Թուրք-ազերիները կհրաժարվե՞ն «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից
Վերլուծություն
Թուրքիայի սահմանի հետ կապված ներկայացված ընդհանրական ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248853&l=am), թերեւս պատահական չէր, որ Թուրքիա բեռներ ուղարկելուն զուգահեռ՝ նախ Միրզոյան Արարատը հանկարծ հիշեց, որ Լավրովի եւ Բայրամովի հետ վերջին չկայացած հանդիպումն ամենեւին էլ չեղարկված չէ: Ապա Մոսկվան հիշեցրեց «խաղաղության պայմանագրի» մասին, եւ գրեթե անմիջապես էլ Հայաստան այցելեց ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը, եւ այդ ֆոնին Միրզոյան Արարատը չհապաղեց զանգահարել Լավրովին՝ խոսելով « Երեւանի ու Մոսկվայի միջեւ դաշնակցային հարաբերությունները ամրապնդելու փոխադարձ մտադրության» մասին:
Թե ինչ են քննարկել Խովաեւի հետ, իհարկե, միայն պաշտոնական «չոր» հաղորդագրություններն են: Սակայն դրանցում որոշ հետաքրքիր նյուանսներ կան: Օրինակ, Նիկոլի եւ Միրզոյանի հետ այդ հանդիպմանը մասնակցած ՀՀ ԱԽՔ-ը տարածեց հաղորդագրություն, թե հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը եւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Նման է նրան, որ հիմնական թեման եղել է ՌԴ-ի առաջարկած «խաղաղության պայմանագրի» տարբերակը, որի ընթացքն անհամեմատ կհեշտանա, եթե Թուրքիան օրակարգից իրոք հանի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը: Ընդ որում, եթե այդ թեման, այսպես ասենք, դառնա ոչ արդիական, ապա Նիկոլը եւս երեւի ստիպված լինի նորից ամենայն ջերմությամբ լցվել ռուսական «խաղաղության պայմանագրի» հանդեպ: ԱԽՔ Գրիգորյանն այդ դեպքում միգուցե նորից այց կատարի Լոնդոն, բայց դե ամեն անգամ Mi-6-ում նրան հո գրկաբաց չեն ընդունելու:
Առավել եւս, որ Mi-6-ը կարծես թե այս պահին բոլորովին այլ հոգսեր ունի: Եթե հանկարծ Էրդողանն իրոք որոշի «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն բավարարվել ընդամենը Հայաստանով անցնող ճանապարհներով՝ այդ տերմինների աշխարհաքաղաքական վերահսկողության իմաստով հանդերձ, ապա դա ջուրը կլցնի Mi-6-ի մի ամբողջական ծրագիր: Ամեն դեպքում, կա տպավորություն, որ բրիտանացիների համար ներկա պահին Էրդողանն է դարձել թիրախային, հաշվի առնելով թեկուզեւ այն համառ լուրերը, որ Mi-6-ն անգամ Զելենսկուն է հանձնարարել՝ մինչեւ գարուն հրաժարվել Էրդողանին անգամ բարեւելուց: Իմաստը կարելի է կռահել. Թուրքիայում ընտրություններ են, եւ Արեւմուտքը, նաեւ երկրաշարժի իրողությունները հաշվի առնելով, կփորձի Թուրքիայում հասնել իշխանափոխության:
Մյուս կողմից, ինչպես եւ սպասվում էր, էրդողանական թեւը շարունակում է համառորեն շրջանառել արհեստական երկրաշարժի գաղափարը, ու հաշվի առնելով, որ հատկապես տուժած շրջաններում շատ մեծ է կրոնամոլության եւ ամերիկամերժության մակարդակը, ապա այդ գաղափարը դժվար չի լինի արմատավորել:
Ամեն դեպքում, այն տպավորությունն է, որ Անկարա-Արեւմուտք բախումը արդեն իսկ անցել է անվերադարձելիության կետից, եւ սա Էրդողանի համար հավելյալ շարժառիթ է ռուս-իրանական ուղղությունը հնարավորինս զարգացնելու համար:
Գումարած, այսօր նախագահ Սիի հրավերով Պեկին է մեկնում Ռայիսին: Արեւմտյան լրատվամիջոցներն արդեն իսկ սկսել են նյարդային ռեակցիա դրսեւորել՝ այդ այցի հետ կապված: Հիմնականում գրում են, որ այցը վկայում է երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման մասին, քանի որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը սրվում է: Նաեւ, որ կլինեն պայմանավորվածություններ, որոնք էապես կամրապնդեն Մոսկվա-Պեկին-Թեհրան եռանկյունին, որը Վաշինգտոնի համար լրջագույն մարտահրավեր է: Առավել եւս, որ չին-ամերիկյան հարաբերություններն իրենց հերթին են աչքի առաջ սրվում, ամերիկացիներն արդեն ամենօրյա ռեժիմով սկսել են չինական «թռչող ափսեներ» խփել: Բայդենն էլ դրանք «շփոթում» է իրական արտերկրյա քաղաքակրթությունների հետ, եւ այս պատմությունն արդեն ամենալուրջ հարվածն է հասցնում ԱՄՆ-ի վարկանիշին:
Այս իրավիճակը Էրդողանի համար, ինչ խոսք, հավելյալ ազդակ է, արդեն ոչ թե միայն ռուս-իրանական, այլ՝ ռուս-չին-իրանական ուղղության հետ առնվազն խորը հակասությունների մեջ չմտնելու համար: Ու, կրկնենք, դա նաեւ անմիջականորեն կապված է «Զանգեզուրի միջանցքի» տեսլականը շարունակել-չշարունակելու հետ:
Իսկ եթե վերջնական կողմնորոշումը լինի (կամ՝ արդեն կա) չշարունակելը, ապա դա նաեւ Ալիեւին է տարօրինակ վիճակի բերում: Եթե թուրքական ազդակները փորձի մի կողմ թողնել, ապա միայն Mi-6-ի հաշվին կարո՞ղ է դիմանալ ռուս-չին-իրանական ուղղության հետ հակամարտությանը: Ընդ որում, մյուս «մեծ եղբայրը»՝ Իսրայելը, եւս այս պահին սեփական խնդիրներն ունի: Այնտեղ բողոքի մասշտաբային ալիք է՝ ուղղված Նեթանյահուին: Բանը հասել է նրան, որ Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը ժողովրդին դիմեց հատուկ ուղերձով, թե իշխանությունը չի կարելի կաթվածահար անել: Նաեւ, որ՝ «Երկիրը գտնվում է սահմանադրական եւ սոցիալական կոլապսի եզրին»: Սակայն դա էլ իրավիճակը չի կանգնեցնում, եւ թե ուր կգնա այս բողոքի ալիքը, անորոշ է: Այսինքն, այս պահին գործնական օգնություն Իսրայելից ակնկալել Ալիեւը, իհարկե, չի կարող:
Իսկ ահա ռուսներն էլ ակտիվացնում են «խաղաղության պայմանագրի» առաջարկը, եւ այն տպավորությունն է, որ Ալիեւի համար եւս դա կարող է դառնալ միակ իրատեսական տարբերակը: Առավել եւս, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի երեկ Բաքվում արած հայտարարությունն իրականում ծանր ազդակ է ոչ միայն Նիկոլի, այլ նաեւ Ալիեւի համար: «Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում պետությունների ղեկավարների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով: Մենք առաջնորդվելու ենք դրանով եւ մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածությունները իրականանան: Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- Վոլոդինի խոսքերը մեջբերել է Պետդումայի պաշտոնական կայքը: Կարճ ասած, վերջ տվեք բրյուսելներին, վերջը վատ կլինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ