ՓԱԽՈՒՍՏԻ «ՄԻՋԱՆՑՔ» ԴԱՎԱՃԱՆԻ ՀԱՄԱ՞Ր
Վերլուծություն
Եվ այսպես, պաշտոնաթող նախագահների և կաթողիկոսի ֆորմատով հանդիպումից հետո ուրվագծվում է, թե ինչ են քննարկել, և ինչ է հետևում դրանից: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց համաձայնել Նիկոլի կապիտուլյանտական տարբերակին, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը դա անընդունելի համարեցին, ամենայն հավանականությամբ, նույն կարծիքի են կաթողիկոսը և Արցախի պաշտոնաթող նախագահները:
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՀԵՏ Ի՞ՆՉ ՓՈԽԶԻՋՈՒՄ
Համենայնդեպս, թեև հանդիպման մասնակիցները նույն կարծիքի չեն, սակայն և՛ ՀՀԿ-ն, և՛ Ռոբերտ Քոչարյանը հաջորդ հանդիպում լինելը հաստատում են, Վեհարանն էլ նախապատրաստում է այդ հանդիպումը: Հրապարակային դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը Հ1-ի եթերում վրդովմունքի փոթորիկ առաջացրեց, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հեղափոխական զարգացումների տպավորություն չեղավ, իսկ Սերժ Սարգսյանը հանդես եկավ միջանկյալ ամփոփումով:
ԼՏՊ-ի կողմից հրապարակավ կապիտուլյացիան պաշտպանելը հարուցեց նույնպիսի հանրային մերժում, ինչպիսին եղել էր նրա 1997-ի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» կապիտուլյանտական կոնցեպտուալ հոդվածից հետո: Հանրային հիշողության մեջ վերաթարմացավ և վերաբռնկվեց նույն բացասական էմոցիոնալ ֆոնը, որը կար առաջին նախագահի նկատմամբ առավել քան 20 տարի առաջ: Սակայն ԼՏՊ-ի ասուլիսը օբյեկտիվորեն օգտակար դեր կատարեց: Եթե մինչ ծերուկի խոսքը կապիտուլյանտական դիսկուրսը կարող էր դառնալ փորձագիտական հանրույթի քննարկման առարկա, և անգամ հանրությանը գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցելու շանս, ապա ծերուկի խոսքից հետո դա անհնարին է: Զի այն ամենը, ինչ պաշտպանում է Տեր-Պետրոսյանը, միանգամից օժտվում է նեխահոտով և դառնում է բուռն կերպով անընդունելի: Այսինքն` ցանկացած գաղափար, որը հնչեցվում է ԼՏՊ-ի շուրթերով, ավտոմատիկաբար փչացվում է: Չգիտենք, Լևոնը, կամա՞, թե՞ ակամա փչացրեց նիկոլական նմուշի կապիտուլյանտիզմը, դարձնելով այն առանց քննարկման մերժելու առարկա, բայց փչացումը փաստ է: Իզուր տեղը չէ, որ Արմեն Աշոտյանը օգտակար համարեց ծերուկի մասնակցությունը Էջմիածնի հանդիպմանը և դա որակեց տհաճ «սյուրպրիզ» ՔՊ-ի համար` համենայնդեպս, ՔՊ-ականները կատաղած են Լևոնի ելույթից: Զի նա միս ու արյուն հաղորդեց «Նիկոլ դավաճան» կարգախոսին:
Սակայն անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին: Երկրորդ նախագահն արձանագրեց. «Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր. իրականում իր բովանդակությամբ այն նշանակում էր, որ իրականում այդպիսի սպասելիքներ չկան: Հոգեհանգստի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում. այդ էջը ուղղակի պետք է փակել և բացել նորը՝ այլ հիմքերի վրա»: Հաջորդ կարևոր թեզը. «Մեր ժողովրդի մոտ 95 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ: Կա՛մ հարցումների ժամանակ անկեղծ չեն պատասխանում, կա՛մ դեռ շարունակում են հավատալ այս իշխանություններին»: Իհարկե, նաև «կծեց» ԼՏՊ-ին. «Կապիտուլյացիան դեգրադացիա և անզորության զգացում է առաջացնում: Միգուցե սա է պետք այն մարդկանց, ովքեր կոչ են անում հասարակությանը կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար»:
Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի ասելիքների շատ զգալի մասն ակնհայտ ճշմարտություններ են, և դրանք կրկնելու կարիք չկա: Սակայն կա մի թեզ, որը տարակուսանք է առաջացնում. «Եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը, ուրեմն այո՛, այդ միջանցքը պետք է տալ»: Առաջին հայցքից կարող է դա գրավիչ թվալ, քանզի Նիկոլի` իշխանությունից կառչած լինելու դրդապատճառներից մեկը վախն է, որ իշխանությունից զրկվելով, կզրկվի նաև կյանքից: Սակայն դավաճանությունը ներելը նշանակում է նոր դավաճանությունների հիմք դնել: Եվ, ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Քոչարյանը «հումանիտար» կամ «անվտանգության» միջանցքի տարբերակն է ընտրում: 1998-ին նա չկատարեց հանրային պահանջը` գնահատել և պատժել Լևոնի վարչակարգի հանցանքները, որոնց հանրագումարը պետական դավաճանությունն է` սանձարձակ թալանի ուղեկցությամբ: Որպես հետևանք` այդ անպատժելիությունը ծնեց նոր դավաճաններ և թալանչիներ, այդ թվում և` Նիկոլին ու նիկոլիզմը: Կարծում ենք, անթույլատրելի շռայլություն կլինի երկրորդ անգամ կրկնել «հումանիտար միջանցքի» նախադեպը, առավելևս, որ դա ենթադրում է փոխզիջումներ կապիտուլյանտների թիմի հետ: Ի դեպ, Քոչարյանը հպանցիկ հիշատակեց նաև վարչապետի թեկնածուի «փոխընդունելի» տարբերակներ գտնելը: Փակագծերում նշենք, որ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի պնդմամբ` ՔՊ-ում կան շուրջ 20 պատգամավոր, որ պատրաստ են Նիկոլի դեմ դուրս գալ, և տարակուսեց, թե ինչո՞ւ երկրորդ նախագահը չի գնում Նիկոլի իմպիչմենտի տարբերակին:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՄՓՈՓՈՒՄԸ»
«Քաղաքական հարցերի, իշխանափոխության հարցերի վերաբերյալ որևէ խնդիր չունեմ Սերժ Սարգսյանի հետ: Չենք հավաքվում, հարսանիք, կնունք, թաղում չենք գնում, բայց սա է: Մի փնտրեք ինչ-որ բան, որը կամ չկա, կամ այն չափին չէ, որը ցանկանում եք տեսնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով կարծիքներին, որ ընդդիմության ներսում կոնսոլիդացիա չունի, հատկապես խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, նրանց թիմակիցներին: «Իսկապե՞ս մտածում եք, որ հնարավոր է՝ տարբեր քաղաքական միավորներ միավորել այնպես, որ ներքին հակասություններ չլինեն, դա անհնար բան է: Դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել, «Դիմադրության» շարժման ժամանակ ձեռք ձեռքի տված միասին աշխատել են տարբեր կուսակցություններ: Դա չի նշանակում, որ իրենց միջև տարբեր տարաձայնություններ իսպառ բացակայում են, այդպես չի լինում...
Հիմա կոնկրետ ասում եմ՝ ես և երրորդ նախագահը նույն հարթակում չենք կանգնել, որ հայաստանցի-ղարաբաղցի թեման նորից մեջ բերեն»:
Սերժ Սարգսյանի գրասենյակի ամփոփիչ հաղորդագրությունն էլ չափավոր լավատեսական է. «Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաև դրանցից հնարավոր ելքերի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում, նախագահի գլխավորած քաղաքական ուժի՝ իրավիճակին համահունչ արվող հայտարարություններում:
Նախագահ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ, ում հետ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպում է, նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու:
Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»:
Այո՛, պայքարի ոգին արթուն պահելը շատ կարևոր է, հատկապես հիմա, երբ աշխարհը շատ արագ փոխվում է, իսկ նույն կապիտուլյանտի մանևրելու և ձգձգելու ռեսուրսը շագրենի կաշվի պես փոքրանում: Իհարկե, ուժի մեջ է Սերժ Սարգսյանի` «Դանդաղ շտապե՛ք» հռչակավոր կարգախոսը, բայց նման է, որ հեռու չէ «դանդաղ» բաղադրիչից «շտապե՛ք»-ի անցնելու պահը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ