«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը կալանավորվեց

Դատարանը բավարարել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:
Պայթյունից շուրջ յոթ ամիս անց ձերբակալվել է նաև առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:
Բացի այդ, չի ապահովել օրենսդրությամբ սահմանված և նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարումը, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով, չի իրականացրել պահեստների և շինությունների տեղաբաշխումը, չի մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չի պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, որոնց հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պատճառելով 566 մլն 329 հազար 823.5 դրամ գույքային վնաս:
Մադաթովայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը և հրդեհային անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: