Մերձավոր Արեւելքում արմատական փոփոխությունները Հայաստանը չեն շրջանցի
Վերլուծություն
Վրացական «հեղափոխությունը» կարծես թե կանգ է առել: Ամեն դեպքում, երկու-երեք օր տեւած զանգվածային գործողությունները, որոնք արդեն սկսում էին ակտիվ բախումների տեսք ստանալ` պետության գլխին կախելով քաղաքացիական պատերազմի ռեալ վտանգը, ներկայումս գոնե տեսանելի չէ:
ՈՒՐ ՀԱՍԱՎ ՎՐԱՑԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»
Թե ինչ է կատարվում այս օրերին Վրաստանում, ինչու «հեղափոխականները» կանգ առան, կան տարբեր վարկածներ: Սկսած նրանից, որ բողոքողները հասան իրենց ուզածին` արգելափակեցին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, վերջացրած, որ վրացական իշխանությունները գնալով զիջումների, նաեւ ուժ եւ վճռականություն ցուցաբերեցին` կանխելով հետագա ծանր զարգացումները: Իհարկե, այս բոլոր գործոններն էլ ինչ-որ չափով ազդեցին իրավիճակի վրա: Սակայն որոշ նյուանսներ, որոնց մասին արդեն խոսելու առիթ ունեցել ենք, թերեւս հիմնական ազդող գործոնն էին: Եվ առաջին հերթին այն, որ «հեղափոխության» թիկունքին կանգնած ամերիկացիները կարծես թե մեկ բան հասկացան. այս տարբերակով կստանան ոչ թե իշխանափոխություն, այլ ընդհուպ` քաղաքացիական պատերազմ, որը որեւէ օգուտ չի տա: Այսինքն, խնդիրը Վրաստանում հակառուսական երկրորդ ճակատ բացելն է, որի համար պետք է անցնցում իշխանափոխություն: Բայց քաղաքացիական պատերազմի տարբերակի դեպքում Վրաստանն այն կարգի կթուլանա, որ երկրորդ ճակատ բացելը դեռ մի բան էլ կարող է Մոսկվայի օգտին աշխատել. թուլացած Վրաստանը վերահսկողության տակ առնելու համար ռուսական բանակից հաշված օրեր կպահանջի:
Բացի այդ, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, առանց Թուրքիայի մասնակցության երկրորդ ճակատն ամեն տարբերակով է անիմաստ: Վրաստանն անկախ նրանից, թե քաղաքացիական պատերազմ ունի, թե` ոչ, ռազմական առումով այս պահին էլ այն ուժը չէ, որ կարողանա գոնե նվազագույն դիմադրություն ցույց տալ անգամ ներկա բարդ վիճակում գտնվող ռուսական բանակին: Դա պարզ հասկանում են նաեւ ոչ միայն վրացական իշխանությունները, այլ նաեւ՝ բնակչությունը: Այսինքն, ինչքան էլ ակտիվ «հեղափոխության» պատրանք կար, սակայն փաստն այն է, որ բողոքավորների շարքերը բավականին նոսր էին եւ այդպես էլ մնացին. 20-30 հազար մարդ, որից հազիվ 3-5 հազարն էր ակտիվ բախումների պատրաստ: Ընդ որում, թեեւ անգամ Ուկրաինայում կռվող վրացի վարձկանների մեկ-երկու խումբ ուղարկեցին Թբիլիսի` ժողովրդին ակտիվ կռվի մղելու համար, սակայն անգամ դա էֆեկտիվությամբ չփայլեց: Ժողովուրդը պարզապես չի ցանկանում ուկրաինացիների վիճակում հայտնվել, ու դա անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ի կամ Արեւմուտքի նկատմամբ:
Առավել եւս, որ վրացական իշխանությունները հենց այդ ազդակներն է, որ մի գլուխ հղում են ժողովրդին. երկրորդ ճակատ խաղալը կլինի կործանարար: Նույն բանը նախօրեին, երբ կրքերը որոշակիորեն թուլացել էին, պնդեց նաեւ վարչապետ Ղարիբաշվիլին` հատուկ ընդգծելով, որ Զելենսկին (պետք է հասկանալ` Զելենսկու տերերը) փորձում է Թբիլիսին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ՝ հանուն իր շահերի: Ավելին, նա ավելորդ անգամ մատնանշեց, որ նույնիսկ Սաակաշվիլուն Վրաստան ուղարկելով, հենց նույն նպատակն էր դրված. «Սաակաշվիլիին կազմակերպված կերպով ուղարկեցին, հիմնական նպատակն այստեղ հեղաշրջում անելն ու ճիշտ պահին երկիրը պատերազմի մեջ ներքաշելն էր: Մենք այսօր դրանում չենք կասկածում»: Ու եթե դա ստացվի, ապա Վրաստանը «կդառնար երկրորդ Մարիուպոլը»: Ու ընդամենը նրա համար, որ. «Ուկրաինան ժամանակ շահեր»: Իսկ վրացիներն այնքան խելք ունեն, որ հանուն չգիտես ում շահերի չդառան «երկրորդ Մարիուպոլը»:
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ԴԻՄԱԳԻԾԸ
Այլ հարց, եթե հաջողվի Թուրքիային ներքաշել երկրորդ ճակատի մեջ. դա կարող է այլ տրամադրություններ ստեղծել նաեւ Վրաստանում, եթե հեռանկարային համարեն երկրորդ ճակատի միջոցով Աբխազիան եւ Հարավային Օսեթիան գրավելու հարցը: Սակայն Թուրքիային երկրորդ ճակատի մեջ ներքաշելու համար ամերիկացիները նախ պետք է կարողանան այնտեղ հասնել իշխանափոխության, որը, ի դեպ, բավականին մշուշոտ դարձավ այն բանից հետո, երբ ընդդիմությունը սկսեց ուղղակիորեն խոսել Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների փչացնելու եւ ամերիկյան վերահսկողության դաշտ վերադառնալու մասին: Առավել եւս, որ զուգահեռաբար տեղի ունեցավ նաեւ այնպիսի առանցքային շրջադարձ, որը կարող է հիմքից փոխել ողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքական դիմագիծը:
Խոսքը՝ Չինաստանի միջնորդությամբ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ստորագրած համաձայնագրի մասին է: Առաջին հայացքից էական բան չկա. Իրանն ու Սաուդյան Արաբիան որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, դեսպանատները եւ գնալ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սակայն իրականում սա ընդամենը երկու տարածաշրջանային պետությունների խնդիր չէ: Նախ, այս երկրները իսլամի երկու թեւերի առաջնորդներն են, այսինքն, խոսքը նաեւ շիաների եւ սունիների միջեւ կոմպրոմիսային հեռանկարների մասին է: Հաջորդը, այս երկրների ներկա թշնամանքի հաշվին ԱՄՆ-ն ու Իսրայելը պահպանում էին իրենց մոնոպոլ դիրքերը տարածաշրջանում: Նաեւ, Իրանին ռազմական հարված հասցնելու գործընթացում սունի մահմեդականները դիտարկվում էին որպես շիաների դեմ պատերազմում «թնդանոթի մսի» դերում:
Ու հիմա, եթե Իրանն ու Սաուդյան Արաբիան մինչեւ վերջ հասցնեն այս կոմպրոմիսային գործընթացը, ապա ԱՄՆ-ն ու Իսրայելը կորցնում են թվարկված բոլոր առավելությունները: Հաջորդը, այդ գործարքով Պեկինը ցույց տվեց, որ Մերձավոր Արեւելքում ունի մեծ կշիռ, ինչը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մոնոպոլիային հասցված ծանր հարված է: Առավել եւս, որ մեկ այլ նման հարված էլ գալիս է Ռուսաստանից` սկսած սիրիական պատերազմում ստանձնած դերակատարումից, Իրանի հետ հարաբերություններից եւ հիմա էլ Թուրքիայի եւ Սիրիայի միջնորդի դեր է ստանձնում:
Խոշոր հաշվով, եթե այս ամբողջը ծրագրված ավարտին հասնի, ապա ԱՄՆ-ին կմնա միայն` «հավաքել ճամպրուկները» եւ հեռանալ Մերձավոր Արեւելքից: Թերեւս հենց այդ հեռանկարների արդյունքն է այս օրերին Իսրայելում ծավալվող աննախադեպ զանգվածային, որոնք շատ փորձագետներ համարում են հրեական աշխարհի արեւմտյան հատվածի կողմից «Իսրայել պետություն» ծրագրից, այն է` պետականությունից հրաժարվելու քաղաքականություն, որի դեմ փորձում են պայքարել պետականությունը պահելու կողմնակիցները: Սակայն դատելով նրանից, որ ակցիաների մասնակիցների թիվն արդեն անցնում է կես միլիոնից, կա տպավորություն, որ պետականությունից հրաժարվողների դիրքերն ավելի շահեկան են:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՆԱ՞ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ»
Կարճ ասած, Մերձավոր Արեւելքում վերահսկողությունը պահելու ԱՄՆ-ի ներկա հնարավորությունները դարձել են առավել քան մշուշոտ: Ամերիկացի սենատոր Բիլ Հագերթն իրավիճակին այս միանգամայն ընդունելի գնահատականն է տվել. «Կար ժամանակ, երբ Միացյալ Նահանգներին չէր կարելի անտեսել: Բայց Բայդենի հաճախ անարդյունավետ վարչակազմը փչացրեց դա: Բայդենը թույլ տվեց Չինաստանին դառնալ նոր միջնորդ ուժ Մերձավոր Արեւելքում: Սա Ամերիկայի անկումն է Բայդենի օրոք...»: Ու դա չափազանցություն չէ, հաշվի առնելով, որ Մերձավոր Արեւելք ասելով՝ հասկացվում է նավթի համաշխարհային հիմնական պահեստարան, եւ հիմա հարվածի տակ է բուն նավթադոլար հասկացությունը, որին փոխարինելու կգա նավթայուանը` բոլոր հետեւանքներով հանդերձ:
Վաշինգտոնը կարո՞ղ է կանխել այս հեռանկարները: Քաղաքական քայլերով իրավիճակ փոխել չի ստացվում. հիշենք Բայդենի` Մերձավոր Արեւելք կատարած խայտառակ այցը: Ռազմական առումով խնդրի լուծումը եւս տեսնելի չէ: Լավ, ասենք ԱՄՆ-ն պատերազմ սկսեց, ինչպես, օրինակ, Իրաքի պարագայում էր: Լավագույն դեպքում դա կարող է վերածվել Իսրայելի դեմ ողջ իսլամական աշխարհի արշավին, բայց արդեն թիկունքին ունենալով Իրանի ռազմական պոտենցիալն ու չին-ռուսական դաշինքը: Վատագույն դեպքում դա Երրորդ աշխարհամարտ է: Միաժամանակ, ԱՄՆ-ն Ուկրաինայում արդեն իսկ փաստացի պատերազմի մեջ է: Օրակարգում է Թայվանում Չինաստանի հետ բախման մեջ մտնելու հեռանկարը: Եվ եթե Մերձավոր Արեւելքը վերածվի երրորդ ճակատի, Վաշինգտոնն աննախանձելի վիճակում է հայտնվելու:
Ի՞նչ ուղի կընտրի ԱՄՆ-ն, դժվար է ասել: Իշխող ուլտրալիբերաստներից, իհարկե, ամեն բան սպասելի է: Սակայն նրանք եւս հասկանում են, թե ինչ ասել է Երրորդ համաշխարհային պատերազմ: Այսինքն, ինչ-որ մի սահման կփորձեն բազմակողմանի ճնշումներ սկսել, միգուցե նաեւ Թայվանի թեման այս պահին սրել: Սակայն Վաշինգտոնում պետք է որ պարզ գիտակցեն, որ այս ամենով Չինաստանն ազդարարեց, որ գործնականում է մտնում մեծ խաղի մեջ: Իսկ Վաշինգտոնի համար կա այն գերխնդիրը, որ Ուկրաինայի թեման չվերջացրած, նաեւ Չինաստանի հետ ուղիղ բախման գնալը կարող է մահացու լինել: Բայց եթե այս պահին չշրջվի Չինաստանի դեմ, ապա վաղը-մյուս օրը կարող է շատ ուշ լինել: Կարո՞ղ է շատ արագ փակել Ուկրաինայի հարցը: Իհարկե, եթե հետ քաշվի: Սակայն դա էլ կդառնա Մոսկվայի մեծ հաղթանակը, որն այն աստիճան կնվազեցնի ԱՄՆ-ի միջազգային կշիռը, որ միգուցե առհասարակ անիմաստ դառնա Չինաստանի հետ բախումը: Առավել եւս, որ կա Մոսկվա-Պեկին դաշինքը (նախագահ Սին պարտաստվում է Մոսկվա այցելել), գումարած Իրանը, եւ այլն:
Եվ իհարկե, այս իրողությունները չեն կարող շրջանցել նաեւ Թուրքիային, այդ թվում` սպասվող ընտրությունները: Կկարողանա՞ նման իրավիճակում, երբ նաեւ Թուրքիայում կա բավականին ծավալուն հակաամերիկանիզմ, իշխանության բերել ուժերի, որոնք էս գլխից են խոսում տարածաշրջանային ընթացքին հակադիր կուրսի մասին, որը, խոշոր հաշվով, նշանակում է նաեւ ողջ իսլամական աշխարհի հետ հակադրվել: Բարդ է, ինչքան էլ որ Էրդողանի վարկանիշը շատ ցածր է:
Իսկ եթե չստացվի, ապա նաեւ ռուսների դեմ կովկասյան հարթակում երկրորդ ճակատ բացելու հեռանկարներն են մնալու խիստ ցածր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ