ԵՐԲ ԺԱՆԳՈՏՎԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉ
Վերլուծություն
Խունտայի քարոզչությունը և նրան կցված «բազմոց քշող» ծակ պրոֆեսորները քանիցս հնչեցրել են այն թեզը, թե ընդդիմադիրների համար շատ թանկ են մանդատները, պատգամավորական աշխատավարձերը, գործուղումները և այլն: Բայց արի ու տես, որ «Հայաստան» խմբակցությունում մանդատներից հրաժարվելու և մանդատ չվերցնելու տեղատարափ է: Այսինքն` ընդդիմադիր մանդատը բավականին դառնահամ է:
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՏ ՉԻ՞ ԳԱԼԻՍ
Իրականում ՔՊ-ական մեծամասնությամբ խորհրդարանում գտնվելը տհաճ է և ամուր նյարդեր է պահանջում: 2021-ին հռչակված «պողպատյա մանդատները» լրիվ ժանգոտած են, դրանց տերերն էլ ոտից գլուխ բացասական լիցքերի կրող են` բոլշևիկյան «Кто был никем - тот станет всем» կարգախոսի ներքո եկածները բացի ստորին ծագումից, հետները բերել են նաև «աբիժնիկական» բարդույթների և շեղվածության հսկայական և գարշահոտ բեռ, որի «համեմունքը» թրքահարճությունն է: Եվ իզուր չէ, որ հաճախ ասվում է` դա ոչ թե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է, այլ Էրմենիստանի վիլայեթի միլլիմեջլիս...
Սակայն հենց որ ընդդիմադիրները հայտնվում են ԱԺ-ում, ՔՊ-ական «ուսապարկերը» ուրախանում են, զի առանց հակառակ կարծիքի նույնիսկ նորմալ մարդկանցից բաղկացած բացարձակ մեծամասնությունն արագ նեխում է, իսկ եթե այն բաղկացած է հասարակության քերանքներից` առավելևս: Եվ ինչքան էլ հոխորտա Ալեն Սիմոնյանը և այլք, ԱԺ աշխատանքների բոյկոտը ծանր է նստում մեծամասնության վրա:
Իսկ ընդդիմադիր ճամբարում մանդատից հրաժարվելու «ցեցը» առաջինը գցեց Արթուր Վանեցյանը, դրդապատճառը` փողոցային անհնազանդության ակցիաների` նպատակին չհասնելը: Նույն նկատառումներով այդպիսի տրամադրություն ուներ Իշխան Սաղաթելյանը, սակայն վերջինիս պարագայում ՀՅԴ-ն որոշեց, որ նա պիտի պահպանի մանդատը: Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի ներսում «մանդատաթափության» գործընթացի տրամաբանությանը, ապա այն հանգեցնում է «դաշնակցականացմանը», ՀՅԴ-ի տեսակարար կշռի աճին: ՀՅԴ-ի` և՛ իշանական կոալիցիաներում, և՛ ընդդիմությունում լինելու 30-ամյա փորձն էլ ցուցանում է, որ այդ կուսակցությունն ունի կտրուկ շարժումների և անկանխատեսելիության հակում: Ինչի՞ դա կբերի, ինչքանո՞վ դաշնակցական կոնտինգենտը կշարունակի արտահայտել Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները, այդքան էլ պարզ չէ: Սակայն դժվար թե նրանք հիմա անեն այն, ինչը 2021-ին արել էր տխրահռչակ Էդմոնի ԼՀԿ-ն` արտահերթ ընտրությունների ճամփա բացելը: Նիկոլին շատ ձեռնտու է արտահերթ ընտրությունները` նրա պիղծ էլեկտորատը, կամ ընտրաժեխը, կայուն է, իսկ ընդհանուր հանրային հիասթափությունը խորանալու միտում ունի, ինչը պակասեցնում է ոչնիկոլական զանգվածի ընտրական ակտիվությունը: Խոշոր հաշվով, Նիկոլը շատ կուզեր պարբերական արտահերթերով «թարմացնել» իր կեղծ «լեգիտիմությունը» և այդպես հավերժացնել իր իշխանավարումը:
Եվ այդ նպատակով խունտան մշապես ներգրավում է նորանոր ծպտյալ նիկոլականների խմբեր: Հենց այդպիսիններին է ուղղված Էդուարդ Շարմազանովի սաստող զգուշացումը. «Պատերի տակ սրճաններում նիկոլականների հետ հանդիպող սուտի ընդդիմադիրներին մի բան ասեմ՝ դուք մեր մասին սուտ ու հեգնանքով քիչ խոսեք, թե չէ ձեր ու ձեր «պապաների» մասին ճիշտը կասվի, այ հոգնածներ»: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հուշում է տատանվողներին. «Կողմնորոշվել է պետք: Կամ վճռականորեն կանգնեք ընդդիմության կողքին ու հնարավորություն տվեք ստեղծված իրավիճակից երկիրն ու ժողովրդին դուրս բերել: Կամ էլ բավարարվեք կապիտուլյանտ իշխանություններով ու սպասեք նոր ավերիչ իրադարձությունների: Ցավոք իրավիճակն է այդպիսին»: Արմեն Աշոտյանն էլ հիշեցնում է գունափոխվողների վտանգավորության մասին, մասնավորապես` Զոհրաբ Մնացականյանի. «Հիշեցնեմ, որ այս դավաճանների համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ի սկզբանե չի եղել գերակայություն:
«Սեփական կետից» Արցախյան բանակցությունները սկսող ոհմակը նախկինացավի անվան տակ իրականում իշխանազավթման հենց սկզբից չէր թաքցնում, որ փաստացի եկել է Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցելու:
Ահա թե ինչ էր բարբաջում այդ կապակցությամբ 44-օրյա պատերազմի իրական մեղավորներից եւ ազգային դավադրության պարագլուխներից մեկը՝ Նիկոլի կեղտոտ աղխարհաքաղաքական խոհանոցի «շեֆ-խոհարար» Զոհրաբ Մնացականյանը:
Ժողովրդի, Աստծո եւ օրենքի առջեւ պատասխան եք տալու բոլոր մեղավորներով՝ փնթի կապիտուլյանտից մինչեւ ինտիլիգենտ արտաքինով մարդասպան»:
ՆԻԿՈԼԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ
«Խաղաղության դարաշրջանի» ծայրահեղ վտանգավոր հանգամանքները նույնիսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է անուղղակի խոստովանում. «Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատելիս այն դարձրել էր շրջանակային խաղաղության համաձայնագիր: Ո՞րն է պատճառը, որ մենք ուզում էինք, որ այն դառնա շրջանակային խաղաղության համաձայնագիր: Որովհետեւ եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, պետք է բոլոր խնդիրներում շրջանակային համաձայնության գալ, թե ոնց ենք առաջ շարժվելու, դա կլինի դելիմիտացիա, կլինի ապաշրջափակում, կլինի Լեռնային Ղարաբաղ եւ այլն, եւ մեր աշխատանքի արդյունքում մենք դարձրել էինք շրջանակային խաղաղության համաձայնագիր:
Այսինքն, եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղության, ապա դա հնարավոր է անել, եթե հնարավորինս փորձենք անդրադառնալ բոլոր հարցերին: Հայկական կողմի մոտեցումը շարունկում է մնալ այսպիսին եւ բանակցում ենք, որ այն լինի շրջանակային: Ցաքուցրիվ մի քանի հարցի անդրադառնալով դժվար կլինի խաղաղության հասնել մեր տարածաշրջանում»,- ասաց նա:
Իսկ «խաղաղության» իրական նպատակը թշնամին չի էլ թաքցնում: Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն ուղակիորեն ասում է` եթե Շուշին վերցրել ենք պատերազմով, ապա Երևանը վերցնելու ենք խաղաղությամբ: Այսինքն` «խաղաղության օրակարգը» ծայրեծայր հանցակցություն է թշնամու հետ, թշնամու ծրագրերը առաջ տանելու գործընթաց: Այդպիսի «խաղաղությունը» պատերազմից վատթար է, և իզուր չէ, որ արժանապատվություն ունեցող քաղաքացիները արդեն զզվում են «խաղաղություն» բառից իսկ... Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան Հայաստանում ամենաշատը քարոզված խունտայական թեզը խաղաղությունն է. դրա մասին ամենից հաճախ սիրում են կրկնել թուրքական ազդեցության հայաստանյան գործակալները՝ ասենք Աժ-ում ծվարած: Պատերազմը, իհարկե, աղետ է, բայց ահա ադբեջանցի պաշտոնյան բացահայտում է, որ ոչ պակաս աղետ կարող է լինել նաև խաղաղությունը, որը, փաստորեն, ազերիները ծառայեցնելու են իրենց դավադիր նպատակներին, ինչին, իհարկե, կարող է մեծապես նպաստել Նիկոլը՝ սպիտակ դրոշը ձեռքին: Հայաստանի խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների շարունակական պաշտոնավարման դեպքում կործանարար է լինելու թե՛ խաղաղությունը, թե՛, բնականբար, պատերազմը. խաղաղության դեպքում ազերիները լցվելու են Հայաստան՝ իրենցով անելով գյուղերն ու քաղաքները, և դրան ոչինչ չի հակադրելու խաղաղասեր Նիկոլը, պատերազմի դեպքում էլ, բնականաբար, հանձնելու է Հայաստանի հալալ կեսը՝ հերթական անգամ թշնամու հետ գնալով գաղտնի պայմանավորվածության:
Նաև ՀԱՊԿ-ի շուրջ խաղերը դավադիր աստառ ունեն: Ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ինչ-որ կերպ պոկել քաղաքական գնահատական՝ ակնհայտորեն առավելապես կարևորելով հենց այդ հանգամանքը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունը, այսինք` մեզ սպառազինելը: Խնդիրն այն է, որ Նիկոլի նպատակն է «պաս տալ» Իլհամին՝ Բաքվին հիմքեր տալու՝ պնդելու, որ Ռուսաստանն այլևս չի կարող միջնորդ դիտարկվել, քանզի որդեգրել է բացահայտ հայամետ դիրքորոշում: Այդպես եղավ Մակրոնի դեպքում, երբ ֆրանսիացի օրենսդիրներն ընդունեցին հայամետ հայտարարություն. Բաքուն անմիջապես շտապեց ոչ միայն կշտամբել Մակրոնին, այլև հայտարարեց, որ Ֆրանսիան այլև չի կարող հանդես գալ որպես միջնորդ կողմ:
Խնդիրն այն է, որ ի տարբերություն Ֆրանսիայի, Մոսկվան Արցախում խաղաղապահներ ունի, որոնք այդտեղ են հայտնվել, ըստ էության, անկողմնակալ միջնորդական առաքելություն իրականացնելու անվան տակ, որ տարածաշրջանն էլի չպայթի: Եթե Ալիևը Ռուսաստանին հռչակի կողմնակալ, ապա ռուս խաղաղապահների մանդատն անմիջապես հայտնվելու է հարվածի տակ, և Ալիևը «լեգիտիմ» իրավունք է ունենալու ռուսներից պահանջելու լքել Արցախը, ինչը ոչ միայն Ադրբեջանի ժողովրդի, այլև մի շարք գլոբալ խաղացողների շահերից է բխում:
Ակնհայտորեն գործ ունենք Նիկոլ-Իլհամ գաղտնի դաշինքի հետ, որ գործում է ընդդեմ Ռուսաստանի և Իրանի` ի հաշիվ հայ ազգի շահերի, հանուն գլոբալ նախագծի, որտեղ Հայաստան պետություն չի լինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ