Մերժելով Սերժ Սարգսյանին` մերժեցիք պետականությունը
Վերլուծություն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ իրենք Սերժին էին մերժում, մենք կարծում էինք, որ իրենք ընդամենը Սերժ Սարգսյանին են մերժում, սակայն պարզվեց, որ դա ավելի լայնամասշտաբ մերժում է։
Երբ իրենք գեներալներին էին մերժում, մենք կարծում էինք, որ մերժում են բանակի անօրինականությունները, սակայն ուշ հասկացանք, որ բանակ հաստատությունն են մերժում։
Երբ իրենք եկեղեցականներին էին մերժում, կարծում էինք, որ մերժում են որոշ եկեղեցականների ցոփ կյանքն, ընչաքաղծությունը, սակայն ուշ հասկացանք, որ մերժում են եկեղեցին ու քրիստոնեական պատվիրաններն առհասարակ»:
Այդ «երբ»–երի շարանը երկար է, և քաղաքագետը դա եզրափակում է այսպես. «Երբ այդ ամենը սկսեցինք հասկանալ, պարզվեց, որ արդեն չունենք բանակ, արժանապատվություն, ինքնապահպան բնազդ ու մեզ միմյանց էլ ոչինչ չի միավորում»: 2019-ին` դեռևս մինչև 2020-ի կապիտուլյացիա, Դանիելյանը իրավիճակը նկարագրում է որպես «հաղթանակած նիհիլիզմի խրախճանք», և իրավացիորեն նշում, որ եթե Ռուսաստանում և Եվրոպայում նիհիլիզմը դարձավ սոսկ գրականության և արվեստի լուսանցքային հատված, ապա Հայաստանում նիհիլիզմը դարձավ իշխանություն:
Իշխանություն դարձած նիհիլիզմը ոչ այլ ինչ է, քան պետականության մերժում, որը և տեղի ունեցավ պետականության բոլոր բաղադրիչները հերթով մերժելու տեխնոլոգիայով: Այսինքն դուք` 2018-ին հրապարակ լցված քաղաքացիներ, մերժելով Սերժ Սարգսյանին, փաստացի մերժեցիք պետականությունը:
Լուսանկարում ներկայացված 2018-ի վաղ գարնան ձեռքսեղմումը ոչ այլ ինչ էր, քան Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գեղեցիկ շախմատային էտյուդ: Լոնդոնն ու Մոսկվան այն ժամանակ դեռևս ոչ թե թշնամիներ էին, այլ մրցակիցներ, և համապատասխանաբար Լոնդոնում և Մոսկվայում զգալի ազդեցություն և լայն կապեր ունեցող այս երկու այրերի ձեռքսեղմումը խորհրդանշում էր երկու շատ խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հավասարակշռում և համադրում մեր երկրում` ի շահ Հայաստանի: Եվ Կարեն Կարապետյանի ու Արմեն Սարգսյանի համատեղ աշխատանքը նույն թիմում, անկասկած, օգուտ կբերեր մեր երկրին, եթե չլիներ պետականություն մերժողների աղետալի տարերքը:
Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ պարտվել էր ոչ թե կապիտուլյան Նիկոլին, այլ շատ ավելի հզոր ուժերին: Այն ուժերին, որոնց պետք էր «էժան բանակցող», որը ցանկացած բան կհանձնի իր անձնական իշխանության երկարաձգման դիմաց...
Բնականաբար, ի դեմս Սերժ Սարգսյանի պետականությունը մերժելուց հետո այս երկու այրերը, մեղմ ասած, էլ չէին կարող պոզիտիվ աշխատանք կատարել, և փաստացի դարձան դեստրուկտիվ: Կարեն Կարապետյանն ինչ–ինչ պատճառներով (ինչի առնչությամբ նրան հարցեր կան) չստանձնեց ՀՀ Երրորդ նախագահի հրաժարականից հետո իրեն փոխանցած իշխանությունը և թույլ տվեց, որ իշխանությունը զավթի կապիտուլյանտ Նիկոլի գլխավորած օտար շահերի սպասարկու նիհիլիստների բանդան, իսկ Արմեն Սարգսյանը դարձավ իշխանազավթների պասիվ կցորդ: ՀՀ Չորրորդ նախագահը քաղաքացիների հուշերում մնաց ոչ միայն որպես երեխաների հետ պաղպաղակ ուտող ձրիակեր, այլև որպես այն ֆիգուրը, որը 2020-ի 44-օրյա «խոսացված» պատերազմի ժամանակ ստանձնել էր Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի անձեռնմխելիության երաշխավոր, որը խողովակների վրայից փոշու հատիկներ էր սրբում... Այսինքն` որպես օտար ուժերի սպասարկու:
Այսպիսով այս պատմական լուսանկարը ցույց է տալիս, որ մեծ կարողությունով օժտված հայ գործիչները կամա թե ակամա բացասական դերակատարներ են դառնում, երբ մերժվում է պետականությունը:
Անշուշտ, 2018-ի մերժողներից շատերը ուշացումով հասկացել են, որ չորսուկես տարի առաջ մերժելով Սերժ Սարգսյանին, մերժել են Հայոց պետականությունը: Սակայն նրանցից փոքրամասնությունը միայն զղջացել է իր անմիտ վարքագծի համար: Մեծամասնությունն ընտրել է հոգեբանական ինքնապաշտպանության ուղին` ոմանք ուրանում են, որ մասնակցել են մերժման շարժմանը, և մաքրել հետքերը սոցիալական ցանցերում, ոմանք էլ նախընտրտում են «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» տխմարագույն բանաձևը, միայն թե իրենք իրենց չխոստովանեն, որ 2018-ին սխալ են: Եվ իհարկե (2021-ի ընտրությունների արդյունքները վկա) կա պետականամերժների ընդարձակ և գարշելի շերտ, որոնց խորթ է ազգային պետություն ունենալու գաղափարը որպես այդպիսին, ովքեր միայն ստամոքսով մտածող ստրուկի հոգեբանության կրողն են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ