ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՉԴԱՏԵՆ ՀԱՅ ԾՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վերլուծություն
Կապիտուլյանտ Նիկոլը «ջհանդամվեց» Բրյուսել, սակայն շտապեց թողնել չարագուշակ հետքեր: Աղավնոյի և Բերձորի տեղահանված բնակիչների դեմ քրեական վարույթ է սկսվել սեփական տները վառելու և թուրքին չթողնելու համար... Ո՛չ, սա հոգեբուժարանում գրված տողեր չեն, այլ զարհուրելի փաստ: Եվ ի լրումն շտապ ձերբակալեցին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին և նշանակեցին մեղավոր Շուշին հանձնելու համար:
ՍԱՏԱՆԻԶՄԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Արցախցի Նարինե Ավանեսյանը զայրույթով արձանագրում է. «Մարդկանց իրենց հայրենիքից, տներից, ապրուստի միջոցներից թուրքի վաստակները զրկել են, բայց որ իրենց սեփական տներն այդ մարդիկ հրկիզել են՝ իրենց նկատմամբ քրեական գործ են հարուցել:
Սրանց չի կարելի թուրքի հետ համեմատել, թուրքն իր հայրենակցի վերաբերյալ այսքան անասուն չի կարող լինել:
Իսկ հնարավորի չի՞ մի օր էլ Շուշին, Քարվաճառը, Բերձորն ազատագրողների նկատմամբ էլ քրեական գործեր հարուցեք, մեր նկատմամբ, որ տարիներ շարունակ ռմբակոծությունների տակ նկուղներում ապրել ենք ու Արցախը չէինք հանձնել…
Հետո մարդկանց միջոցով փոխանցում է, որ իր մասին քըխ բաներ չգրեմ: Բա քո մասին ինչպե՞ս արտահայտվեմ, այ շան թուլա»:
Թե Արցախի որ պաշտոնյան է արժանացել «շան թուլա» տիտղոսի` շատ շուտով կիմանանք, հիմա դիմակները պատռվում են տիեզերական արագությամբ, սակայն փաստը մնում է փաստ, որ գաղութարարների կամակատար կապիտուլյանտ Նիկոլի ցանկացած հանձնարարություն կատարողը, խունտայի հետ խամագործակցող հանցակիցը` կոլաբորանտը, միանշանակ թուրքից վատթար է: Զի նա պտուտակն է մի հրեշավոր մեխանիզմի, որը հետևողականորեն Հայոց լեռնաշխարհում իրականացնում է գերագույն սատանիստական առաջադրանք: Այո՛, այդպես է, այլապես ինչո՞ւ նույն Ալիևը «հաղթանակներ» է նվեր ստանում հատկապես իր և իր քվազիպետության համար խորհրդանշական օրերին: Քաշաթաղն էլ նվեր ստացավ հենց Մեհրիբանի ծննդյան օրոք, իսկ մինչ այդ գրվել էր, որ Արցախի հերոս Ժաննա Գալստյանի կողմից «գյալմա» որակված տխրահռչակ Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին արգելել էր տներն այրել: Այսինքն` մարդկանց սեփականությունը բացեիբաց վաճառել են թշնամուն և հոգ են տարել, որ «ապրանքը» փչացնող չլինի: Իսկ, օրինակ, «Բերձոր» ցուցանակը թողել էին տեղում, որ թուրքը ջարդի, երևի գնորդ չէին գտել: Այս չարչիների համար դրանք սոսկ տառեր են, այլ ոչ թե սրբազան այբուբենի նշաններ, ու թեև փողից հոտ չի գալիս, սրանք չեն հասկանում, որ իրենցից և իրենց ժառանգներից մանաթների գարշահոտը առհավետ պոկ չի գա:
Ինչ վերաբերում է գեներալ Արզումանյանին և մյուս գեներալներին, ում վրա Նիկոլը հիմա «դուրս է գրում» սեփական դավաճանությունը, ապա նրանց հիմնական մեղքն այն է, որ պատերազմի պայմաններում ակնհայտ պետական դավաճանին ձերբակալելու փոխարեն կատարում էին նրա հրամանները: Իրենց մեղքը չքավեցին նաև 2021-ին Նիկոլի հրաժարականի պահանջ դնելով, քանզի չհամարձակվեցին այդ հրաժարականն ի կատար ածել` փողոցում ալեկոծվող Ազգի աջակցությամբ: Վախեցան պատասխանատվություն ստանձնել, իրենց պահեցին ոչ թե Ազգ-Բանակի ռազմիկի, այլ նյութապաշտ և մորթապաշտ չինովնիկի պես:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆՈՂԻՆ ԺԵԽԱՍՏՐՈՒԿՆ ԱՏՈՒՄ Է
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իրավամբ արձանագրում է. «Մեր տարածաշրջանում եթե դու հրաժարվում ես ազգ-բանակ լինելուց, ապա անխուսափելիորեն դառնում ես «ազգ՝ ազգագրական թանգարան»: Թանգարանային ցուցանմուշ հայի պիտակը կարող է անգլերեն լինել, կարող է ռուսերեն, չի բացառվում՝ թուրքերեն: Միայն թե ադրբեջաներենով պիտակներ չեն լինի, որովհետև «ոխերիմ հարևանները» մեզ նույնիսկ ազգագրական թանգարանի կարգավիճակ տալուն համաձայն չեն»:
Այո՛, այդպես է, վկան` Գերմանիայի ցուցադրությունը, ուր գրված էր. «Ուրարտու. Ադրբեջան»: Պատասխանատվություն չստանձնելու, իր բաժին քայլ չանելը դրանով է ավարտվում: Որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները եւ քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժն ա մեղավոր» պարբերական նոպաներով: Դաշտում առկա մեկ այլ սխալ տեսակետ էլ կա, իբր «Սաղ ժողովուրդն է մեղավոր»: Իսկ Սերժ Սարգսյանին թիրախավորում են, քանզի նրա գլխավորած ՀՀԿ-ն պատասխանատվություն ստանձնողների կուսակցություն է, ամեն գործին պատասխանատու վերաբերվողների թիմ: Թիմը գլխավորող գրոսմայսթերին ատում են ժեխն ու ստրուկը, քանզի ժեխին ու ստրուկին, հավասարապես` նաև ժեխապետին, արգելված է շախմատ սովորելը: Նրանցը ջեբկիրությունն է...
ՀՀԿ խորհրդի անդամ, վերլուծաբան Լևոն Նազարյանը, արձանագրելով, որ սրանք շախմատ խաղալ չսովորեցին, շեշտում է. «Իմ համակրանքը Սերժ Սարգսյանի հանդեպ սկզբունքային է, որովհետև նա է մեր անկախության պատվարը, իսկ մենք վիզներս ծուռ չենք ուզում ապրել...
Եվ հետո՛, կա մի հանգամանք ևս, որի համար շատերդ ատում եք նրան, նա միակն էր, ով ունակ եղավ տղամարդավարի կտրել ու քողազերծել հյուսված խարդավանքի սարդոստայնը...
Երբ դու սուվերեն ես, դու ինքդ պետք է հաշվես քո քայլերը՝ ճիշտ շախմատի պես...
Երբ դու գուբերնիստ ես, քո իսկ քայլերը հաշվում են քո փոխարեն...»:
Վերլուծաբանը մատնանշում է, որ «գուբերնիզմը» որպես երևույթ, որպես «Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների պղծում» 2018-ի նիկոլիզմի հաղթարշավի ուղղակի ծնունդն ու հետևանքն է: Իսկ 2020-ի կապիտուլյացիայի ակտից հետո ծաղկեց մեզ ոչ միայն բարոյական, այլև ռեալ ֆիզիկական մահով սպառնացող «վիլայեթիզմը»` զազրելի թրքահպատակությունը: Դրա թունավոր սերմերը Նիկոլը ցանում է դեռ պատանեկության տարիներից ի վեր, գերազանցելով իր «հոգևոր հայր» Լևոն Ակոպիչին: 2018-ին անարվեստ և կիսատ փորձում էր «հեղափոխական» պոպուլիզմով մի կերպ քողարկել, իսկ անիծյալ 2020-ից հետո խաղը լրիվ բաց է, և կտրուկ ինտենսիվացավ նորանոր հանցակիցներ փնտրելու գործընթացը: 2021-ի արտահերթ ընտրություններն էլ ոչ այլ ինչ էր, քան բնակչության մի զգալի մասին հանցակից դարձնելը: Քաղաքական դաշտին էլ մղեց մի տիրույթ, ուր Լևոն Նազարյանի բնորոշմամբ ունենք. «Խարդավանքներ, դավադրություններ, գեղջկական շուստրիություններ ու շախմատի հանդեպ արհամարհական վերաբերմունք»: Արդեն կա սեպտեմբերի 2-ին մահվան օղակում հայտնված Ստեփանակերտ հասնելու պրոբլեմ` ՔՊ-ականների լպիրշ հայտարարությունների ֆոնին, որ Արցախի համար «ապագա կա» Ադրբեջանի կազմում: Ինչպես նկատում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Իշխանավորներն ասում են՝ Արցախի ղեկավարությունից հրավեր չենք ստացել մասնակցելու սեպտեմբերի 2-ի միջոցառումներին: Փաստորեն հասանք տեղ. մինչև պաշտոնական հրավեր չլինի՝ սրանք Արցախ չեն գնում: Շուտով Ալիեւը Շուշի կհրավիրի թեյ խմելու ու մուղամ լսելու… երևի խելոք էլ կգնան: Մեզ բոլորիս հասնում է…»: Կգնան, համանախագահ երկրների դեսպանները խորշում են գնալ, բայց սրանք չեն խորշի:
Ազգին ու պետությանը մահով սպառնացող այս վիճակից ելք կարող է գտնել միայն վճռական և պատասխանատու փոքրամասնությունը, որին առաջնորդում է ոչ թե հերթական «փրկիչը», այլ սառնասիրտ հաշվարկողը: Եվ ընդհանրապես մոռացեք «փրկիչ» և «փրկություն» կատեգորիաները, դրանք անցած դարաշրջանի մնացուկներ են: Հիմա պատասխանատու մարդկանց ժամանակն է: Հա, ու որպես պատասխանատու քաղաքացիներ կողքից զազրախոսելու փոխարեն սեպտեմբերի 2-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ` մեկ մոմը նախընտրելի է խավարին հասցեագրված հազարավոր նզովքներից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ