ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
Վերլուծություն
Հիմա Անգլիա՞ն է «մառախլապատ Ալբիոն», թե՞ Հայաստանը: Ինչ բրիտանական գաղտնի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը ոտք դրեց Երևան, մեր քաղաքամայրը պատված է խիտ մառախուղով: Դա խորհրդանշական է` լրիվ մառախլապատ է մեր ապագան: Չգիտենք ոչ միայն, թե ինչ է սպասվում 2023-ին, այլև տեղյակ չենք անգամ` մի քանի ժամ հետո ինչ փորձանք կարող է գալ մեր գլխին... Մեր հայրենակիցները Ֆեյսբուքում կատակով առաջարկում են ցույց անել բրիտանական դեսպանատան առջև և խնդրել Միացյալ Թագավորության հնդիկ վարչապետին այդ մառախուղը հետ տանել Լոնդոն` Ռիչարդ Մուրի բերած թանձր անորոշության հետ միասին:
Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵԻՔ ՄԵՐ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ 2018-ԻՆ
Հնդկաստանը Չինաստանի հետ սահմանին ավելի շատ զորքեր է տեղակայել, քան երբևէ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, հաղորդում է The Indian Express-ը: Նախարարի խոսքով՝ դա արվում է չինական զորքերի տեղակայմանը հակազդելու համար: Այսպիսով, Ջայշանքարը պատասխանել է ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրես կուսակցության քննադատությանը, որը մեղադրել է Հնդկաստանի կառավարությանը Հնդկաստան-Չինաստան սահմանին ենթադրյալ անգործության համար:
Իսկ ինչի՞ համար է այսքան զորքն ու զենքը, և բանը հասել էր փոխհրաձգության: Կա մի փոքրիկ վիճելի հողակտոր, ուր ոչ ոք չի ապրում, ուր չկա որևէ պատմական հուշարձան, ուր նույնիսկ ծառեր չեն աճում... Պատկերացնո՞ւմ եք` ինչ կասեր Նիկոլը այդ իրավիճակում, հիշո՞ւմ եք նրա պղծախոսությունը «լճի մեկ երրորդի» և «տարվա մեծ մասը ձյան տակ մնացող սարերի» մասին: Սակայն ո՛չ հնդիկները և ո՛չ էլ չինացիք չունեն Նիկոլ կոչվող պատուհաս, ուստի տեսնում ենք այն, ինչին կարոտ ենք մնացել 2018-ի իշխանազավթումից ի վեր` նորմալ պետական վարքագիծ... Իսկ մեզանում շրջափակման տակ հայտնված Արցախի և այդտեղ ապրող 120 հազար ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցը հռչակվում է բացառապես ռուսների պատասխանատվության հարց:
Արդեն 7 օր է` սոցցանցերում պտտվում է Սերժ Սարգսյանի հարցազրույցի այս հատվածը. «Որևէ բնապահպանական պատճառ չկա, Ադրբեջանի նպատակը Ղարաբաղին ու ղարաբաղցիներին հպատակեցնելն է: Բայց ես վստահ եմ, որ նրանք չեն հպատակվելու: Ղարաբաղի իշխանությունների քայլերը գնահատում եմ նորմալ: Եվ իրենցից է կախված, թե ինչպիսի դիմակայության կարող են դիմադրել, որովհետև ժողովուրդը պատրաստ է... Հայաստանի կառավարիչները վաղուց մոռացել են Արցախը»: Այսինքն` փաստվում է, որ պետական վարքագիծ դրսևորում են Արցախի իշխանությունները, իսկ Հայաստանի կառավարիչները, մեղմ ասած, պետական վարքագիծ չեն դրսևորում:
Ինչպես նկատել է գործարար, քաղաքացիական ակտիվիստ Աշոտ Բարսեղյանը. «Եթե ձեր երազանքը Լոս-երն էին, ի՞նչ գործ ունեիք դուք` ՄԵՐ փողոցներում մարդ էիք մերժում: Մեկ ա դուք թռնող էիք...»: Թռնող տեսակից են և՛ այդ մերժողները, և՛ դրանց կողմից իշխանության բերած խունտան: Մինչդեռ քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը, անդրադառնալով աշխարհաքաղաքականության 99-ամյա մաեստրո Հենրի Քիսինջերի աղմուկ հանած վերջին հոդվածին, նկատում է. «Մեզ համար կարևոր է, որ Քիսինջերը զուգահեռներ է անցկացնում Առաջին համաշխարհային պատերազմի հետ, և սա լավ անալոգիա է: Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է հիշեն, որ հենց Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին տեղի ունեցավ Մեծ Եղեռնը»: Այսինքն` ունենք խնդիր, որ ցեղասպանությունը չկրկնվի կամ ավարտին չհասցվի, սակայն ունենք հենց ցեղասպանվելու իդեալական պայմաններ ստեղծող վայ-իշխանություն և այդ իշխանությանը լրիվ համարժեք ժեխազանգված: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի դիտարմամբ. «Վերջերս հաճախ եմ մտածում, որն է ամենակարճ ճանապարհը, որպեսզի մեր ժողովուրդը նորից սկսի (և ընդմիշտ) մտածել «գայլի» պես, և ո՛չ «զոհի»:
Այդ հարցում կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Երբ պատմական մի կարճ փուլում սկսեցինք (1988-2018թթ) «գայլի» պես մտածել` ունեցանք մաքրված հայկական ազգային պետություն և ազատագրված Արցախ:
Մեր տարածաշրջանում այլ կերպ հնարավոր չէ ապրել, քան «գայլային» մտածելակերպ ունենալն է: Այլ կերպ ենթարկվում ենք կամ հայրենազրկման ու գաղթի, կամ կոտորածների ու ցեղասպանության: Արտաքին աշխարհը (բարեկամ, ոչ բարեկամ), իր էմիսարներով ու սորոսածին գրանտակերներով, մեզ միշտ քարոզել և քարոզում է «ոչխարային» հնազանդություն, հանդուրժողականություն ու կույր հավատ օտարի գիշատիչ շահերի նկատմամբ»:
ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Ոչխարային մտածողություն հանրության մեջ սրսկողի հենց դասական օրինակ է կապիտուլյանտների խունտան` իր բոլոր օղակներով հանդերձ: Ու թեև կառավարման տարրական խնդիրների լուծման անզորությունը նրանց դրդում է ներգրավել «նախկինների» ճամբարափոխ, բայց փորձառու կադրերի (զորօրինակ` նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան), սակայն դա անօգուտ է «ոչխարային» համակարգի պահպանման պարագայում, զի այդ համակարգը կարող է ապահովել արդյունք միմիայն մորթվելու և հայրենազրկվելու տեսքով: Այլապես այսօր «զոհի» մտածելակերպով չէինք կանգնի և սպասենք տեսնենք` գայլային աշխարհից ո՞վ է բարեհաճելու բացել մեր կյանքի ճանապարհը: Արտակ Զաքարյանն իրավացի է. «Որքան ուզում եք մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, գենդերից ու ֆեմինիստներից, հանդուրժողականությունից ու ժողովրդավարությունից խոսեք, միևնույն է` ուժեղինն ու խելքովինն է աշխարհը: Առյուծ չենք կարողանալու լինել, գոնե «գայլ» պետք է դառնանք, որպեսզի շնագայլերին, բորենիներին ու աղվեսներին զոհ չգնանք»: Եվ իրոք վիճակն աբսուրդային է` մի քանի տասնյակ քաղաքացիական հագուստով թուրք զինվորական և մի քանի հարյուր գլուխ խաժամուժ հասարակ պիկետով փակել է կյանքի ճանապարհը, և բացի կոչերից և աշխարհին ուղղված աղիողորմ խնդրանքներից, ոչինչ չի արվում: Թեև պարզ է, որ ուժային կենտրոններից որևէ ռեալ օժանդակություն չենք կարող կորզել, եթե խաղադրույքները չբարձրացնենք մինչև այդ խաղացողների համար անընդունելի ռիսկերի մակարդակի: Բայց ո՞վ բարձրացնի, պետական դավաճանների այս բոլո՞ւկը:
Քանի Հայաստանում կապիտուլյանտներն են իշխանության, ոչ մի դեսպանատուն որևէ կերպ մեզ չի կարողանա օգնել, եթե նույնիսկ այդպիսի ցանկություն լինի (զորօրինակ Իրանի համառ ջանքերը ՀՀ հետ նոր որակի հարաբերություններ սկսելու, մնացին օդում կախված): Ավելին՝ խունտան է արել ամեն ինչ, որ Արցախը նորից դիտարկվի Ադրբեջանի մաս, իսկ մեր բանակը լքի Արցախը: «Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ: Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն»,- նշում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այսինքն` Վարդանյանը բախվել է պետական վարքագծի բացակայությանը: Բայց որտեղի՞ց պետական վարքագիծ պետական հանցագործների մոտ, նրանք կարող են միայն չտեսնել, չլսել, չխոսել: Ու գանձագողությամբ գերազանցել բոլոր «նախկիններին» միասին վերցված: Արցախն իր անելիքն անում է, ընդդիմությունը` նույնպես, սփյուռքը` նույնպես... Բայց բացի թղթե շերեփներից, ոչինչ չենք ունենա, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնում է մի խումբ, որ բաղկացած է ազգի և պետության ոխերիմ թշնամիներից: Հանրությունն էլ դեռ չի ընկալում, որ խունտայի հետ համագործակցող իր ծանոթը, հարևանը, գործընկերը թշնամու հետ գործակցող կոլաբորանտ է, այսինքն` թշնամուց ոչնչով չտարբերվող:
Ու քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, դիմելով Արցախի նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանին թեև կտրուկ է, բայց հիմնականում իրավացի. «Ո՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն միջազգային հանրությունը չէ: Այս իրավիճակի պատասխանատուն մի քանի շենք այն կողմ նստած Նիկոլ Փաշինյանն է: Դու դա պետք է շատ լավ իմանայիր: Ու ճիշտ կանեիր, եթե հենց այնտեղ նստացույց անեիր:
Չլսված բան է: Իրական մեղավորներին թողած՝ միջազգային հանրությանն են մեղադրում, ռուս խաղաղապահներին, նախկիններին, ընդդիմությանը, այլմոլորակայիններին…»:
Իհարկե, ունենք նաև եզակի անկեղծ բարեկամներ: «Լաչինի միջանցքի հարցը պետք է հիմնավորապես լուծվի. օրինակ՝ այնպես, ինչպես Իսրայելում: Ցանկապատով ամրացնել և անցակետեր տեղադրել, որպեսզի ամեն տեսակ «բնապահպաններ» դրանով ելումուտ չանեն»,- կարծում է ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը: Լեոնկովը նշել է, որ եթե Ադրբեջանը բանակցությունների փոխարեն շարունակի իր անօրեն քայլերը՝ շրջափակելով Արցախը, ապա միջանցքը պետք է ապաշրջափակվի ռադիկալ մեթոդներով: «Ռուսաստանը գիտի, թե ինչպես դա անել»,- հավելել է Լեոնկովը: Գիտի, բայց կանի միայն մի դեպքում` եթե Երևանում լինի պետական իշխանություն, այլ ոչ թե թշնամու կամակատարների հանցախումբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ