Նիկոլը վերջապես կարդարացնի՞ իր հանդեպ «բարձր վստահությունը»
Վերլուծություն
Եվ այսպես, նիկոլյան խունտայի եւ ՌԴ-ի միջեւ անդունդն ակնհայտորեն գնալով խորանում է: Սակայն անգամ ներկա իրողությունները դեռ բաց են պահում այն հարցը, թե արդյոք Նիկոլն ի զորու կլինի՞ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը շրջել ՌԴ-ից դեպի Արեւմուտք, կամ եթե անգամ դա հաջողվի, կլինի՞ երկարատեւ գործընթաց:
ԱՐԵՎՄՏԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Ամեն դեպքում, վերջին օրերին Նիկոլի ակտիվ ժեստերն Արեւմուտքի ուղղությամբ շարունակվում են: Դրա դետալներից մեկը կարելի է համարել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի այցը, որի հետ, ըստ կառավարության տեղեկության. «Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»: Ըստ նույն հաղորդման, Նիկոլը Պիրիսի հետ խոսել է նաեւ Լաչինի միջանցքից, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն էլ «իր աջակցությունն է հայտնում այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին»: Միայն թե որեւէ կոնկրետ քայլ պատրաստվո՞ւմ են այդ «միջազգային գործընկերները» անել, ասենք՝ Ալիեւի նկատմամբ գոնե մեկ «ստից» պատժամիջոց կիրառե՞լ են: Թե՞ այս խոստումներն այն «միջազգային աջակցության» կրկնությունն են, որը Հայաստանը «ստացավ» 44-օրյա պատերազմի ժամանակ:
Մյուս կողմից էլ, միայն այն փաստը, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն այցելում է դեռ պաշտոնապես ՀԱՊԿ անդամ երկիր, այն էլ այն պահին, երբ այդ երկու դաշինքների հարաբերությունները բացահայտ թշնամանքի են անցել, արդեն իսկ պարզ խոսում է Նիկոլի աշխարհաքաղաքական իրական նկտրումների մասին:
Հաջորդ նման ժեստը, իհարկե, եվրոպական երկարաժամկետ դիտորդական առաքելություն գալու դրվագն է: Ու դա այն դեպքում, երբ Նիկոլն ամեն բան արեց, որ ՀԱՊԿ-ի նման առաքելություն Հայաստան հանկարծ ոտք չդնի:
Սրանց էլ, իհարկե, պետք է ավելացնել Բլինքենի հետ Նիկոլի հեռախոսազրույցի փաստը: Բավականին ժամանակ, այն բանից հետո, երբ կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ ներկայացուցիչ, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնող Ֆիլիպ Ռիքերը ազատվեց այդ պաշտոններից՝ կիսատ թողնելով «Բրյուսելյան ձեւաչափը», Պետդեպարտամենտի մակարդակով ԱՄՆ-ն մի տեսակ պաուզային վիճակի մեջ էր մտել: Եվ ահա Բլինքենի հետ այդ հեռախոսազրույցը եկավ հուշելու, որ Նիկոլի մասին, իհարկե, դեռ չեն մոռտացել: Կառավարության տեղեկացմամբ, այդ հեռախոսազրույցի ժամանակ նախ. «ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարեւորությունը եւ նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը»: Ու բացի այդ. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»:
Այսինքն, Պետդեպարտամենտը ողջ ծավալով, որը դրված էր «Բրյուսելյան ձեւաչափի» հիմքում, հետաքրքրված է հայ-ադրբեջանական ուղղությամբ: Իմաստը դժվար չէ հասկանալ. երբ Նիկոլը ռուսական բանակի եւ ՀԱՊԿ-ի հայաստանյան ներկայությունը համարում է մեր երկրի անվտանգությանն ուղղված խնդիր, ապա դա մեխանիկորեն էլ է մեկ բան նշանակում՝ առաջ է մղվում Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առանցքի ստեղծման ամերիկյան հին մոդելը: Իսկ Բլինքենի հետ նման հարցերի հետ կապված զրույցն ասվածի անուղղակի հաստատումն է: Սակայն այստեղ առաջ է գալիս իր հերթին հին հարցը. ռուսական ուժերին Հայաստանից եւ Արցախից հեռացնելու համար նախ պետք է երկու պարզ հարց լուծել՝ վերջնականապես փակել Արցախի հարցն ու այդ հիմքով կնքել «հաշտության պայմանագիր» թուրք-ազերիական տանդեմի հետ՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի գաղափարական օրինակով: Ու ամբողջ հարցն այն է, թե Նիկոլը կարո՞ղ է դրան հասնել:
ԱԼԻԵՎՆ Է ԱՐԳԵԼԱԿՈՂԸ
Այս ֆոնին, իհարկե, պատահական չէր նաեւ ԱԺ վերջին հարցուպատասխանին Նիկոլի հայտարարությունը, թե Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. «Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային ու քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է: Ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույնկերպ պատրաստ ենք շարունակել»:
Հենց այստեղ է, որ առաջ են գալիս մի քանի պարզ հարցեր: Այդ թվում. եթե Նիկոլը պատրաստ է Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա (որով, հիշեցնենք, Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ինչը վերջին 100 տարում չի արել Հայաստանի եւ ոչ մի իշխանություն, անգամ ԽՍՀՄ ժամանակահատվածում եւ Ստալինի օրոք), իսկ Ալիեւի համար դա պատմական հաղթանակ է, ապա ինչո՞ւ մինչ օրս այն չի ստորագրվել: Իհարկե, կա դա արգելակող ռուսական գործոնը: Բայց տրամաբանորեն, ռուսական գործոնն ավելի շատ պետք է հենց Նիկոլի վրա ազդեր: Բայց չէ՞ որ Նիկոլը բացահայտ դեմ է գնում Մոսկվային, դրանով նաեւ ցույց տալով, որ այդ գործոնն իր վրա չի ազդում: Ուրեմն, գալիս ենք նույն հարցին՝ ինչո՞ւ չի ստորագրվում այդ պայմանագիրը:
Եվ ահա այստեղ է, որ որոշ բաների մասին հուշում է ԱԺ նույն հարցուպատասխանում Միրզոյան Արարատի հայտարարությունները: Ըստ նրա. «Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, պատասխան պիտի լինի, որը մինչ այս պահը չկա: Ստացվում է, որ ադրբեջանական կողմն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, զուգահեռաբար, տեսնում ենք սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից»:
Ընդ որում, նույն ոճի մեջ էր նաեւ Նիկոլը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղություն հաստատելու համար. «Բայց հարց՝ իսկ ո՞վ է ասել, որհենց դա չէ Ադրբեջանի ուզածը, որ նաեւ այդ կարգի սադրիչ հայտարարություններով ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը...»:
Ստացվում է նման պատկեր. Ալիեւին առաջարկում են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, հետո զբաղվել ռուսական զորքերը նաեւ Հայաստանից հանելով: Դրանից հետո, հասկանալի է, ոչ թե միայն Սյունիքը, այլ ողջ Հայաստանն է վերածվելու «Զանգեզուրի միջանցքի»: Ու այդքանից հետո, ըստ Նիկոլի եւ նրա ԱԳ նախարարի պատկերացման, Ալիեւը հրաժարվո՞ւմ է նման գերշահավետ «խաղաղության պայմանագրից»:
Բայց նաեւ ասել, թե Նիկոլի ու Արոյի այդ տպավորությունը սխալ է, չենք կարող: Կրկնենք բուն փաստը. Նիկոլը, ով առաջին հերթին նման ծայրահեղ զիջումների գնալու հարցում խնդիրներ ունի, պատրաստակամություն է հայտնում ամերիկյան թելադրանքով Պրահայի պայմանավորվածությունները վերածել պայմանագրի, սակայն պայմանագիր չկա ու չկա: Ու դա էլ հուշում է, որ հենց Ալիեւից է գալիս արգելակումը: Ու դեռ մի բան էլ փակել է Լաչինի միջանցքը:
Թե ինչու է Ալիեւը գնում այդ ուղղությամբ, առանձին խոսակցության թեմա է: Սակայն մինչ դրան հասնելը՝ վերադառնանք Նիկոլի ներկա «արեւմտամոլության նոպային»: Դեռ ընդամենը անցած նոյեմբերին նա միանգամայն այլ ոճի մեջ էր՝ հայտարարելով, թե Մոսկվայի առաջարկած «խաղաղության պայմանագիրը» իր երազանքների գագաթնակետն է: Նաեւ պնդելով, որ ինքն այդ մոտեցման ջատագովն էր դեռ 2018թ.-ից սկսած ու երբ Պրահայում Ալիեւի հետ բանակցում էր, հենց ռուսական ծրագիրն էր իր մտքին: Դրանից հետո եկավ Mi6-ի շեֆը, եւ այս անգամ էլ Նիկոլը «հասկացավ», որ «չկա այլ «խաղաղության պայմանագիր», բացի ամերիկացիների առաջարկածից, իսկ բրիտանական հետախուզությունն էլ դրա «մարգարեն» է»: Թե դա ուր կհասցնի ռուսների հետ հարաբերությունները, ու դեռ ինչ նոր շրջադարձեր կարող են լինել Նիկոլի մոտ, մեդալի մյուս կողմն է: Հաշվի առնելով նաեւ այն շարունակական ճնշումները, որոնք ՌԴ-ից գալիս են արդեն անգամ դիվանագիտական բառապաշարից դուրս գալով:
Սակայն անգամ դա էլ չէ այս պահին Նիկոլի խնդիրը: ԱՄՆ-ին պետք է արեւելք-արեւմուտք առանցք, որն այդպես էլ չկա ու չկա, անկախ այն բանից, թե ինչ հռետորաբանություն է բանեցնում Նիկոլը: Ընդ որում, հարց է՝ կլինի՞ ցանկալի արդյունք, հաշվի առնելով, որ Նիկոլը չէ, որ կարող է այդ իրավիճակը մեռյալ կետից առաջ տանել:
ԱԼԻԵՎՆ ԻՆՉՈ՞Ւ ՇՏԱՊԻ, ԵՐԲ ԿԱ ՆԻԿՈԼ
Այսպիսով, այս պահին ունենք մի իրողություն, երբ անգամ Չավուշօղլուի մակարդակով է սկսվել Արեւելք-Արեւմուտք միջանցքի մասին խոսակցություն: Ըստ նրա, Ուկրաինայում պատերազմի ֆոնին, փաստորեն, դադարել է գոյություն ունենալ Հյուսիսային էներգետիկ միջանցքը, ինչը մեծացրել է Թուրքիայով անցնող Միջին Ասիայից միջանցքի կարեւորությունը, այդ թվում՝ էներգետիկ: «Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կմիանա այս գործընթացին, այսինքն՝ կկատարի անկեղծ քայլեր դեպի խաղաղություն: Ցավոք, բանակցությունների առումով մենք վերջին շրջանում նկատում ենք հետընթաց քայլեր: Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով»:
Բայց մյուս կողմից էլ դրանից մեկ օր առաջ նույն Չավուշօղլուն հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ, որի ընթացքում եւս առանցքային թեմա էր կովկասյան ուղղությունը: Ընդ որում, հանդիպման արդյունքների հիման վրա Աբդոլլահյանին հերթական անգամ հայտարարեց. «Մենք միշտ հանդես ենք գալիս Կովկասում խաղաղության օգտին, եւ Իրանը անպատասխան չի թողնի, եթե իրադարձությունները, որոնք կարող են տեղի ունենալ Կովկասում, կասկածի տակ դնեն մեր անվտանգությունը: Իրանը չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրության որեւէ փոփոխություն»: Իսկ ահա Չավուշօղլուն արձագանքեց, որ իր երկիրը շահագրգռված է «3+3» ձեւաչափով Կովկասի հարցով հանդիպումներ անցկացնելու հարցում:
Այսպիսով, ակնհայտ է, որ Թուրքիայի համար օրակարգում դեռ կան ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ ռուսական ուղղությունները, եւ պետք է դրանց միջեւ ընտրություն կատարի: Ընդ որում, եթե Անկարայի խնդիրը Եվրոպա արտահանելիք համապատասխան մասշտաբի էներգառեսուրսներ ունենալն է, ապա այս հարցում եւս պետք է մտածի կա՛մ ռուս-իրանական, կա՛մ՝ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների մասին: Նաեւ հաշվի առնելով փաստը, որ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների հարցում Հայաստանն ամենեւին էլ հիմնական խնդիրը չէ: Այնտեղ արեւելքից՝ արեւմուտք հոսքերի համար շատ ավելի լուրջ խնդիր է Կասպից ծովով անցումը: Մինչդեռ այդ ջրային տարածքով խողովակաշարերի անցկացումը ՌԴ-ն եւ Իրանը արգելափակելու բոլոր հնարավորություններն ունեն: Ու այն դեպքում, երբ այս խոչընդոտին զուգահեռ, ռուսական եւ իրանական էներգառեսուրսները Թուրքիայի «քթի տակ» են, դժվար չէ կռահել, թե տրամաբանությունը Թուրքիային դեպի որ ուղղություն է տանում:
Իսկ ահա Ալիեւը, որ թեեւ հստակ առնչությունների մեջ է բրիտանա-իսրայելյան ուղղության հետ, նաեւ չի կարող հաշվարկներից լիովին հանել «մեծ եղբոր» դիրքորոշումը: Եվ դա, իհարկե, վերաբերում է նաեւ կովկասյան հարթակին, որտեղ, ըստ էության, Մոսկվան եւ Թեհրանն Անկարայի առաջ են դնում առկա ստատուս քվոն պահելու «կարմիր գիծը»: Գումարած, Թուրքիայում արդեն նշանակվեց նախագահական ընտրությունների օրը՝ մայիսի 14-ը, եւ դա Էրդողանի համար էլ ավելի է կարեւորում Իրանի եւ ՌԴ-ի օգնության անհրաժեշտությունը:
Եվ, ըստ ամենայնի, հենց այդ իրողությունների արդյունքում է, որ ի տարբերություն Նիկոլի, Ալիեւը եւս ճիշտ պահին հասկացավ, որ Պրահայի պայմանավորվածությունները, չնայած իր համար միանգամայն դրական երանգներով են, նաեւ այնպիսի խորքային խնդիրներ ունեն, որ կարող են շատ արագ ծածկել ողջ դրականը եւ մի բան էլ ավելին: Ու քանի որ Mi6-ի շեֆը նրան էլ չայցելեց, Ալիեւի մոտ հին արգելակները դեռ գործում են:
Ասենք, Ալիեւը շտապելու տեղ էլ չունի: Մի կողմից, հեռու չէ պահը, երբ Ուկրաինայում կստեղծվի հստակ իրավիճակ, որը թույլ կտա շատ ավելի առարկայական տեսնել, թե Ռուսաստանն ինչ դեր է ստանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, որն էլ վերջնական կողմնորոշման հնարավորություն կտա: Ու մյուս կողմից էլ, Նիկոլն արդեն իսկ այնպիսի կուրսի է անցել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնում է աչքի առաջ: Թեկուզեւ դատելով Լավրովի վերջին հարցազրույցից, որտեղ նա Նիկոլին բացահայտ էր մեղադրում՝ ՀԱՊԿ-ը եվրոպական ինչ-որ անորոշ դիտորդներով փոխարինելու մեջ: Ընդ որում, նաեւ մատնանշելով, թե դա ուր կարող է հասցնել. «Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այս առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի: Դե, դա, ըստ էության, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է եւ հավանաբար, եթե այս առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է անարդյունավետ լինել: Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել»:
Էլ ավելի «ծանր ապտակ» էր, երբ Լավրովը «հարգանքի արժանի» որակեց Վրաստանի հետ հարաբերությունները: «Մենք տեսնում ենք, թե Վրաստանը, ինչպես եւ գրեթե բոլոր երկրները, գտնվում է Արեւմուտքի ճնշման տակ, որը պահանջում է բաց, հրապարակավ միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը՝ ավելացնելով, որ վրացական իշխանությունները գործում են համարձակ՝ պաշտպանելով սեփական շահերը Արեւմուտքի առջեւ: Ու այստեղից նույն պարզ հարցն է ծագում՝ իսկ ո՞ւմ շահով է առաջնորդվում Նիկոլը:
Չնայած, հարավկովկասյան այս ընդհանրական իրավիճակին պետք է այլ կողմից նայել: Այսպես, Լավրովը նաեւ խոսեց Վրաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների գործարկման մասին, որին գրեթե անմիջապես էլ Թբիլիսիից դրական արձագանք եղավ: Իսկ սա արդեն ոչ թե վրացիների կողմից ՌԴ-ի հանդեպ չեզոքություն պահել է նշանակում, այլ՝ ընդառաջ քայլ: Ադրբեջանի հետ կապված եւս նախօրեին խոսվեց դեպի Իրան տանող երկաթուղու հնարավորինս արագ գործարկումից, որը եւս շատ բան է ասում Բաքվի սպասելիքների մասին:
Իսկ ահա Հայաստանը, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ի համար հարավային ուղղությամբ «պաշտպանական գոտի» էր, հիմա նետվում է չգիտես էլ, թե ուր: Հաշվի առնելով՝ «Արեւմուտքը մեզ կօգնի» բազմիցս հիմնավորված ոչ թե սխալ, այլ վնասակար լինելը:
Նման բան էլի է եղել՝ 103 տարի առաջ, երբ Վրաստանն ու Ադրբեջանը, զգալով իրավիճակի նոր հոտը, արագորեն գնացին դեպ Ռուսաստան, իսկ մինչ այդ ռուսների հետ համագործակցող Հայաստանը նախընտրեց Արեւմուտքը: Բայց այս անգամ «հանրապետության փողերն առնել-թռնելու» հնարավորությունները շատ ավելի քիչ են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ