ՈՉՆՉԱՑՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ՔՊ-Ի ՓՐԿՈՒԹՅԱ՞Ն
Վերլուծություն
Բոլորը, ովքեր հիշողությունից իսպառ զուրկ չեն, չեն մոռացել, թե 2018-ին Նիկոլն ինչպես էր հայտարարել. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Սակայն նման է, որ հիմա նա որդեգրել է «Կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստան չի լինի» սկզբունքը: Ընդ որում, «թուրք» բառից չվիրավորվող այդ ճիվաղին լրիվ բավարարում է օկուպացիոն վարչակարգի գլխավոր մենեջերի կարգավիճակը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԸՆԴԴԵՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Թվում է, թե խունտայի վիճակը կայուն է` ընդդիմությունը չի կարողանում սրանց վռնդել, հանրության մեծամասնությունը թմբիրի մեջ է, կա «երկաթբետոնե» ընտրաժեխ, որը պաշտում է կապիտուլյանտին` անգամ ամեն ինչից զրկված լինելու դեպքում, բայց... Բայց և՛ Նիկոլից, և՛ ՔՊ-ից ահավոր վախի հոտ է գալիս: Առանց հսկայական թիկնազորի և դիպուկահարների ոչ մի տեղ չի գնում, նույնիսկ ստեղծվում է հատուկ շտապօգնության ծառայություն չինովնիկների համար, որը ենթարկվում է ոչ թե Առողջապահության նախարարությանը, այլ ՊՊԾ-ին` միասնական է թիկնազորի հետ: Խունտայի կարկառուն դեմքերն էլ սկսել են հրաժարական տալ` ձգտելով «դասավորվել» դեսպան որևէ ապահով երկրում, և տպավորություն է, որ ձգտում են «իքս» ժամը դիմավորել օտար ափերում` դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված:
Այդ ի՞նչ «իքս» ժամի են սպասում սրանք: Ինչ-որ բա՞ն գիտեն, որը հայտնի չէ հասարակ քաղաքացիներին: Աշխարհի հզորների՞ն են զայրացրել իրենց չկատարած խոստումներով... Սակայն փաստը մնում է փաստ, որ սրանք ՀՀ քաղաքացիների դեմ մղում են իսկական տեղեկատվական-հոգեբանական պատերազմ: Որի գործիքակազմը գնալով ընդլայնվում է: Ինչպես 15 զինծառայողների ողջ-ողջ այրվելու գործի հանգամանքների առնչությամբ նկատել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «Հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ նետված` հիմնականում կեղծ սենսիացիաներով ու մանիպուլյացիաներով դեգրադացված բանակն օր օրի վերածվում է Նիկոլի չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի»: Ա. Զաքարյանը հարցադրում է` որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակում են հիմա գտնվում Սուրմալուի տոնավաճառի պայթյունի և զոհերի պատճառ դարձած անձինք: Մեռա՞վ գործի սենսացիան: Ի՞նչ վիճակում են Նիկոլից բացի, բանակում հայտնաբերված այլ դավաճանության դեպքերի գործերը և դրանց ընթացքը: Ի դեպ, «այլ դավաճանության» թարմ դեպք` ԱԱԾ-ի բացահայտումը, թե ինչպես ոմն սպա թշնամուն ծախում էր տեղեկատվություն, այդ թվում` Հնդկաստանի արտադրության սպառազինության մասին: Վերջերս շատ է խոսվում հնդկական զենքի մասին, ինքը Նիկոլը ոչ օգտակար է հռչակել դրա մասին բարձրաձայնելը, բայց... ԱԱԾ-ն հատուկ ցցում է հենց հնդկական սպառազինությունը: Բազմաշերտ մանիպուլյացիա` նաև Հնդկաստանի՞ն խրտնացնելու պահերով:
Արտակ Զաքարյանը նաև կանխատեսում է մոտալուտ ռեպրեսիաները. «Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա: Սենսացիան հորինում են նիկոլական խունտայի ներկայացուցիչները: Մանիպուլյացիան իրականացնում են «Հայկական ժամանակ»-ի վերածված պետական, հանրային և իշխանա-սորոսական բոլոր ԶԼՄ-ները: Դե իսկ դեգրադացվելը` պետական համակարգի և ամբողջ հանրության գործն է: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ամեն բան, պայքարում են սրանց դեմ և չեն ցանկանում դեգրադացվել` վաղը հայտարարվելու են օրենքից դուրս և լավագույն դեպքում` վտարվելու են երկրից»: Լավագույն դեպքում վտարվելու են... Այսինքն սպասենք նաև առանց դատի մահապատիժների՞: Սրանցից հեռու չէ և սպասելի: Կարծում ենք` տրամաբանական է և Զաքարյանի եզրակացությունը. «Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ: Այլապես` նա և իր իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող»:
ՇՈՒՆ ՈՒ ԳԵԼԱՓԻ ԲԱԺԻՆ
Եվ ահա GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ ամփոփել է հերթական հետազոտությունը: Ուշագրավ են և սենսացիոն Արցախի բնակչության կարգավիճակի մասին հարցման պատասխանները. ՀՀ բնակչության 97,4 տոկոսը համոզված է՝ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ:
Այսինքն 97,4 տոկոսը մերժում են կապիտուլյանտների «խաղաղության օրակարգ» կոչեցյալը և Արցախի հանձնումն Ադրբեջանին: Ի դեպ, այս ցուցանիշը նաև լրջագույն կասկածի տակ է դնում 2021-ի ընտրությունների արդյունքները և ՔՊ-ի կապիտուլյանտիզմի օգտին 688 հազար քվեարկողների առկայությունը: Ակնհայտ է, որ կապիտուլյացիայից հետո ակնհայտ պետական դավաճաններին քվե տվողները չէին կարող «ուղղվել» կամ փոշմանել անցած մեկուկես տարվա ընթացքում, դա տեսակի` չհայ, «ԴՆԹ մակարդակի» տեսակի հարց է, հետևաբար տրամաբանական է ենթադրել, որ 2021-ին տեղի է ունեցել ՀՀ պատմության ամենամասշտաբային ընտրակեղծարարությունը, և ՔՊ-ն ընտրակեղծիքի հանցագործության միջոցով կրկին վերազավթել է իշխանությունը:
Սակայն ամենաուշագրավը խունտայի վարկանիշի պատմական մինիմումը` ընդամենը 9,5 տոկոս: Այսինքն, պատկերավոր ասած, սրանք լրիվ շուն ու Գելափի բաժին են դարձել: Եվ սրանց թերևս փրկել է միայն քաղաքացիների դժգոհությունն ընդդիմությունից, որը մինչ օրս չի կարողացել վռնդել այս ոճրախմբին:
Ըստ ամենայնի, հանրությունն ընդդիմությունից պահանջում է ներքին տարաձայնությունների հաղթահարում և համակարգված հանդես գալու վճռականություն: Ի դեպ, պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ, ով ուշադիր հետևում է Արցախի զարկերակին, նշում է, որ արցախցիները նեղվում են ոչ այնքան շրջափակման բերած զրկանքներից, որքան Արցախի ներիշխանական ինտրիգներից: Նույնը թերևս տրամաբանական է և Հայաստանի Հանրապետության պարագայում, պարզապես վիճակը սիմետրիկ է` այն, ինչ արցախցիք պահանջում են այնտեղի իշխանությունից, ՀՀ-ում քաղաքացիները պահանջում են այստեղի ընդդիմությունից:
Ամենախիստ քննադատությանը ընդդիմության թերացումները ենթարկում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Եթե նույնիսկ հասկացել ենք, թե ինչ համակարգերով և ինչ սխեմաներով են մարդկանց հանել փողոց 2018-ին, ապա առավել ևս ԱՆԻՄԱՍՏ ու ՎՆԱՍԱԿԱՐ է մարդկանց անընդհատ երեսով տալը, թե. «Ոնց Նիկոլին բերել եք, էդպես էլ հանեք»: Մի շատ պարզ պատճառով. որևէ հականիկոլական ուժ այսօր չունի և չի էլ փորձում ստեղծել այնպիսի համակարգ, որը կարող է ազատագրել Հայաստանը Նիկոլի ռեժիմից: Անիմաստ է մարդկանց մեղադրելն անտարբերության մեջ, եթե չունես այն ենթակառուցվածքները, այն ասելիքը, ապագայի այն գաղափարը, որոնք պետք է այդ մարդկանց մոբիլիզացնեն, ոտքի հանեն»:
Հանուն արդարության նկատենք, որ ՀՀԿ-ն հետևողականորեն փորձում է ստեղծել ազատագրական համակարգ, ձևավորում է ցանցային կառույցներ, զբաղվում է երիտասարդ կադրերի պատրաստումով և քաղտեխնոլոգիական կրթությամբ: Այդ պատճառով խունտան ատում է հատկապես Սերժ Սարգսյանի թիմին: Սակայն միայն ՀՀԿ-ի ռեսուրսը բավական չէ: Ցանցայն բնույթ պատմականորեն ունի և ՀՅԴ-ն, ինչին խունտան պատասխանում է սփյուռքի դաշնակցականների մուտքի արգելքներով և հիրավի բոլշևիկյան հակադաշնակցական մոլուցքով: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, ԱԺԲ-ին, ապա այդ ուժն ընդդիմադիր է ոչ թե Նիկոլի ոճրախմբին, այլ Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայությանը, ու այդ առումով պիտանի չէ ընդանուր հականիկոլական ճակատի մաս կազմելուն:
Իսկ մնացյալն ունեն և՛ ներուժ, և՛ ռեսուրս, ուստի խունտայի վախն անհիմն չէ, և պատական չէ, որ ՔՊ-ում ծնվել է Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ` մայիսին անցկացնելու գաղափարը: Զի առավելագույնս սրանք վախենում են հենց ընդդիմադիր Երևանից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ