ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴԱՍԵՐԸ
Վերլուծություն
33 տարի առաջ՝ 1989թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակվեց Արցախի վերամիավորումը մայր Հայաստանին։
Այս պատմական որոշումը սեփական ուժերին ապավինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր իր արդար իրավունքները վերականգնելու հաստատակամ վճռականության՝ որին պետք է հաջորդեին արդեն փաստացի վերամիավորմանն ուղղված ինտեգրման քայլեր ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով։
Դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը կայացվեց ժողովուրդի աննախադեպ ճնշման արդյունքում։ Ղարաբաղյան շարժման առաջնորդների մեծ մասը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ, ովքեր այն ժամանակ կոմունիստների հետ կիսում էին իշխանությունը դեմ լինելով վերամիավորմանը ստիպված էին ժողովրդային ճնշման ներքո տեղի տալ։ Որոշումը պաշտպանում էին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ՝ «Միացում», «ՀԱԿ», «ՍԻՄ», «Ազատ Հայք» և այլն։
Որոշումից անմիջապես հետո վարչաապետ Մարգարյանցի որոշմամբ ստեղծվեց կառավարությունում Արցախի տնտեսական ինտեգրացման հանձնաժողով՝ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկությունների մասնաճյուղեր բացել Արցախում և այլն։ Ցավոք այս գործընթացը երկար չտևեց, որովհետև Հայաստանում և Արցախում մի շարք առաջնորդներ ընտրեցին այլ ճանապարհ՝ Արցախը դարձնել երկրորդ հայկական պետություն և հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման նորմերը հասնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը / չնայած վերամիավորման հիմքում ևս դրված էր արցախահայության ինքնորոշման ազատ կամարտահայտության սկզբունքները/։ Այդ մոտեցումը բերեց նաև շարժման ղեկավարության փոփոխության և շարժման գլուխ անցնելով ԼՏՊ-ն ու իր կողմնակիցները ըստ էության լուսանցք մղեցին վերամիավորման գաղափարը և կողմնակիցներին։
Գերագույն խորհրդում իշխանության գալուց հետո ԼՏՊ-ն նաև դադարացրեց Արցախի հետ ինտեգրման հանձնաժողովի հետ աշխատանքները։ Հայաստանում 1991թ․-ի խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասեր չկազմվեցին հյուսիսային Արցախի Շահումյանի և Գետաշենի տարածաշրջանում՝ որոնք դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախի մաս էին կազմում։ Նման գործելակերպը կիսում էին նաև Արցախի մի շարք առաջնորդներ՝ ովքեր արդեն իրենց պատկերացնում էին առաջին հանրապետության ղեկավարներ։ Հայկական երկրորդ հանրապետության հռչակման կողմնակիցները կարծում էին, որ այս քայլով կխուսափեն Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումից / որը եղավ 1 տարի անց/, արագորեն կճանաչվի ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից։
Ցավոք անցած 30 տարիներին այդ մոտեցումներն իրականություն չդարձան։ Միջազգային հանրությունն այդպես էլ չճանաչեց հայկական երկրորդ պետության գոյությունը։ Չնայած Հայ դատի գրասենյակների, հայկական լոբբինգի և դիվանագիտության գործադրած ահռելի ջանքերին այդպես էլ ոչ մի պետություն, նույնիսկ մեր ամենաբարեկամ երկրները, ոչ մի միջազգային կառույց չճանաչեց ԼՂՀ-ն որպես արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման փաստ և իրողություն։ Ավելին, նույնիսկ ՀՀ-ն պաշտոնապես չճանաչեց այն՝ չնայած ընձեռնված մի քանի բացահայտ հարմար առիթների /1992-94թ․-ի հաղթական պատերազմ, 2016թ․-ի քառօրյա պատերազմ, 2020թ․-ի 44- օրյա պատերազմ/։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան և հակահայ ծրագրերը երբեք կանգ չէին առնի և չեն առնելու լինի ԼՂՀ-ն անկախ, թե վերամիավորված ՀՀ-ի հետ։ Սակայն Հայաստանի հետ վերամիավորված լինելու դեպքում մեր պայքարն ավելի համախմբված կլիներ և արդյունավետ, իսկ դաշնակից երկրների համար՝ ավելի հստակ և որոշակի, որովհետև Հայաստանի նկատմամբ ստանձնած ռազմավարական պարտավորությունները կվերաբերվեին նաև Արցախին։
Ինչևիցե, պատմությունը չի սիրում հետադարձ վերլուծություններ, ուստի կարևոր է այն թե արդյո՞ք հետևություններ արել ենք մենք նախորդ սխալներից, արդյո՞ք Հայաստանը կարող է այսօր միջազգային օբյեկտից դառնալ նորից միջազգային սուբյեկտ, չեզոքացնել իր և Արցախի գլխին կախված հայաթափման և ցեղասպանության նոր սպառնալիքները․ և այստեղ մեզ հարկավոր է նորից լինել սկզբունքային և վճռական՝ այնպես ինչպես 1989թ․-ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին։
Հրայր Կարապետյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար