Նիկոլն արդեն չդադարող երկկողմ հարվածների տակ է
Վերլուծություն
Վերջին ժամանակներս տարօրինակ իրադարձություններ են նկատվում Հայաստանի ներսում: Օրեր առաջ մեր տեղական արեւմտամոլները բուռն արշավ էին ծավալել պաշտպանության նախարար Պապիկյանի դեմ, ով իր բոլոր մեղքերով հանդերձ, ընդգծված արեւմտամոլի համարում չի ունեցել ու կարծես թե «վերջին կամուրջները» ռուսների հետ չի շտապում այրել: Մի պահ այն տպավորությունն էր, որ Նիկոլն էլ է միացել այդ արշավին, բայց հանկարծ կտրուկ շրջադարձ` կառավարությունից հայտարարեցին, որ չեն պատրաստվում Պապիկյանին հեռացնել:
«Ե՛Վ-Ե՛Վ»-Ն ԱՐԴԵՆ ԱՆՀՆԱՐ Է
Ու գրեթե անմիջապես էլ հաջորդ դետալն ուրվագծվեց. շրջանառության մեջ մտան լուրերն առ այն, որ նիկոլյան թիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ, ով, ի տարբերություն Պապիկյանի, ոչ միայն ընդգծված արեւմտամոլի, այլ նույնիսկ ամենաբարձրաստիճան արեւմտամոլներից մեկի համարումն ունի: Միաժամանակ սկսեց խոսվել այլ «բարձրաստիճան արեւմտամոլների» ուղղությամբ ճնշումների մասին եւս: Այսինքն, այս ամենն ընդամենը ներքին «ռազբորկանե՞ր» են, այսինքն, որ Նիկոլը պարբերաբար հենվում է պապիկյանական, հետո` «մաքուր սորոսածինական» թեւի վրա` փորձելով մյուսին ճնշել եւ իր դիրքերն ամրապնդել: Թե՞ սրա տակ աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր կա:
Երկրորդ վարկածի մասով նկատի ունենք հետեւյալը: Այն, որ ներկա փուլում Նիկոլը ՌԴ-ի կամ Արեւմուտքի միջեւ վերջնական ընտրություն կատարելու հրամայականի տակ է, կապված ոչ միայն Արցախի եւ հայ-ադրբեջանական թեմայի, այլ նաեւ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորն այս կամ մյուս կողմ ուղղորդելու հետ, վերջերս ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Ամեն դեպքում, դժվար է այլ բացատրություն տալ այն բուռն հարվածներին, որ արդեն գրեթե միաժամանակ գալիս են ինչպես ռուսական, այնպես էլ` արեւմտյան ուղղություններից: Ռուսական հարվածները մի պահ նույնիսկ հասան գագաթնակետին. հիշեցնենք Լավրովի` «դա թողնենք Փաշինյանի խղճին» եւ Վոլոդինի` «պետություն կարող եք կորցնել» աղմուկ հանած հայտարարությունները: Այդ ֆոնին էլ Նիկոլը մեկնեց Եվրոպա, եւ ինչպես ենթադրելու առիթ ունեցել ենք, այնտեղ, ըստ ամենայնի, նրան առաջադրել են ռուսական ուղղությունից վերջնականապես հրաժարվելու պահանջ, այդ թվում` ռուսական ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու տեսքով: Դա ընդունելը՝ խարակիրիի պես մի բան է, եւ երեւի մերժել է: Ամեն դեպքում, վերջին օրերին արեւմտյան ամենաբազմազան հարթակներից Նիկոլին ուղղված հարվածների պակաս չկա: Միայն վերջին օրերին նախ` «Freedom House»-ը Հայաստանում «քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների» անկում արձանագրեց` դրանով խամրեցնլով նիկոլյան «ժողովրդավարության փարոսի» փայլը: Էլ ավելի ծանր հարված. «Հերիթեյջ» հիմնադրամը Հայաստանի «տնտեսական ազատության ինդեքսը» ներկայացրեց նոր անկումով, եւ ներկա ցուցանիշն ամենավատն է 2001թ.-ից ի վեր: Ցնցող դետալ է. Նիկոլն իշխանության եկավ «ժողովրդի արյունը ծծող թալանչի օլիգարխներին» պատժելու, ազատ տնտեսություն ստեղծելու համար, երեկվա ասուլիսում ինչ-որ պայծառ ցուցանիշներ էր ներկայացնում ներկա վիճակի մասին, ու արեւմտյան այդ գործիքները ներկայացնում են ավելի վատ վիճակ, քան Քոչարյանի կառավարման սկզբնական փուլում, երբ Հայաստանը նոր-նոր էր սկսում հասկանալ, թե ինչ ասել է տնտեսական ազատություն:
Հասկանալի է, որ այս համակողմանի եւ արդեն միաժամանակ դարձած ճնշումներն օդից չընկան: Ընդ որում, դրանք կային Նիկոլի կառավարման նախնական փուլից ի վեր: Սակայն այն ժամանակներում նման հարվածները համեմատաբար մեծ ամպլիտուդ ունեին. լինում էր մի կողմից հարված, Նիկոլը ժամանակ ուներ այդ ուղղությամբ ինչ-որ բաներ անելու, ու մի որոշ ժամանակ անց լինում էր մյուս կողմից հարված: Միայն թե ժամանակի ընթացքում այդ հարվածների հաճախականությունը փոքրացավ եւ հիմա դարձել են գրեթե միաժամանակյա. նույն պահին հարվածները գալիս են ինչպես այն, այնպես էլ` մյուս ուղղությունից: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան վերջնական կողմնորոշման պահանջ: Ու դա, իհարկե, գալիս է նաեւ ներկա գլոբալ իրողություններից. անգամ Հռոմի պապն է հաստատում, որ ընթանում է Երրորդ աշխարհամարտը: Իսկ երբ խոշոր ուժերը կրակում են, դրան համապատասխան գործողություններ մշակում, ապա այս դեպքում՝ «այսօր քեզ հետ եմ, վաղը` մյուսի», կամ «եւ քեզ հետ եմ եւ` մյուսի» խաղը, որով միգուցե կարող է առաջնորդվել ասենք` Վրաստանը, Հայաստանի համար դարձել է անհնար: Կոնկրետ դեպքում այդ «կամ-կամը» հասել է շատ պարզ փուլի` Հայաստանում պե՞տք է մնան ռուսական զորքերը, թե՞ դրանք կփոխարինվեն «եվրոպացի դիտորդներով»: Այս պահին երկուսն էլ կան, եւ այն, որ դա վերածվել է Նիկոլի համար երկկողմանի հարվածի, թերեւս ակնհայտ է:
Այսպիսով, ներքին արեւմտամոլներին հարվածելով, Նիկոլը փորձում է մեսի՞ջ հղել: Վրաստանի տարբերակով նոր ուլտրաարեւմտյան բնույթի «հեղափոխությունի՞ց» է վախենում, թե՞ մեկ այլ բան: Սրանք հնարավոր տարբերակներ են, թեեւ խոշոր հաշվով արդեն ոչ ամենաառաջնային հարցեր են: Ներկա իրավիճակում արտաքին ուժերն արդեն առաջնորդվում են ոչ թե մեսիջներով, այլ` կոնկրետ գործողություններով:
ՈՒ Ի՞ՆՉՆ ԷՐ ՆԻԿՈԼԻՆ ԱՅԴՊԵՍ «ՄՏԱՀՈԳԵԼ»
Կա՞ն Նիկոլի կողմից կոնկրետ քայլեր` վերջնական աշխարհաքաղաքական կողմնորոշման գնալու հետ կապված: Այդ մասին հուշում կարող էր լինել նախօրեին նրա զանգը Պուտինին, որի հետ կապված մանրամասներ երեկվա ասուլիսում նա, բնական է, չհայտնեց: Չնայած, որոշ դետալների մասին խոսեց` նշելով, թե մտահոգված էր Արցախում ռուսական հրամանատարության շտաբի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայից: Նրա խոսքով. «Ինձ համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ամենակարեւոր խնդիրը այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց ԼՂ բնակիչների բողոքի ակցիա է տեղի ունեցել: Սա մտահոգություն է, եւ ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»:
Ու այդ ի՞նչ մի արտառոց բան է, Նիկոլն ուզում է պնդել, թե սա նման առաջին ցույցն է, եւ նա ցնցվա՞ծ էր: Անլուրջ կլիներ, քանի որ նման ակցիաներ քանիցս եղել են, ընդ որում, շատ ավելի բազմամարդ:
Կամ միգուցե այս դեպքում նա «մտահոգվել» է, քանի որ այս վերջին բողոքի ակցիան ուղիղ կապվում է արցախյան սորոսածինների հե՞տ, եւ տարածվել են խոսակցություններ, որ կազմակերպիչն Արայիկ Հարությունյանի նշանակած նոր պետնախարարն է, որի անունն իր հերթին է կապվում արցախյան արեւմտամոլների հետ: Բայց հավաքն ինքնին մտահոգիչ չէր. հազիվ մի քանի «30 արծաթասերի» էին բերել: Ու դրանի՞ց է Նիկոլը այնքան «մտահոգվել», որ զանգահարել է Պուտինին: Ինչ է, թե` ես կապ չունե՞մ դրա հետ: Այսինքն, Մոսկվայում կարող է այդ վարկա՞ծը քննարկվել, թե` Նիկոլն է կազմակերպել …
Եթե այս տրամաբանությամբ ենք առաջ գնում, ապա հասնում ենք այն ենթադրությանը, որ Մոսկվայում պատճառներ ունեն մտածել, թե Նիկոլն Արցախում արեւմտամետ ուղղվածության «հեղափոխություն» է սարքում, առավել եւս, երբ շրջանառվել է նաեւ այն լուրը, որ Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին նշանակել է Նիկոլի «դաբրոյով»:
Այն, որ Արցախում «հեղափոխություն» սարքելու ծրագրեր իրոք կան, թերեւս կասկած չի հարուցում: Ամեն դեպքում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման պարբերաբար օրակարգ բերելը եւ այդ բնույթի մի շարք այլ փաստեր հենց այդ մասին են վկայում, եւ մեկ անգամ չէ, որ հրապարակավ այդ գործընթացը կապվել է Նիկոլի անվան հետ: Սակայն եթե մինչ այս Նիկոլի մոտ «մտահոգություն» չէր նկատվում, որ հրապարակավ նման կապ է մատնանշվում, եւ ամեն անգամ չէր զանգահարում Պուտինին, ապա այս դեպքում այդ ի՞նչ եղավ, որ «մտահոգվեց»: Բայց նաեւ նկատենք, որ կան խոսակցություններ, որ այդ հավաքի հետ կապված մտահոգվել է նաեւ ռուսական կողմը, նաեւ, որ շատ լուրջ խոսակցություն են ունեցել Արայիկի հետ: Իսկ դա նշանակում է, որ ռուսների մոտ սրվել են մտավախությունները, որ արցախահայության կարծիքի վրա` իրենց հողում մնալ-չմնալու հարցով ակտիվորեն աշխատում է ոչ միայն Բաքուն, այլ նաեւ Ստեփանակերտում եւ Երեւանում դա ոչ միայն առաջ տանողներ կան, այլ այդ մեխանիզմը հասել է ռիսկային փուլի:
Մոսկվայի նման ենթադրությո՞ւնն է փորձում իր «մտահոգությամբ» իր վրայից շեղել Նիկոլը: Բայց դա ի՞նչ մի մեծ բան է, եթե մոսկովյան ամենաբարձր աղբյուրներից նրա հասցեով շատ ավելի լուրջ մեղադրանքներ եղան: Թե՞ Նիկոլի «մտահոգությունը» պետք է այլ կերպ հասկանանք: Որ այդ մասին զանգել, Պուտինին հայտնում է, թե, կոպիտ ասած, ուշադիր եղեք, «մտահոգված» եմ, որ, ասենք, Ալիեւի կողմից կաշառված սորոսածիններն ուզում են «հեղափոխություն» սարքել: Բայց այդ դեպքում, կրկնենք, արդեն երկար ժամանակ կան նման «հեղափոխության» մասին խոսակցություններ, ինչո՞ւ հենց հիմա Նիկոլը «մտահոգվեց»: Այսինքն, առաջ դա «մտահոգիչ» չէր, հիմա դարձել է «մտահոգի՞չ»: Ինչ է, եվրոպացի «դիտորդներ» բերելուց հետո բա՞ն է փոխվել…
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ