` մի շարք ԶԼՄ-ներ եւ ՀԿ-ներ ամերիկյան ազդեցության տակ առնելու համար
Ներքաղաքական
Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը, միայն անցած տարի` 2021 թվականին 2.766.662 դոլարի դրամաշնորհ է տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին: Ընդ որում` համեմատելով մինչեւ պատերազմը NED-ի տրամադրած դրամաշնորհների հետ, պետք է նկատենք, որ հետպատերազմյան Հայաստանում տրամադրվելիք դրամաշնորհների ընդհանուր գումարը գրեթե կրկնապատկվել է (2019 թվականին այն կազմում էր 1,5 միլիոն դոլար):
Իրականում առաջին հայացքից տպավորություն կարող է լինել, որ դրամաշնորհներն ազնիվ նպատակների համար են տրամադրվում, սակայն սրանով ԱՄՆ-ն շարունակում է իր ազդեցությունը ոչ միայն ուժեղացնել Հայաստանում, այլեւ ստեղծել որոշակի տրամադրություններ, մասնավորապես` պրոամերիկյան եւ հակառուսական ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Առնվազն այս մասին է փաստում NED-ից դրամաշնորհ ստացածներից շատերի՝ այս օրերին ներկայացվող դիրքորոշումները, որոնք մեծամասամբ ուկրաինասեր են եւ ռուսատյաց: Ովքե՞ր եւ ինչքա՞ն գրանտ են ստացել NED-ից անցած տարի եւ ինչի համար, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել:
Այսպիսով` Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնին նախորդ տարի NED-ը տրամադրել է 388.903 դոլար` բիզնեսի շահերի պաշտպանության եւ հետպատերազմյան Հայաստանում տնտեսության վերականգնմանը խթանելու համար: Իսկ Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարության ինստիտուտին տրվել է 247.000 դոլար: Ինստիտուտը երիտասարդ կուսակցական ակտիվիստներին «կզինի» հաղորդակցման, իրազեկման եւ քաղաքական կազմակերպման փորձով` պատրաստելով բացառիկ երիտասարդ կուսակցական ակտիվիստների մի խումբ, որոնք կդառնան դասընթացավարներ` իրենց իսկ հասակակիցների համար:
«Համերաշխության կենտրոնը» ստացել է 470.000 դոլար, որպեսզի աջակցի արհմիություններին ընդլայնելու իրենց համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Իսկ «Տեղեկատվական կոմիտե» ինֆորմացիոն ՀԿ-ն ստացել է 72.981 դոլար` Ինֆոքոմ նորությունների ագրեգատորի համար: Հատկանշական է այն, որ այս կազմակերպությունը ի սկզբանե եղել է` որպես Տելեգրամ ալիք` 2018 թվականի «թավշյա» իշխանափոխության մասին զեկուցելու համար եւ հայտնի է հրապարակումներն ընդլայնելու փորձով։
EVN լրատվական հիմնադրամը ստացել է 71.449 դոլար` խոստանալով իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով նպաստել Հայաստանում հիմնական քաղաքական զարգացումների, մասնավորապես` երկրում բարեփոխումների եւ ժողովրդավարացման վիճակի քննարկմանը: Իսկ «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն ստացել է 15.355 դոլար` խթանելու արդյունավետ քննարկումները քաղաքացիական հասարակության եւ պետական պաշտոնյաների միջեւ: Եվս 58.036 դոլար ստացել է, որպեսզի բարելավի քաղաքականության մասին քննարկումների քանակն ու որակը Հայաստանում: Կազմակերպությունը դասընթացներ եւ աջակցություն կտրամադրի երիտասարդներին Երեւանից դուր: Իսկ «Ֆակտում» ՀԿ-ն ստացել է 53.400 դոլար, որպեսզի բարձրացնի, այսպես ասած, անաչառ մեդիա բովանդակության հասանելիությունը Հայաստանում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որի նախագահն է Արաքս Մելքոնյանը, ստացել է 99.960 դոլար, որպեսզի նպաստի դատաիրավական բարեփոխումներին Հայաստանում: Դրամաշահառուն հետազոտություն կանցկացնի եւ քաղաքական առաջարկներ կանի դատախազության բարեփոխման վերաբերյալ: Իսկ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն- Հայաստան» հիմնադրամը, որի ղեկավարն է Սոնա Բալասանյանը, ստացել է 61.600 դոլար, որպեսզի նպաստի Հայաստանում առկա տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրավիճակի օբյեկտիվ ըմբռնմանն ու ապատեղեկատվությանը հակազդելուն:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանն է, ստացել է 220.127 դոլար` ընտրությունների մոնիթորինգի եւ քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ, իհարկե, էլ ինչ ամերիկյան գրանտ` առանց Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի: Նրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն NED-ից ստացել է շուրջ 145.000 դոլար, որպեսզի նպաստի հանրային բանավեճին` արտաքին քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:
Գյուլնարա Շահինյանի «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն ստացել է 61.374 դոլար` Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար ո՛չ ավել, ո՛չ պակաս հիմքեր ստեղծելու համար: Կազմակերպությունը խոստացել է աջակցել հակամարտությունների ազդեցության տակ գտնվող համայնքներում տեղական նախաձեռնություններին եւ երիտասարդ ակտիվիստների համար ցանցային հնարավորություններին: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» եւս անմասն չի մնացել NED-ի գրանտներից` ստանալով շուրջ 44.582 դոլար` նպաստելու ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Իսկ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը, որի նախագահն է Մարինա Պողոսյանը, ստացել է 53.710 դոլար, որի շրջանակում ՀԿ-ն նպաստելու է կոռուպցիոն պրակտիկայով զբաղվող նախկին եւ ներկա պետական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելուն եւ բարձրացնելու է կոռուպցիայի մասին իրազեկվածությունը` խթանել արդարադատության հասանելիությանը Հայաստանում:
57.075 դոլար էլ ստացել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն, բայց ոչ նրա համար, որ այս ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Ղուկասյանը սոցցանցում գրեր «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին», ինչպես որ արել է, այլ նպաստելու ուսանողների զանգվածային ակտիվությանը եւ համալսարանական բարեփոխումների գործընթացներին` դասընթացներ անցկացնելով Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի ուսանողության շրջանում: Իսկ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն, որի ղեկավարն է Հասմիկ Մխիթարյանը, ստացել է 48.920 դոլար, որպեսզի նպաստի Գյումրիում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը` բարձրացնելով տեղեկատվության հասանելիությունը:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, որին պատկանում է «Հետք» լրատվական կայքը, ստացել է 191.912 դոլար: Լրատվամիջոցների շարքում «Առավոտ» օրաթերթը` ստացել է 78.622 դոլար, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն, որին պատկանում է համանուն կայքը, ստացել է 51.000 դոլար, «Բուն TV»-ին ներկայացնող համանուն գիտամշակութային հիմնադրամը ստացել է 90.200 դոլար, «Մելտեքս» ՍՊԸ-ն, որի տնօրենն է «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարը, ստացել է 57.720 դոլար, «Ամբրելա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ն, որին պատկանում է «Մեդիալաբ» լրատվական կայքը, ստացել է 59.400 դոլար, «Սիվիլիթաս հիմնադրամը», որին պատկանում է «Սիվիլնեթ» լրատվական կայքը, ստացել է 76.107 դոլար:
Իսկ «Ալիք Հայաստան» նախաձեռնությունը ստացել է 63.717 դոլար, որպեսզի հեռարձակի ամենօրյա լրատվական հաղորդումներ առցանց` օգտագործելով իր կայքը եւ սոցիալական մեդիան: 199.942 դոլար էլ ստացել է «Հանրային օրակարգ» ՀԿ-ն, որը զբաղվում է «Անալիտիկոն» ամսագրի թողարկմամբ:
«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամ»-ը, որի տնօրենն է Ռիչարդ Գիրագոսյանը, ստացել է 37.883 դոլար` հետպատերազմյան համատեքստում Հայաստանի անվտանգության եւ անկախության վերաբերյալ քննադատական մտածելակերպը խթանելու համար: Իսկ Դավիթ Պետրոսյանի «Ռեսթարտ» ուսանողական շարժումն իր համանուն հիմնադրամի անունով ստացել է 64.930 դոլար, որպեսզի նպաստի տարածաշրջանային երիտասարդական խմբերի կարողությունների ներգրավմանը քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության մեջ` կառուցելով քաղաքացիական մտածողություն ունեցող երիտասարդների ազգային ցանց:
Առավել ուշագրավ է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պատկանող «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ստացած 48.784 դոլար դրամաշնորհը: Պարզվում է` նա պետք է խթանի ոչ միայն Հայաստանի անվտանգության եւ անկախության վերաբերյալ քննադատական մտածողությունը, այլեւ հետազոտություն պետք է անցկացնի Հայաստանի անվտանգության տարբերակների վերաբերյալ` կազմակերպելով ֆոկուս խմբեր Սյունիքի մարզի երեք քաղաքներում եւ պատրաստելով ինչ-որ քաղաքական փաստաթղթեր: Եվ սա դեռ ամենը չէ, մշտապես հակառուսական դիրքերից հանդես եկող Ստեփան Գրիգորյանն ամերիկյան գումարներով պետք է կազմակերպի ճանաչողական այցեր ո՛չ ավել, ո՛չ պակաս ռուս լրագրողների համար` հեշտացնելու հայկական հետպատերազմյան համատեքստի ըմբռնմանը եւ ռուսերեն վերլուծական զեկույցների պատրաստմանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ