ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՆՈՐ ՆՈՐՄԱԼ»
Վերլուծություն
Վլադիվոստոկում Վլադիմիր Պուտինը շատ հանգամանորեն շարադրեց, թե ինչ է ինքնորոշման իրավունքը, և ինչպիսին է դրա կիրառման օրինական և քաղաքակիրթ ձևը: Թվում էր, թե լավ առիթ էր, որպեսզի Հայաստանը, ի դժբախտություն մեզ, ներկայացնող Նիկոլը առաջ տանի Արցախի ինքնորոշման հարցը, բայց ծպտուն չհանեց: Երևի, թուրք տերերին խոսք էր տվել, որ ինքնորոշումից ու ցեղասպանությունից չի խոսելու: «Արա՛, Պուտինը քեզ պաս տվեց, որ ինքնորոշման հարց բարձրացնես, ինչո՞ւ ձեն չհանեցիր»,- վրդովված հարցադրում է Էդուարդ Շարմազանովը:
ԳԻՔՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿՈՒՄ
Դե, դավաճանի փեշակն էլ դա է, և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում արձանագրում է. «Կարևոր հարցերից մեկը, որտեղ բացահայտվում է Նիկոլի դավաճանությունը, սա է՝ ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի Հանրապետությունը: Հայաստանը կորցրել է առնվազն 2 հնարավորություն պատերազմի ընթացքում ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը: Առաջինը ռուսական զինադադարն էր՝ հոկտեմբերի 10-ին, 2-րդը՝ ֆրանսիական զինադադարը՝ 17-ին: Երկու դեպքում էլ կողմերը ընդունեցին այն, բայց Ադրբեջանը կրկին խախտեց»: Ի դեպ, վկայություններ կան, որ այդ ժամանակ Մոսկվայից հուշում էին` ԱԺ-ով այդպիսի քայլ անել, սակայն ՔՊ-ական և ԱԺԲ-ական քարոզչամիջոցներն առաջ են տանում այն թեզը, որ ռուսներն էին արգելում ճանաչել Արցախի անկախությունը:
Իսկ Վլադիվոստոկում Նիկոլն ընտրեց գիքորությունը, խեղճի ու վախից դողացողի կեցվածքը: Պաշտպանության նախկին փոխնախարարի գնահատականով. «Նորին գերազանցություն կապիտուլյանտի խրոխտ ելույթը ցանկացած գիտակից հայի մոտ առնվազն ամոթի զգացում պետք է առաջացներ: Ինչպես ասում են՝ «За державу обидно».
Նիկոլը ասում է, որ աշխարհում հեշտ ժամանակներ չեն, և ինքն իրեն հռետորական հարց է տալիս «…իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել»: Սա հայտնի ճշմարտություն է քաղաքականության համար: Երբեք էլ հեշտ ժամանակներ չեն լինում, և քաղաքական լիդերների խնդիրն է ամենաբարդ ժամանակներում արժանապատվորեն պաշտպանել, կռիվ տալ և արդյունքներ ապահովել սեփական պետության ու ժողովրդի համար: Իսկ ի՞նչ է արել Նիկոլը: Ողբերգությունների, տարածքային ու մարդկային կորուստների, ցավալի ու ամոթալի իրադարձությունների, պետականության հիմքերի խարխլումների և քաղաքական խայտառակությունների մի ամբողջ էպոպեա: Հայաստանում շատերն այդ հարցը կտային Նիկոլին. «բա որ գիտես, որ հեշտ ժամանակներ չեն լինում, ու միևնույն ժամանակ դավաճան չես, ինչո՞ւ ես քո տգետ քաղաքականությամբ մինչև վերջ կործանման տանում Հայաստանն այս բարդ ժամանակների աշխարհում»: Նաև ազնիվ կլիներ, որ այդ միտքն ասելուց հետո Նիկոլը շնորհակալություն ասեր նախկին նախագահներին՝ բոլոր ժամանակների բարդ իրադարձություններում երկիրն անվտանգ պահելու, ուժեղացնելու, կայունացնելու և զարգացնելու համար»:
Բայց կապիտուլյանտն իհարկե հավերժ ապերախտ է: Մինչև հիմա նախկին նախագահների արածներն է լափում ու իրեն է վերագրում նրանց ստեղծածը: Նա գովերգում էր Եվրասիական տնտեսական միությունը՝ ասելով, որ այն լիովին արդարացրել է իրեն, և Հայաստանը շարունակում է մեծ օգուտներ քաղել այդ միությունից: Բայց մոռացավ հենց այդ պահին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին և այդպես արդար կլիներ: Իսկ ավելի արդար կլիներ, եթե նշեր նաև, որ հենց ինքն էր Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Նա ինքնագոհ տոնով և անգրագետ ռուսերոնով պատմում ու հպարտանում էր Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհով, ու ևս մոռացավ շնորհակալ լինել Սերժ Սարգսյանից, այդ նախագծի և կատարված հսկայական աշխատանքի համար:
«Պետության շահերն իրեն չեն հետաքրքրում, բայց փոխարենը մի քանի անգամ ընդգծեց, որ ինքը հավատարիմ է Ռուսատանին, և պետք չէ հավատալ այն ուժերի, որոնք Մոսկվայում իրեն դիտարկում են որպես արևմտամետ:
Նիկոլի վախերը հասան գերադրական աստիճանի, երբ ՌԴ նախագահը, խոսելով Ուկրաինայի մասին, վերջինիս ռեժիմը որակեց ոչ լեգիտիմ և իշխանազավթ: Վլադիմիր Պուտինը, կարծում եմ, քաղաքակրթությունից ելնելով, ուղղակի չասաց, որ փողոցով իշխանություն զավթած և արևմտյան տեխնոլոգիաներ կիրառած ռեժիմի ներկայացուցիչներից մեկն էլ նստած է հենց իր կողքին:
Վլադիվոստոկյան արկածներն այսքանով չեն ավարտվում: Նիկոլի ելույթն ու հարցուպատասխանը կարելի է երկար քննարկել: Բայց եղածն էլ բավարար է, որպեսզի արձանագրենք մեր պետությանը պատուհասած հերթական խայտառակությունը»,- արձանագրում է Արտակ Զաքարյանը: Պատահական չէ, որ այդ ոչնչությանը Պուտինը դիմեց Նիկոլով: Կարող էր Նիկոլիկ կամ Կոլիկ էլ ասեր, կարող էր «ճլոտի» էլ տար, բայց երևի զզվեց այդ ստրկամիտ արարածից:
ԱԶԳԱԴԱՎ ՎԱԽԿՈՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նոր տեղեկատվական գրոհ է սկսել՝ անընդհատ պաշտոնական տեղեկություններ տարածելով առաջնագծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը պարտաճանաչ ձևով հերքվում է ՀՀ ՊՆ-ի կողմից: Թե ինչ է եղել Բրյուսելում՝ փակ դռների հետևում, և ինչ նոր պահանջներ են իջեցվել կապիտուլյանտին, դեռ դժվար է ասել, սակայն այն, որ Ադրբեջանը շտապողականություն է դրսևորում, շատ հստակ է: Սակայն փաստ է, որ ՔՊ-ական քարոզչամեքենան ու խունտայի զազրելի դեմքերը զոնդաժ են անում, թե հանրությունն ինչպես կընդունի թուրքի առաջ մինչև վերջ «կզելը»: Օրինակ, «դոկտոր մահ» Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանից անկախ ճանաչելը միշտ էլ ինքնախաբեություն է եղել, և անգամ հասավ արցախյան երեք պատերազմների ազերի զոհերին կարեկցելուն և նրանց վերքերը լիզելուն:
Դրանից վրդովվեց անգամ այնպիսի դժգույն կերպարը, ինչպիսին է նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը, ով հիշեցրեց Մադրիդյան սկզբունքներով տարվող բանակցությունների մասին և հիշատակելով Սերժ Սարգսյանի օրոք եղած այն իրողությունը, որ փակ դռների հետևում, հենց Ալիևի խոստովանությամբ, Ալիևին ստիպում էին Արցախի անկախությունը ճանաչել: Մինչև 2018-ը Արսեն Թորոսյանի պես մեկը ոչ միայն հրապարակավ, այլ նույնիսկ շշուկով, սեփական խոհանոցում սուրճ խմելիս կվախենար բարբաջել այդպիսի բաներ: Քանզի այդ ժամանակ դա հանրայնորեն ծայրահեղ ամոթ էր, վկան` Գեորգի Վանյանի կերած քոթակը Գյումրիում ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու փորձի համար:
Եվ ահա հանրային հուսալքության և նվաստացման ֆոնի վրա հայտնվում է տեսանյութ, թե ինչպես հայ ռազմիկ Տարոն Անդրեասյանը միայնակ մարտնչում է մի քանի տասնյակ ասկյարների դեմ, արհամարհանքով մերժում` հանձնվելու առաջարկությունը, թշնամիներին վախկոտ որակում և գերադասում զենքը ձեռքին մեռնել, քան անցնել գերության նվաստացուցիչ դժոխքով: Այժմ դա ընկալվում է որպես բացառիկ հերոսություն, մինչդեռ օրինակ 2016-ին դա մեր զինվորների վարքագծի նորմն էր: Կարո՞ղ եք մտաբերել 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում գերի հանձնվելու գոնե մեկ դեպք մտաբերել: Չեք կարող, «նախկինների» ժամանակ գերի հանձնվելն ամոթ էր: Իսկ հիմա գերի ընկնողներին քիչ է մնում հերոսացնեն:
«Որ ասում եմ գերի հանձնվողը հերոս չի, կամ «Կառաբախ Ազեռբայջան» գոռացողը հերոս չի, սկսում էիք ականջահաճո ու սրտաճմլիկ մտքեր արտահայտել: Հուսամ համացանցում տարածված տեսաձայնագրությունից հետո առհավետ կլռեք, որովհետև տեսաձայնագրության մեջ երևացող տղեն` Հերոսը, միայնակ մի ձեռքում ավտոմատ, իսկ մյուսում` նռնակ, ադրբեջանցիներին ապացուցեց, որ Հայ ազգը կզող չի, որ հանուն Հայրենիքի իրենց կյանքը տվածները կզողներ չեն, որ Արցախի համար պայքարը հավերժ է, իսկ կյանք տալը` պատիվ: Միայնակ մի քանի տասնյակ շակալների դեմ էդ տղեն իր կյանքը տվեց: Ինքը հանուն ամեն ինչի իր կյանքը տվեց, այլ ոչ թե հանուն ոչնչի: Ինքը փամփուշտներն օգտագործեց մի քանի շակալի կյանք խլելու համար, կռվելու համար, այլ ոչ թե զարդեր սարքելու: Էդ տղեն հերոսաբար ընկավ, բայց չխոնարհվեց, չկզեց, չնահանջեց»,- արձանագրում է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը: Սակայն ստրկամիտ և թրքահպատակ ժեխերն ու ժեխապետերը չեն լռում, զի ամբողջովին կորցրել են ամոթը:
1992-ի փառահեղ հաղթանակներից, Շուշին ու Բերձորն ազատագրելուց 30 տարի անց՝ 2022-ին մենք լքեցինք Լաչինը՝ վերջին նյութական մնացորդը մեր երբեմնի հաղթանակի, որը հասցրեց 30 տարի ապրել, շնչել որպես նորից հայկական դարձած Բերձոր: Լքեցինք անփառունակ, անամոթ, անպատիվ, ինչպես որ մինչ այդ նույն՝ անփառունակ, անամոթ, անպատիվ կերպով թողեցինք Շուշին, Քարվաճառը...
Դառն ու անպատմելի ամոթ և խայտառակություն է: Ամոթ, որն անպայման պետք է վերապրել, առանց փորձելու փախչել, խուսանավել, արդարանալ: Առանց դրա հնարավոր չէ Հայաստանի ապագայի որևէ առողջ հոգեբանական հիմք: Պարտության արդարացումներ փնտրելը, առավելևս` դրանով հպարտանալը, նշանակում է Հայաստանի ապագայի վրա խաչ քաշել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ