ՎԵՐՋՈՒՄ ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ «ԲԱՅՐԱԿԹԱՐ» ԸՆԿԱՎ
Վերլուծություն
Կապիտուլյանտի «հեքիաթը» «խաղաղության օրակարգի» մասին տվեց առավել քան այլանդակ պտուղներ: Մազութստանի սուլթանը հայտարարում է, որ Հայաստանը ո՛չ տարածք ունի, ո՛չ սահման, Չավուշօղլուն պահանջում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության, ներառյալ սփյուռքի, լիակատար կապիտուլյացիան: Նիկոլն էլ ՄԱԿ-ի ամբիոնից, վիզը ծուռ, Ալիևին խնդրում է ցույց տալ այն քարտեզը, որը կբավարարի Ադրբեջանին, դրանով իսկ հրապարակավ առևտրի հանելով ՀՀ ինքնիշխան տարածքը... Մղձավանջային հեքիաթ, որի վերջում երկնքից ընկնողն ամենևին էլ երեք խնձոր չեն...
«ՕՁԸ» ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ ԻՐ «ՁԱԳԻՆ»
Հենց այսպես են բանաձևել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հ1-ին` բնականաբար «ձագ» անվանելով Նիկոլին:
Պաշտոնաթող նախագահների և կաթողիկոսի հանդիպումից հետո լրատվադաշտում եղավ արտահոսք, որ մասնակիցներից մեկը առաջարկեց համախմբվել և սատարել Նիկոլի կապիտուլյացիային` ասելով, թե այլ ելք չկա: Դեռ «Կնքահայրը» ֆիլմից բոլորս գիտենք, որ դավաճանը հենց նա է, ով առաջինն առաջարկում է հանդիպել թշնամու հետ: Եվ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրեց իր ասելիքը Հ1-ի եթերում: «Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ: Պայմանագրեր պիտի կնքվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ: Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու: Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում երկու հարևանների հետ, 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրա երկիր կառուցենք, շենացնենք երկիրը»,- ասաց նա:
Ըստ Տեր-Պետրոսյանի` ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության ղեկավարությունը. «Նիկոլն է ու մեկ-երկու հոգի գիտեն, թե Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդ է տալիս: Ես, Քոչարյանը, Սարգսյանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում: Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է: Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու: Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»:
Այսինքն «հոգեհայրը» պնդում է, որ «հոգեզավակին» քշելու դեպքում լինելու է ավելի վատ, քան «հոգեզավակի» առաջարկած բացարձակ կապիտուլյացիան: Թերևս հոտն առել է, որ Նիկոլի դուրս թռնելուն քիչ է մնացել` չէ՞ որ Նիկոլն այո է ասել և՛ Պուտինի, և՛ Շառլ Միշելի` իրարից տարբերվող «խաղաղության պայմանագրերին», ու մոտ է պահը, որ պետք է «քցի» կա՛մ ռուսներին, կա՛մ Արևմուտքին: Իսկ «քցված» կողմը, բնանականաբար, ձգտելու է պատժել այդ «ճարպիկ ռամիկին», ինչը թույլ կտա արագ իշխանափոխություն կատարել:
Չգիտենք` «մինուս Տեր-Պետրոսյան» ֆորմատում ով կհամարվի ընդդիմության նախընտրելի հրապարակային առաջնորդ, բայց պարզ է, որ նաև տեղեկատվության պակասի պայմաններում լավագույն, այսինքն` նվազագույն կորուստներով լուծումներ կարելի է ակնկալել քաղաքական գրոսմայսթեր Սերժ Սարգսյանից:
Իսկ օպերատիվ առումով Նիկոլի վերջին` փարիզյան հայտարարության վտանգները կարճ բանաձևեց Արմեն Աշոտյանը.
«1. Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի վրա հղումներ անելը ե՛ւ տգիտություն է, ե՛ւ դավաճանություն:
Տգիտություն, որովհետեւ Հայաստանի Գերագույն խորհուրդն այն վավերացրել է վերապահումներով՝ հաշվի առնելով Արցախի խնդիրը:
Դավաճանություն, որովհետեւ օրակարգ է վերադարձվում անկլավների հարցը: Հիշեցնե՞մ, թե դա ինչ արհավիրք է Հայաստանի համար:
2. Ի՞նչ է նշանակում. «Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»:
Այսինքն, Նիկոլն արտերկրում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլեւս ձեռքերը լվանում է` այն թողնելով Ադրբեջանի հետ один на один»:
ԱԺԲ-Ն` ՆԻԿՈԼԻ ԾՊՏՅԱԼ ԱՋԱԿԻՑ
Իսկ ՏԻՄ ընտրությունները բերեցին խայտառակություն` 1-2 օրվա երկրորդ խայտառակությունը: Առաջինը Թուրքիային քուրդ ազատամարտիկներին արտահանձնելն էր, որի շարունակությունը կարող է լինել և Նիկոլի մնալու դեպքում անպայման լինելու է հայ հերոսների հանձնումը: «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի կարծիքով. «Փաշինյանը, քուրդ զինյալներին արտահանձնելով Թուրքիա, փորձում է Էրդողանին կաշառած պահել, որ վերջինս շարունակի զսպել Ալիևին: Իրանում հրահրված անկարգություններն էլ թույլ են տալիս Ալիևին ենթադրել, որ պահը շատ հարմար է անտեսել թե Իրանի և թե ԱՄՆ-ի դիրքորուշումը և կանգնեցնել բոլորին այն փաստի առաջ, որ «զանգեզուրյան միջանցքն» այլևս իրականություն է»:
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա անկախ նրանից` ՔՊ-ի քվեներն իրական են, թե ընտրակեղծիքի արդյունք, Նիկոլն իր թուրք տերերին ցույց տվեց զոհաբերվող բնակչության «աջակցությունը»: Քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանի համոզմամբ. «Նախ ասեմ, որ ինձ թվում է` արդեն բոլորին պարզ դարձավ, թե Նիկոլ Փաշինյանն ինչու ռազմական դրություն չհայտարարեց, ընդ որում՝ երբ ընդամենը 3 օրում ունեցանք 300-ից ավել զոհ, անհայտ թվով անհետ կորածներ եւ գերիներ: Զուտ նրա համար չհայտարարվեց, որ իրենց պետք էր ամեն գնով ՏԻՄ ընտրություններ կայացնել եւ ապացուցել, որ դեռ Սիսիանում, Իշխանասարում, Արենիում իրենց ընտրող կա, եւ այդ մատաղացու ընտրազանգվածը մեծամասնություն է կազմում: Ոչինչ, որ թուրքը ներխուժել է մեր սուվերեն տարածք, ոչինչ, որ Եռաբլուրում նոր շիրիմներ ունենք, կարեւորը՝ նա մեր տղաների տաք շիրիմների վրա պահի իր իշխանությունը եւ ի կատար ածի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ստանձնել է կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ընտրել են իրենց դահճին, իրենց տան դռները թուրքի առաջ բացողին, ասեմ, որ խեղաթյուրված հոգեբանության տեր անառողջ մարդիկ են: Չեմ ուզում խիստ կոպիտ որակավորումներ տալ, բայց թող պատրաստվեն տեր կանգնել իրենց ընտրությանը՝ թուրքին իրենց օջախներում դիմավորելուն»:
Եվ այդ դրամատիկ իրավիճակում էլ տեռորիստական ծագում ունեցող ԱԺԲ-ն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման խարույկին լրացուցիչ «բենզին» է լցնում: ԱԺԲ-ի հանրահավաքներին, որոնց թափը գնալով պակասում է, քաղաքական կարելի է համարել միայն ՀԱՊԿ-ից հրաժարվելու և ԱՄՆ-ին դաշնակցելու պահանջները: Մնացյալ ամեն ինչ արդեն սադրանքի տիրութում է: Այսպես, ամերիկյան դրոշների առատությունը ցույց է տալիս, որ «ռուսական սապոգին» դեմ արտահայտվելով, նրանք «սապոգապաշտ» են մնացել, ընդամենն ուզում են ռուսական «կիրզը» փոխարինել ամերիկյան բրենդային սապոգով: Օտարամոլության դոզան այնքան շատ է, որ պարզապես զզվելի է:
Իսկ ընդհանուր առմամբ` տպավորություն, որ ԱԺԲ-ի միտինգները ոչ թե հայաստանյան քաղաքական ակցիա են, այլ Ռուսաստանի հակապատերազմական ցույցերի հայկական «ֆիլիալ» են, այնքան շատ է թվարկվում, թե ՌԴ-ում որ քաղաքում ցուցեր եղան և քանի զինկոմիսարիատ հրդեհվեց: Եվ դրա թագն ու պսակը եղավ «Առանց Պուտին Հայաստան» կարգախոս-վանկարկումը... Այդ ի՞նչ պաշտոն ունի Պուտինը ՀՀ-ում, որ ուզում են «Առանց Պուտին Հայաստան», այդ ի՞նչ աբսուրդ է, և ձե՞ր ինչ գործն է, թե ուրիշ երկրի ղեկավարն ով է:
Դրան նաև գումարվեցին անվարժ ռուսերենով հակառուսական ելույթները... Երևի թե դրանք պետք են համացանց գցվելու համար, որպեսզի հակահայկական տրամադրությունների «գրադուսը» ՌԴ-ում բարձրացնեն: Երևի ԱԺԲ-ականները քիչ են համարում ռուսական հեռուստաալիքներում հնչող հակահայկական դրսևորումները, և ուզում են տարբեր մարկովների և կորոտչենկոների գործին սեփական լուման ավելացնել:
Իսկ չարիք Նիկոլին հեռացնելու պահանջ նրանցից այդպես էլ չլսեցինք: Մի նիկոլ էլ սրանք են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ