Մոսկվան ունի՞ Վաշինգտոնի «հեղափոխական» գրոհների դեմն առնելու տարբերակներ
Վերլուծություն
Իհարկե, Մոսկվան հստակ գիտակցում է, թե իր դեմ ուղղված ներկա մասշտաբային արշավն ուր է տանում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=250600&l=am): Ամեն դեպքում, Մարտի 8-ի կապակցությամբ Կրեմլում՝ կանանց պետական մրցանակների հանձնման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց այդ մասին. «Այժմ, երբ Ռուսաստանը եւս մեկ անգամ բախվել է իր անվտանգության եւ ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքներին…»:
Գիտակցելը մեկ բան է, դրանց դեմն առնելը` այլ բան: Ըստ այդմ, ի՞նչ պատասխան կարող է տալ Ռուսաստանը՝ թվարկված ամերիկյան գրոհներին:
Ամենակարեւորը, իհարկե, թուրքական իշխանափոխությունն է: Սակայն այստեղ դեռ կա այն հարցը, թե կկարողանա՞ ԱՄՆ-ն Թուրքիայում հասնել իշխանափոխության: Շանսերը, իհարկե, մեծ են, հաշվի առնելով Էրդողանի ներկայիս վարկանիշը:
Բայց մյուս կողմից էլ նկատելի է, որ ինչքան էլ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հռչակվեց ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միակ թեկնածուն` Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններում, սակայն նա Էրդողանի համար եղածներից ամենահարմար մրցակիցն է: Քըլըչդարօղլուն, իհարկե, ունի վարկանիշ, նաեւ ներկա դերով Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հովանավորյալն է: Բայց նաեւ ունի մի շարք խոցելի կետեր: Առաջին հերթին, նրան վերագրվող ծագումնաբանությունը` հայ հոր եւ հրեա մոր որդի: Այսինքն, նրան Թուրքիայում ընկալեն հայ, թե` հրեա, երկու դեպքում էլ ընտրողների մի պատկառելի մասի համար դա ընկալվում է, որպես թշնամի, ու այդ խաղաքարտն Էրդողանը, իհարկե, առավելագույնս կօգտագործի: Նաեւ` ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրածո (էլ չասած` հրեա) լինելու փաստը, ելնելով այն հանգամանքից, որ լայնորեն տարածվում է երկրաշարժը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից կազմակերպված լինելու ծավալվող թեզից, Էրդողանի համար եւս մեկ հաղթաթուղթ է:
Սրանից զատ, քրդամետ ուժերն ընտրությունների կգնան առանձին, այսինքն՝ նրանց ընտրազանգվածը, որը որեւէ պարագայում Էրդողանին չէր աջակցելու, այլ կարող էր հավաքվել հակաէրդողանական «ընդհանուր կաթսայում», մի բան էլ ձայներ է «փախցնելու» այդ «կաթսայից»: Քըլըչդարօղլուի դեմ դուրս կգա նաեւ ողջ իսլամիստական զանգվածը, որը թեեւ զիջել է դիրքերը, բայց էլի պատկառելի քանակ է: Քըլըչդարօղլուի դեմ հանդես կգա նաեւ համաամերիկյան տարրը, որը Թուրքիայում աճի մեջ է: Մինչդեռ այս ամենը կարող էր հոսել դեպի ընդդիմություն, եթե միասնական թեկնածուն լիներ Անկարայի կամ Ստամբուլի քաղաքապետը, որոնց ընդդիմադիր դաշինքը մերժեց:
Բայց այլ էական դետալներ եւս կան: Ինչպես Իրանում, այնպես էլ Ռուսաստանում հասկանում են, թե Քըլըչդարօղլուի ընտրվելն ինչ հետեւանքների կարող է տանել: Թեհրանը, ինչ խոսք, նաեւ պարզ գիտակցում է, որ առնվազն ներկայիս տեսքով գոյատեւման խնդիրը եւս կա: Ամեն դեպքում, նախօրեին Չավուշօղլուի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանի հայտարարությունը եւս այդ մասին է ակնարկում: Ըստ Աբդոլլահիանի` Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացնում է, որ բոլոր պետությունները պետք է խելամիտ գործեն իսրայելական ռեժիմի վարքագծի նկատմամբ եւ թույլ չտան Իսրայելին ոտք դնել կովկասյան տարածաշրջան: Չնայած, այստեղ միայն մտահոգություն եւ սպառնալիք չէ, որ կարելի է տեսնել: Երբ նման հայտարարություն արվեց Չավուշօղլուի ներկայությամբ, ու նա չսկսեց հակառակի մասին խոսել, դա նաեւ ակնարկ է, որ ավելի վաղ այս գերխնդիրը քննարկել են եւ, մեծ հավանականությամբ, եկել ընդհանուր հայտարարի:
Ինչեւէ, ունենք մի իրավիճակ, երբ Թեհրանին եւ Մոսկվային այլ տարբերակ պարզապես չի մնում, քան իրենց ռեսուրսները Էրդողանին օգնության համար ներդնելը: Իսկ նման ռեսուրսներ, ինչ խոսք, երկուսն էլ ունեն:
Ռուսաստանի համար ամերիկյան հարձակումների մյուս ուղղությունները, վտանգները դեռ կախված են Թուրքիայից: Բայց, իհարկե, ամենակարեւորն այս պահին մնում է նախ` ուկրաինական ուղղությունը եւ ապա` Չինաստանի հետ հարաբերությունները:
Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունների աննախադեպ դրական դինամիկայի մասին խոսում են անգամ ամերիկյան եւ եվրոպական հարթակները: Ընդ որում, այստեղ եւս մեկ դետալ կա, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:
Այսպես, միայն Չինաստանից վերադառնալուց հետո Լուկաշենկոն հստակ արձագանք տվեց Մինսկի մերձակա Մաչուլիշչիի օդանավակայանում փետրվարի 26-ին տեղի ունեցած ուկրաինական հարձակմանը: Նախ, կալանավորվեց հարձակման բուն կազմակերպիչը: Փաստը, որ ուկրաինական գրոհայինի տեղն իմանալով, նրան բռնեցին միայն Լուկաշենկոյի վերադառնալուց հետո, նշանակում է, որ նաեւ չինական այցի արդյունքների հիման վրա է որոշվել, թե ինչ ընթացք են տալիս Կիեւի հետ հարաբերություններին: Եվ որոշվել է ամենակոշտ ընթացքը տալ, հաշվի առնելով, որ Լուկաշենկոն Զելենսկուն հրապարակավ «ոջիլ» հռչակեց:
Եվ եթե չինական այցից հետո, ապա սա անուղղակիորեն հերթական անգամ է ակնարկում Ռուսաստան-Չինաստան-Բելառուս ակտիվ, դաշինքային կարգի հարաբերությունների մասին: Եվ դրան, իհարկե, պետք է ավելացնել նաեւ Իրանին: Գումարած, թե ուր կշարժվի Էրդողանը, եթե հաջողվի խուսափել ԱՄՆ-ի ծրագրած իշխանափոխությունից, դա էլ է առաջին պլանի հարց:
Վերջապես, երբ Պուտինը խոսում է «Ռուսաստանի ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքներ» տերմինաբանությամբ, ապա դրա տակ չմոռանանք նաեւ ինչ կա: Ռուսաստանի ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքներն այն դեպքերի թվում են, երբ պետությունը ոչ միայն կարող է, այլ պարտավոր է միջուկային ուժ գործադրել` նման վտանգները չեզոքացնելու համար կամ, որպես պատասխան, փոխոչնչացնող հարված: Վաշինգտոնն այդ մասին չպետք է մոռանա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ