Ի վերջո, ինչու Լավրովը հասավ Բաքու
Վերլուծություն
Հայ-ադրբեջանական ուղղությամբ ինչ էֆեկտ կունենա Լավրովի այցը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=249952&l=am), թերեւս պարզ կդառնա նաեւ այն ազդակից, թե դրան կհաջորդի՞ Լաչինի միջանցքի բացումը: Սակայն, կրկնենք, Լավրովի այցի ընթացքում տեսանելի էին նաեւ հայաստանյան ուղղության հետ ուղիղ կապեր չունեցող գործոններ, որոնք սակայն խորքային իմաստով որոշում են կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագան:
Բայրամովը` Լավրովի հետ ասուլիսում մեծ ոգեւորությամբ էր խոսում ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակի եւ դրանց թվում անդրադարձավ նաեւ գլոբալ ծրագրերին: Խոսքը մասնավորապես՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասին է, որը, ինչպես հայտնի է, առաջ են տանում ՌԴ-ն, Իրանը եւ Հնդկաստանը, եւ որը կարող է դառնալ նաեւ չինական «Մետաքսի ուղու» դետալներից մեկը: Այն, որ այս նախագիծը մեծապես կարեւորվում է նաեւ Ռուսաստանի կողմից, դժվար չէ կռահել, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ այդ թեման հատուկ ընդգծվեց նաեւ Պուտինի վերջին ուղերձում՝ որպես ՌԴ-ի համար առանցքային խնդիր:
Իսկ ահա Բայրամովը, ըստ կոմունիկացիաների մասին Լավրովի խոսքի տրամաբանության, Մեղրիի ուղին բերեց-կապեց այս անգամ ոչ թե «Զանգեզուրի միջանցքի», այլ` «Հյուսիս-Հարավի» տրամաբանության հետ, որպես մի կողմից` դեպի Իրան եւ մյուս կողմից` Հայաստան-Թուրքիա տանող խոշոր կոմունիկացիա: Ու սա ընդամենը տերմինների հետ խաղ չէ. «Զանգեզուրի միջանցք» ասվածի համատեքստում Իրանի մասին, որը կտրուկ դեմ է նման միջանցքին, անգամ չի ակնարկվում:
Իհարկե, սա ամենեւին էլ դեռ չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի համար վերջնականապես է կորցրել իր բուն իմաստը: Սակայն որոշ գործոններ, որոնց մասին խոսելու առիթներ ունեցել ենք, Բաքուն չի կարող անտեսել: Նախ, Թուրքիայի վիճակն այս պահին «մարտական» չէ, որ դեռ մի բան էլ Ալիեւին օգնի` ընդդեմ ՌԴ-Իրանի` «Զանգեզուրի միջանցք» բացել: Երկրորդը, Իսրայելի ծայրահեղ խառը վիճակն է Ալիեւի ախորժակը զսպում: Վերջապես, ուկրաինական պատերազմում, Չինաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ի զարգացումներն ակնհայտ են: Այսինքն, հիմա Ալիեւի համար ավելի ռացիոնալ է խոսել ՌԴ-ի հետ «ռազմավարականին մոտեցող» հարաբերություններից, Ռուսաստանի մասնակցությամբ մեգածրագրերից եւ այլն:
Բայց նաեւ աչքի առաջ է պետք ունենալ, որ ԱՄՆ-ն շարունակում է հետեւողականորեն աշխատել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի, այն վերահսկելու եւ այդ հենքի վրա Կենտրոնական Ասիա դուրս գալու ծրագրերի ուղղությամբ: Դրա իմաստն էլ է հասկանալի. գերակտիվ տեմպերով առաջ է գնում Մոսկվա-Պեկին-Թեհրան աշխարհաքաղաքական եռանկյունու ստեղծման գործընթացը, եւ եթե այն հասնի ավարտական փուլին, ապա սա ԱՄՆ-ի համար ծանրագույն վիճակ կառաջացնի ինչպես Կովկաս-Թուրքիա, Մերձավոր Արեւելք ուղղություններով, այնպես էլ` Ուկրաինայում, ընդհուպ` ԵՄ-ի սահմանները: Ասենք թե դրանից հետո կհաջողվի՞ վերահսկողության տակ պահել ԵՄ-ն, դա էլ է հարց:
Ինչեւէ, Բլինքենի երեկվա շրջայցը դեպի Կենտրոնական Ասիա` Ղազախստան, որտեղ նա հավաքում է տարածաշրջանի հինգ երկրների արտգործնախարարների, արդեն իսկ խոսում է ԱՄՆ-ի ակտիվության մասին մեր եւ այդ տարածաշրջանում: Ընդ որում, այդ երկրներում, իհարկե, ամերիկյան ծրագրերն առաջ տանելու համար պարարտ հող կա, որը տեւական ժամանակ մշակել է Թուրքիան:
Բայց նաեւ Վաշինգտոնի համար կան նույն հարցերը, ինչ Հարավային Կովկասի հարցով: Նախ, Էրդողանը, որին ամեն կերպ փորձում են հեռացնել, ինչո՞ւ պետք է իր աշխատանքի արդյունքները նվիրի Բայդենին: Երկրորդը, Կենտրոնական Ասիայում քաջ գիտակցում են, որ այսպես թե այնպես, իրենք եղել եւ մնում են ոչ թե պարզապես Ռուսաստանի հարեւանները, այլ որ ներկայումս առավել ազդեցիկ է, Մոսկվա-Պեկին-Թեհրան աշխարհաքաղաքական եռանկյան կենտրոնում գտնվող տարածաշրջան: Վերջապես, մինչեւ Վաշինգտոնի խոստացած Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքին հասնելը, նախ պետք է Կասպից ծովը հաղթահարել, որտեղ, ի դեպ, ՌԴ-ն եւ Իրանը տպավորիչ ուժեր ունեն: Եվ, հասկանալի է, պատահական չէ, որ այդ երկրները որոշեցին չեզոք մնալ ուկրաինական պատերազմի հետ կապված, քանի դեռ վերջնականապես չեն տեսել` ո՞վ է հաղթող կողմը:
Մի խոսքով, նորից հասնում ենք նույն բանին` ինչպե՞ս կավարտվի ուկրաինական պատերազմը: Այն իմաստով, որ դրանից, իրոք, կախված է աշխարհի ապագան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ