Դժվարությունները վստահ եմ՝ ժամանակավոր են. Հովհաննես Բաբախանյան
Մշակութային
ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ դերասան, երգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ համար գարնան առաջին ամիսը տոնական է լինելու: «Իրավունքի» հետ զրույցում նա փակագծեր բացեց:
— Այս տարի լրանում է Ձեր 55-ամյակը եւ մարտի 18-ին տեղի կունենա Ձեր 55-րդ մենահամերգը: 55-ը նախանշա՞ն է, թե՞ զուգադիպություն:
— Ե՛վ նախանշան, ե՛ւ զուգադիպություն… Այս երկուսին գումարվում է նաեւ պատասխանատվությունս ու կարոտս, որ տածում եմ իմ անփոխարինելի հայ հանդիսատեսի հանդեպ:
— 55 տարիներն ի՞նչ տվեցին Ձեզ:
— Ինձ տվեցին ապրելու եւ ստեղծագործելու լուսավոր ու երջանիկ ընթացք, անսահման սեր, ընտանիք, զավակներ, որի համար երախտապարտ եմ Աստծուն:
— Ամենաերջանիկ պահը ո՞րն է եղել:
— Ամենաերջանիկ պահը, որ ուզում եմ առանձնացնել Աստծո պարգեւներից, ամենամեծն է՝ ծնվեց իմ թոռնուհին:
— Ծննդյան օրը սիրո՞ւմ եք նշել:
— Գիտեմ, որ պետք է ասեմ՝ ոչ, բայց եթե անկեղծ լինեմ՝ այո, ծննդյանս օրը սիրում եմ նշել, որովհետեւ սա լավ առիթ է հանդիպելու հարազատ մարդկանց եւ հետադարձ հայացք գցել արվածիս…
— Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:
— Ջերմություն եւ սեր…
— Հայաստանը հիշելիս` ամենաշատն ի՞նչն եք կարոտում:
— Հարազատներիս, ընկերներիս… Կարոտում եմ իմ հարազատ Դրամատիկական թատրոնն ու իմ հանդիսատեսին…
— Ի դեպ, այս տարի լրանում է հայկական կինոյի 100-ամյակը: Ըստ Ձեզ, հայկական կինոն այսօր ի՞նչ վիճակում է:
— Մենք ունեք համաշխարհային մեծության հայ կինոյի հայրեր, որոնք միշտ բարձր են պահել եւ շարունակում եմ պահել հայ կինոն: Իսկ եթե այսօր կան դժվարություններ, ապա, վստահ եմ՝ ժամանակավոր են:
— Իսկ այսօր ովքե՞ր են հայ կինոյի մեծերի անունները փորձում բարձր պահել ու շարունակել նրանց գործը:
— Բոլոր այն արվեստագետները, ովքեր կարողանում են ստեղծագործել տիեզերական անսահմանության մեջ… Ստեղծել համաշխարհային հնչեղության, դասական արվեստի արժեքներ, որոնք մեր ազգայինը ներկայացնելով աշխարհին` դառնում են հավերժության մաս… Նրանք, ովքեր համարձակ են ու վեհ իրենց սկզբունքային ընտրության մեջ… Նրանք, ովքեր հասկանալի են, անկաշկանդ, պարզ ու հանճարեղ…
— Կինո, թատրոն, թե՞ երգարվեստ, ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ:
— Ե՛վ կինոն, ե՛ւ թատրոնը, ե՛ւ երգարվեստը… Բոլորն էլ ինձ համար անփոխարինելի են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ