ՔՊ-Ն` ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ «ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ»
Վերլուծություն
Մալաթիայի տոնավաճառի փակումը արվել է կա՛մ «սրտի օլիգարխ» Գռզոյի շահերն առաջ տանելու, կա՛մ նիկոլական հերթական բեմադրությունը խաղարկելու համար: Կարծես թե հիմնավոր են այն խոսակցությունները, որ ՔՊ-ն ուզում է մայիսին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, և պատկերացրեք` «քըխ տեսուչների» ձեռամբ փողոցում հայտնված առևտրականներին «փրկում» է և տոնավաճառը վերաբացում Նիկոլը, կամ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
ԽՈՒՆՏԱՅԻ «ԻՆՔՆԱՓՐԿԻՉ» ԽԱՂԵՐ
Ինչ լավ է, չէ՞... Երբ ՔՊ-ի վարկանիշը, ըստ Գելափի, ընկել է մինչև 9,5 տոկոս, Երևանում արվում են արտահերթ ընտրություններ, որոնց ընդդիմությունը չի էլ հասցնի պատրաստվել: Եվ «Տոնավաճառ» քարոզչական օպերացիայով քվեներ են հայթայթվում, դե բոլոր տեսակի ծախսերն էլ` ի կատարումն տեսուչների պահանջների, մնում են սեփականատիրոջ վրա...
Ինչպես նշում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Մալաթիայի շուկայի առևտրականներն էսօր կրում են իրանց ընտրածի հետևանքները, ու դա շատ օրինաչափ պատիժ ա էդ մարդկանց համար: Դա հենց ճակատագրի հեգնանքն ա, ու իրանք իրանց հոգու խորքում դրա հետ համերաշխ են: Չեմ հասկանում` ինչն ա պատճառը, որ էս թեման էլ մարդկանց բաժանել ա երկու մասի. մի մասն ասում ա «դրանց տեղն ա, մի բան էլ քիչ ա», մյուս մասն էլ, թե բա «ժողովրդին բան մի ասեք»: Այ ձեր ցավը տանեմ ժողովրդին ո՞վ ա բան ասում, էդ ժողովուրդն ինքն իրան արդեն նենց ա «ասել», որ մնացել ա գործազուրկ, իրանց էլ բան չկա ասելու:
Կսկսե՞ն ճիշտ մտածել՝ կսկսեն ապրել նորմալ, կշարունակե՞ն թշվառ վիժվածքին համարել իրանց կուռքը՝ կմնան գործազուրկ: Էս էն տեղն ա, որ ընդդիմությունից բան կախված չի, ու հա, համաձայն եմ պետք չի չարախնդալ անգամ գործազուրկ նիկոլականների վրա»: Բայց նման է, որ Նիկոլը փորձելու է մի անգամ ևս օգտագործել տոնավաճառի «պողոսներին»: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի ճամբարում կարծես թե քննարկումներ եղան` իսկ չարժի՞ փորձել օգտվել իրավիճակից և փորձել առևտրականներին «իրենցով» անել: Բայց կարծես թե դա ռեալ տարբերակ չեն համարում:
Զուգահեռաբար համացանցում աշխուժացել է կեղտոտ հակաքարոզչությունը Սերժ Սարգսյանի դեմ: Հերթական դատական նիստն էլ հերթական կրկեսային դրվագն էր: Սերժ Սարգսյանի դատական նիստի ժամանակ վկային ասում են՝ պատմեք, թե մյուս վկայի հետ ինչպես եք ծանոթացել: Պատմում ա, մեկ էլ ասում ա` «դե լավ տներ ուներ»: Ասում են` ինչի՞ է նախկինում տված ցուցմունքը հակասում այսօրվա ցուցմունքին, ասում է «չեմ հիշում, ինչի եմ այդպես ասել»:
Բայց ինչպես ժամանակին ասել էր ՀՀ երրորդ նախագահը. «Պատմությունը գրվում է փաստերով»: Իսկ ՔՊ-ականների յուրաքանչյուր փչած փուչիկ մեկը մյուսի ետևից պայթելու է, սակայն փորձում են փուչիկները փրկել: Օրինակ, միֆը, որ 30 տարի բանակ չի եղել` հիմա ամեն կերպ փորձում են 2020-ի փչացած սպառազինությունը «նաղդեն» նախկինների վրա, ու դրանով նրանց գրպանը գցեն 2020-ի կապիտուլյացիան: Բայց նման է, որ Պատրոն Դավոն համառորեն չի ուզում այդ զենքերի հարցով կեղծ ցուցմունք տալ «նախկինների» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ, որպեսզի մեծ աղմուկով Օհանյանին կալանավորեն, և այդ պատճառով Դավոյին պատժում են կալանքով... Դե, գեներալին «բռնելու» դեպքում հա՛մ պարտությունը կգրեն «նախկինների» վրա, համ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կգլխատեն:
Մյուս ուղղությունն էլ 15 զինծառայողների մահը «սվաղելն» է: Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի. «15 զինվորի կյանք խլած հրդեհին Սուրեն Պապիկյանը պատասխանում է հուժկու... անձնական քարոզարշավով:
Թե բա «նախարարը այցեր է սկսել զորամասեր, խոսում է սպաների և զինվորների հետ, ֆլան-ֆստան-մստան»... Բնականաբար լուսանկարները մամուլ լցնելով:
Այսինքն` Պապիկյանն այս երկու շաբաթը ծախսել է ոչ թե եղած համակարգային խնդրին լուծում տալու (խայտառակ կենցաղային պայմաններ, նորմալ զորանոցների բացակայություն զորամասերում), այլ իր հանրային կերպարը փրկելու պլան մշակելով:
Բացատրեմ, թե ինչու են այդ այցերը զուտ ինքնագովազդ:
Նորմալ պետություններում կան տարբեր ինստիտուցիոնալ մեխանիզմներ զինված ուժերի խնդիրները բացահայտելու համար:
Օրինակ՝ մինչև հեղաշրջումը ՀՀ նախագահին կից (խորհրդարանական համակարգին անցնելուց հետո՝ ՀՀ վարչապետին կից) կար գլխավոր ռազմական տեսուչի գրասենյակ, որի նպատակը հենց զինված ուժերը ստուգելն էլ:
Երբ Նիկոլը զավթեց իշխանությունը, ապա որոշ ժամանակ անց ռազմական տեսուչի գրասենյակը վերանվանեցին ռազմական վերահսկողական ծառայություն ու... տարան ՊՆ-ի ենթակայության տակ, այսինքն ստուգող մարմինն այսուհետ պետք է ենթարկվեր այն կառույցի ղեկավարին, որին պիտի ստուգեր»:
ՆԻԿՈԼԸ ԼԵՎՈՆԻ «ՍԽԱԼԸ» ՉԻ ԿՐԿՆՈՒՄ
Պապիկյանը նաև հայտարարեց, որ 2023-ը լինելու է «բանակի ողնաշարը ուղղելու» տարի: Հիմա 2020-ի նոյեմբերից սկսած բա ի՞նչ էիք անում, այ կապիտուլյանտներ: Ճիշտ է` հետևողականորեն ջարդում էին բանակի ողնաշարը: Հիշեք Պապիկյանի նախորդների վարքագիծը... Իսկ ինչո՞ւ:
Վերադառնանք 1998 թվական: Ուղիղ 25 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ:
Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը:
Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն»:
Պարզորոշ ասած` պանթուրքիստական հրեշի հետ «խաղաղության օրակարգ» խաղացող Տեր-Պետրոսյանին վռնդողը Վազգեն Սարգսյանի զավակն էր` փառապանծ Հայոց բանակը: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ բանակի հետ սերտորեն առնչված էին մինչ այդ պահը, իսկ հետո եղան հաղթական խաղաղություն ապահոված գլխավոր գերագույն հրամանատարներ: Իսկ պանթուրքիզմի դրածո Նիկոլը 2018-ին իշխանությունը զավթելուց հետո որոշեց չկրկնել Լևոնի «սխալը» և հետևողականորեն ոչնչացնել բանակը: Որ հա՛մ իրեն գահընկեց անող չլինի, հա՛մ թուրքի դեմ կռվող: Իսկ թունավոր մարտական քարոզչությունը կիրառվեց ՀՀ քաղաքացիների դեմ` կենսաբանական թշնամու հետ «խաղաղության օրակարգի» մահաբեր կոնցեպտը ներարկելու համար:
Ինչպես գրել է Միքայել Մինասյանը. «Իրականությունից գիտակցված զանգվածային փախուստի երկարատև գործընթացը գիտական առաջընթացի և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ ցույց է տալիս էքսպոնենցիալ աճ. հասարակությունը հեռանում է իրականությունից՝ ստեղծելով նոր ճշմարտություններ, այնուհետև հետճշմարտություններ և այնուհետև մետաճշմարտության տիեզերք, որը ներառում է. բոլոր տեսակի ճշմարտություններ (հուզական, համատեքստային, պայմանագրային և այլն): Ճշմարտության տարբերակների այս հետաքրքրաշարժ բազմազանությունը խայտառակ կերպով ծածկում է գիտակցության մերկությունը. մետա-ճշմարտությունը ճանապարհն է դեպի ավելի հեշտ, պատրանքային (պայմանագրային) կեղծ երջանկություն»:
Նիկոլի մետաճշմարտության տիեզերքը հենց թուրքի հետ «խաղաղության օրակարգ» կոչեցյալն է, որն անտեսում է և՛ պատմությունը, և՛ աշխարհագրությունը, և՛ ցեղասպանության ռեալությունը... Ի դեպ, Թուրքիան իրացրել է «փափուկ ուժի» մեխանիզմները, որոնցով հարևան Վրաստանը գործնականում կլանել է: Նույնը սպասվում է և Հայաստանին` բավականին դանդաղ մահ Թուրքիայի գրկում: Սակայն բարեբախտաբար կա Ադրբեջան, որի թրքությունը չի կարողանում գոնե ժամանակավորապես թաքցնել ցեղասպան մարդակերի բնազգը, և դա հայությանը սթափեցնում է «խաղաղության օրակարգի» մետաճշմարտության թմբիրից... Հենց դրա հետևանքն է, որ ըստ Գելափի, 97 տոկոսի համար անընդունելի է արցախցիների` որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը: Բայց պետք է հաջորդ սթափեցնող ազդակը, որ հայ ժողովուրդը անցում կատարի դեպի Ազգ-բանակ և Երկիր ամրոց:
Բայց Չորրորդ տեղեկատվական հեղափոխության և զարգացած ինտերնետի դարաշրջանում, երբ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական «իրականությունը» (կամ միանալ գոյություն ունեցողներին), իրավիճակը սրվում է նրանով, որ իրականությունից փախչելու խնդիրը դառնում է սոցիալական թրենդ՝ գրավելով մեծ խմբեր, ժողովուրդներ, երկրներ և քաղաքական դասեր: Սակայն այդ չարիքը կարելի է վերածել բարիքի` նույն տեխնոլոգիաներն օգտագործելով ցանցային ազգ և ցանցային պետություն կերտելու համար: Հայերս դրա համար ունենք ամեն ինչ, սակայն մեր թշնամիները իրենց կամակատար Նիկոլի ձեռամբ արագացնում են հայոց պետականության ոչնչացումը: Եվ այդ գործընթացի շրջանակներում տարատեսակ սորոսական տականքների և անուղեղ մտավորականների ձեռամբ փորձում են Արցախում ակտիվացնել արտահերթ ընտրությունների օրակարգը, որը կավարտվի Արցախի սուբյեկտայնության վերացումով: Երևի թե, սրանց շատ է խանգարում արցախցու հրաշալի հաստակողությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ