ՇԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ
Վերլուծություն
Կապիտուլյանտին թերևս թվում է, որ կարող և՛ ռուսներին, և՛ ամերիկացիներին, և՛ թուրքերին ու առհասարակ բոլորին դնել իր դյուրահավատ ժեխերի տեղ ու «ֆռացնել»: Ռուսներին ու անձամբ Պուտինին հավատարմության երդումներ է տալիս, բայց միաժամանակ իր գրպանային «շակալներին» քսի է տալիս ռուսների դեմ: Ընդ որում, այդ գրպանայինների մեջ կան ոչ միայն արտախորհրդարանականներ, այլև միանգամայն ՔՊ-ականներ, օրինակ` «գեներալ» Մելքոնյան Գագոն...
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴՐՈՇՆԵՐԻ ՎԱԿԽԱՆԱԼԻԱ
Պուտինի և ՀԱՊԿ-ի գալստյանն ընդառաջ մայրաքաղաքում տարատեսակ երթերի, ցույցերի, հանրահավաքների և այլ ակցիաների պակաս չկա: Ծռաշեղված ԱԺԲ-ականներ, սորոսականներ, եսիմինչականներ... Մեկը մյուսից լուսանցքային, մեկը մյուսից ճղճղան: Ու օտարերկրյա դրոշների այնպիսի առատություն, որ հարազատ Եռագույնը գրեթե չի երևում: Լավ, գլուխը քարը, թե ինչպիսի աշխարհաքաղաքական պատկերացումներ ունեք, ում եք սիրում և ում` ատում, բայց դուք հա՞յ եք, թե՞ ինչ եք: Ինչո՞ւ է հետին պլան մղված ՀՀ պետական դրոշը: 30 տարում այդպես էլ չսովորեցիք պետականամետություն, հարգանք պետական խորհրդանիշների նկատմամբ, երևի մեծամասնությունդ այդ օտար դրոշների ներկայացրած պետություններն էլ չեք սիրում, այլ սիրում եք այն փողը, որ ստանում եք միմոսության համար... Օտարամետ փողամետներ, ինչքա՛ն նողկալի եք, իսկական շակալներ: Ձեզ նույնիսկ Նիկոլի պես ճիվաղն է շատ:
Սակայն մի կողմ դնելով փսխելու ռեֆլեքսը` վերադառնանք վերլուծական դաշտ: Ի՞նչ է անում Նիկոլը` մի կողմից, ցուցադրում է ռսապաշտություն, մյուս կողմից` ասպարեզ բաց թողնում հակառուսական ամենաագրեսիվ տարրերին: Ինչո՞ւ է այդպես անում: Եթե համոզված լիներ, թե Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հակամարտությունում ով հաղթող կլինի, անվերապահորեն կնետվեր ապագա հաղթողի գիրկը, որպեսզի պահպանի իր իշխանությունը ու դրանով նաև` կյանքը: Բայց ստույգ չգիտի, դրա համար էլ խաղում է այդ անբարո, մանր չարչիին ու գրպանահատին հարիր խաղը: Ճիշտ է, կա նաև գերտերություն, որն իր կարգավիճակը պահելու է բոլոր տարբերակներում` Չինաստանը, բայց այն այդքան էլ ակնհայտ ներկայացված չէ մեր տարածաշրջանում, համ էլ չինացիների ինչի՞ն է պետք նման մանր ժուլիկը: Ուստի մնում է «գեղցիական շուստրիությունը» ռուսների և Արևմուտքի միջև` ցանկացած պահի օդում դիմակափոխ լինելու թիվ մեկ պատրաստությամբ:
Ի դեպ, փողոցային իրադարձություններում կա ևս մեկ դերակատար, որի համեմատ խամրում են և՛ ԱԺԲ-ն, և՛ սորոսականները, և՛ մյուսները: Վերին Լարսի խայտառակ վիճակի առնչությամբ իրենց դժգոհությունը ՌԴ նախագահին ուզում են ներկայացնել բեռնափոխադրողները: Թե ով է նրանց բողոքի «մենեջմենթն» իրագործում` առայժմ պարզ չէ, սակայն նրանք ի վիճակի են կոլափսի ենթարկել ամբողջ երթևեկությունը: Կասեք` նրանք ապաքաղաքակա՞ն են: Բայց չէ՞ որ ժամանակին «Էլեկտրիկ Երևանն» էլ էր ներկայանում ապաքաղաքական, մինչդեռ փորձագետների մի մասի կողմից այնուհետ որակվեց «մայդանի» առաջին փորձ, իսկ թարմ հետքերում ռուսական որոշ ԶԼՄ-ներ այն կոչում էին «էլեկտրամայդան»:
Դե, պատասխանը կտեսնենք` ՀԱՊԿ-ն է՞լ կորակվի «դժբախտ և դժգույն», թե՞ ոչ: Պուտինի այցը կդառնա՞ շրջադարձային, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ, տիտղոսային ընդդիմությունը կտրուկ որևէ քայլ չի անում: Սպասում է զարգացումների:
ՔԻՉ ՏԵՍԱՆԵԼԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Քաղաքապետարանում փորձելով հիմնավորել չզեկուցվող հարցերի գոյության, այդ գործիքակազմի ներդրման նպատակահարմարությունը՝ Տիգրան Ավինյանը, մասնավորապես ասել է. «Աստված մի արասցե, վաղն ինչ-որ մի նոր իշխանություն ա ձևավորվում, որն ուզում ա հրապարակային, այո, հրապարակային… մութ ուժերը, մութ ուժերը հետ են գալիս, և ուզում ա հրապարակային քննարկումներից զերծ մնա, ինչ-որ բաներ կոծկի չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի՝ այդ հարցը բարձաձայնելու և ավելի մեծ նույնիսկ աղմուկ բարձրացնելու հարցի վերաբերյալ, քան ասենք, եթե հարցն ի սկզբանե զեկուցվող լիներ…»: Ավինյանի խոսքում ակամա արտացոլվել են նրա ենթագիտակցական վախերը, որոնց աղբյուրը բնազդներն են. սարսափում է այն մտքից, որ վաղը կարող է իշխանափոխություն լինել:
Այդ սարսափը պատել է ամբողջ ՔՊ-ին: Ընդդիմության ամեն մի քայլում, լրատվահոսքերում, արտահոսքերում, ընդդիմադիր գործիչների ամեն մի խոսքում երկրորդ-երրորդ աստառն են փնտրում: Միաժամանակ նաև քարոզչական դաշտում «մուտիլովկաներ» են եփում ընդդիմադիր ուժերի և առանձին գործիչների դեմ: Ու նման է, որ բնազդաբար առավել վախ են տածում «դանդաղ շտապող» քաղաքական գրոսմայսթեր Սերժ Սարգսյանի հանդեպ: Հիմա էլ նիկոլածին հակառուսական վակխանալիայի ֆոնին կրկին վերակենդանացնում են այն միֆը, իբր Սերժ Սարգսյանը 2013-ին մի գիշերվա մեջ Հայաստանը «դավադրաբար» տարավ ԵԱՏՄ: Դրա առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը հանդես է գալիս ծավալուն հոդվածով, ուր դիմելով ընթերցողին` ասում է. «Ձեզ նաեւ հավելյալ տեղեկատվություններ կհաղորդեմ որոշ շրջանակների կողմից մեր հասարակության մի հատվածի մոտ ամրապնդած՝ «Սերժը մի գիշերվա մեջ Հայաստանը տարավ Մաքսային միություն» հեքիաթի վերաբերյալ: Իրադարձությունների մի մասին անձամբ եմ ականատես ու մասնակից եղել եւ որոշ դրվագներ կպատմեմ առաջին անգամ»:
Նա լրացուցիչ մեխեր է խփում «այդ միֆի դագաղին»` նշելով. «Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցին, ապա կարող եմ ուղիղ պնդել, որ այդպիսի ցանկություն մեր երկիրը հայտնել է դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի` որպես ՌԴ նախագահի, պաշտոնավարման ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2013 թվականը»:
ՀՀԿ փոխնախագահը հատուկ շեշտում է. «Ի դեպ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2018 թվականի ապրիլի 9-ին ասել է, որ «Հայաստանն իր օրինակով ապացուցում է, որ ամենեւին անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»:
Լավրովն այդ մասին ասել է՝ Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հարց ու պատասխանի մեջ. «Չի կարելի հետխորհրդային երկրներին դնել կեղծ ընտրության առջեւ՝ կամ Արեւմուտքի, կամ՝ Ռուսաստանի հետ: Դա չափազանց քաղաքականացված մոտեցում է: Կարծում եմ, ճիշտ ուղղությամբ քայլ էր այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք ճանաչում են նրա իրավունքներն ու պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»:
Խորանալ այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ, որտեղ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, որտեղ ինֆորմացիոն լրահոսն այն մասին է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն Արեւմուտքում բողոքում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում՝ Արեւմուտքից, սպրդում է ոչ միայն ոչ պաշտոնական, այլ հաճախ նաեւ՝ պաշտոնական խողովակներով»: Եվ. «Այո, Սերժ Սարգսյանի իշխանությունն աշխարհաքաղաքական իմաստով ոչ թե ինչ-որ մեկինն էր, այլ բացառապես հայկական էր, Հայաստանինն էր ու Արցախինը: Գուցե այստե՞ղ կրկին փնտրեք 2018 թվականի իշխանազավթման ընթացքում Սերժ Սարգսյանի «գնալու մասին» գեոպոլիտիկ կոնսենսուսի արմատները…»:
Իսկ այսօր ում հետ ինչ քննարկում ես` անպայման «աշխարհաքաղաքական տերեր» են փնտրում: Դե եթե դաշտը շակալներով է լցված, տերերի փնտրտուքը հասկանալի է: Մարդիկ մոռացել են, թե ինչ է նշանակում երկրի իրական ղեկավար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ