ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԷ Ո՛Չ ԲԱՆԱԿ, Ո՛Չ ԲԱՆԱԿԻ ՏՈՆ
Վերլուծություն
Թրքահարճ կապիտուլյանտների ոճրագործ խունտան արդեն «հոսքային տեխնոլոգիա» է դարձրել կարևոր ազգային պետական տոների պղծումը: Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում պղծագործություն անելը դուրները եկել էր և դա կրկնեցին հունվարի 28-ին: Զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը փաստում է. «Եռաբլուրում ինչքան շիրիմ կար, այդքան ոստիկան էին բերել հունվարի 28-ին, ամբողջովին պատ էին կազմել, եթե սեպտեմբերի 21-ին դիպուկահարները 3-ն էին, հունվարի 28-ին 6-ն էին դարձել»:
ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ՆՇԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻՆ ՄԵՐԺՈՂՆԵՐԸ
Կապիտուլյանտին պաշտել շարունակող ժեխազանգվածի մոտ մտայնություն է ձևավորվել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգությունով պետք է զբաղվեն ռուսները, «նախկինները» մեկ էլ հայրենասիրական ՀԿ-ները, իսկ իշխանություն կոչեցյալը պետք է ապահովի միայն հաց և տեսարաններ: Տեսարանների պակաս չկա, դրանք գնալով ավելի գռեհիկ են դառնում, իսկ հացի պակասի մեղավոր կարգվում են «նախկինները»: Պայմանականորեն դեռ «պետական» համարվող ոլորտներն էլ անտեսեցին Բանակի տոնը: Առաջ հունվարի 28-ին ստանում էինք բազում SMS-ներ և էլեկտրոնային այլ միջոցներով շնորհավորական այլ հաղորդագրություններ, սակայն այս անգամ... Ծխախոտ օգտագործելն, անշուշտ, վնաս է, սակայն տողերիս հեղինակը շնորհավորական SMS ստացավ միայն IQos Հայաստան ընկերությունից, որը Ֆիլիպ Մորիս կորպորացիայի տեղական մասնաճյուղն է` երևի թե, այդ հին կորպորացիայում դեռ չեն պատկերացնում, որ իշխանություն կոչեցյալը կարող է հանրությանն այդ աստիճանի վարակած լինել դասալքությամբ և պացիֆիզմով:
Իսկ պետական միջոցառումների փոխարեն ընդդիմությունը բացը լրացրեց Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքով, Եռաբլուր կատարած այցերով, այդ կարևոր տոնի կապակցությամբ էլ ուղերձներ հղեցին պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: ՀՀ երրորդ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար.
Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:
Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը:
Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը»:
Ուղերձում մատնանշվում է նաև այն նախապայմանը, որով հնարավոր է վերադարձնել պետության կարևորագույն երաշխավորի` բանակի հզորությունը. «Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար:
Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները:
...Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը: Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին»:
Միտումնավոր անարգողներին էլ հենց հունվարի 28-ին ամենազզվելի ձևով հերթական անգամ ձայնակցեց Երկրապահը ոչնչացրած և ծաղրանկարի վերածած Սասուն Միքայելյանը` հայտարարելով, թե 30 տարի բանակ չենք ունեցել: Այդ պրոֆեսիոնալ ուրացողն այս անգամ գերազանցեց անգամ 2018-ի իր զազրելի ուրացումը, երբ «հեղափոխությունը» հռչակեց առավել կարևոր, քան Արցախյան ազատամարտը: Իսկ հիմա երևի թե, Սասունի տերերը որոշել են, որ ՀՀ քաղաքացիներն այն աստիճանի են կորցրել իրենց հիշողությունը, որ մոռացել են, թե ժամանակին որ բանակում են ծառայել, մոռացել են ընդամենը 20, 10, 5 տարի առաջ ունեցած փառքը:
ՏԱԿԱՆՔԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Երիցս Վազգեն Սարգսյանին և բոլոր Գերագույն գլխավոր հրամանատարներին ուրացած և Նիկոլին միացած Սասունի պղծախոսությանը պատասխանողների պակաս չի եղել, ուստի նշենք, որ այդ պղծախոսությունը պետությունը քայքայելու, ապամոնտաժելու տեխնոլոգիաներից ընդամենը մեկն է: Ինչպես նկատել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Հայ հասարակության պառակտումը Նիկոլի համակարգի համար ամենօրյա աշխատանք է: Օրը 24 ժամ, շաբաթական 7 օր օկուպացիոն վարչակարգը աշխատում է մեզ հնարավորինս մանր խմբերի տրոհելու, իսկ հետո այդ խմբերն էլ հնարավորինս բևեռացնելու համար, որպեսզի անհնարին լինի երկու խմբի իրար հետ պայմանավորվելը, ընդհանուր գաղափարի, նպատակի շուրջ միավորվելը: Անընդհատ կոնֆլիկտներ են հրահրում, ատելության ու անվստահության թույնը սրսկում: Նպատակը պարզ է. փոքր, իրար չվստահող, իրար ատող խմբերի բաժանված հասարակությանը շատ ավելի հեշտ ու նաև ավելի էժան է կառավարելը:
Բայց վերոգրյալից գիտե՞ք, թե ինչ է հետևում: Վերոգրյալից հետևում է այն, որ հակառակ գործընթացը՝ ազգային միասնության վերականգնումը, նույնպես պետք է լինի 24/7 աշխատանք: Եւ դա այսօր ազգային դաշտի ամենակարևոր աշխատանքն է»:
Փորձագետի ասածը վերաբերում է քարոզչության և քաղաքական տեխնոլոգիաների դաշտին: Սակայն պետականաքանդության կարևոր բաղկացուցիչը ամենաանպիտան, բարդույթավորված և չհայ կադրերին բարձր պաշտոնների նշանակելն է: Հակահիգիենիկ արտաքինով և ոչ պակաս հակահիգիենիկ կենսագրությամբ Վահան Կոստանյանին փոխարտգործնախարար նշանակելը դրա վերջին օրինակներից մեկն է: «Եվ սա պետք է բանակցի Բլինքենի և Լավրովի հե՞տ»` տարածված հարցադրմանն ի պատասխան նշենք, որ սրան նշանակել են, որպեսզի ոչ միայն Բլինքենի և Լավրովի, այլև ամբողջ աշխարհի կողմից Հայաստանն անլուրջ ընկալվի: Որպեսզի մեզ դիտարկեն ոչ թե որպես պետություն, այլ սոսկ տարածք, ուր բախվում են խոշոր խաղացողների շահերը: Եվ դա` փաստացի ընթացող Երրորդ աշխարհամարտի պայմաններում:
Իսկ հիմա` փոքրիկ անդրադարձ մեր հակահերոսին: Դեռ «նախկինների» օրոք նա աչքի ընկավ հիսթերիկ ընդվզումով ընդդեմ Վիգեն Սարգսյանի բանակային ռեֆորմի, առաջնորդում էր դասալիքի հոգեբանություն ունեցող ջահելներին «Չենք ուզում ծառայել, ուզում ենք գիտությամբ զբաղվել» կարգախոսով: Անցավ 6 տարի, բայց այդպես էլ նրա «գիտական նվաճումների» մասին ոչինչ հայտնի չէ: Սակայն հայտնի է ցինիկ հակահայությամբ: Արարատ Միրզոյանի օգնական աշխատած ժամանակ Վահան Կոստանյանը, մեկնաբանելով 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի այցը Արցախ, լուսանկար էր տեղադրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի բակից, որը վերնագրել էր՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»: Այն ժամանակ փորձեց «տակից դուրս գալ»` իբր կատակել է, սակայն բոլորն են հիշում, թե ինչպես Նիկոլը հանձնեց Շուշին: Դե իսկ դասալիք էությունը նա դրսևորեց տարիներ շարունակ: 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ Վահան Կոստանյանին ընձեռվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական: Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի և եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա: 2021 թվականի ապրիլի 16-ին, տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «բ» կետով, որից հետո մայիսին իր դիմումի համաձայն նա ազատվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից:
Վահան Կոստանյանն ամենևին էլ միակ այդպիսի կադրը չէ: ՔՊ «կադրային բանկը» այդպիսին է գրեթե ամբողջությամբ: Պարզապես մեր երկրի իշխանությունը զավթած թրքահարճ խունտան հատուկ տաղանդ ունի ընտրելու առավելագույնս արգահատելի, առավելագույն հակահայ և առավելագույնս ոչ կոմպետենտ կադրերի: Օրինակ, ի՞նչ կաներ մեր ընթերցողը, եթե ինչ-որ հրաշքով դառնար թշնամի Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավար: Ճիշտ է` կնշանակեր այնպիսի կադրերի, ինչպիսին նշանակում է Նիկոլը: Եվ առաջնահերթ կձգտեր քանդել թշնամու բանակը:
Վաղուց ժամանակն է ըմբռնել` սրանք թշնամի են և վե՛րջ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ