Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ
Վերլուծություն
Կապիտուլյանտի և Էռատոյի ֆոտոսեսիան Արտաշատի հինավուրց պատի տակ թեև սոցցանցերում մեր քաղաքացիներից շատերը կնքել են «գնդակահարության պատի տակ», սակայն իրականում տագնապ է հարուցել: Արդյո՞ք սրանց հերթական լուսանկարված հերթական տեղը դառնալու է «դժբախտ և դժգույն»: Թե՞ «ընդամենը» ուզում են ցույց տալ, որ ոչնչից անհանգստացած չեն, թեև Ալիևն ուղղակիորեն սպառնում է պատերազմով... Ի դեպ, Էռատոյի գրառումը, իբր Արշակունյաց պողոտայում գտել է ինչ-որ մեկի կորցրած զարդը, ոչ ոք արժանահավատ չհամարեց: Ոչ ոք չհավատաց, որ սրանք հանգիստ զբոսնում են Երևանի փողոցներով:
ՄԵՆՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ
100 օր շարունակվում է Արցախի շրջափակումը: 100 օր բացի դատարկ խոսքերից, ոչինչ չկա: Հաագայի դատարանի որոշումն էլ` անհապաղ բացել Բերձորի միջանցքը, անտեսվեց միանգամայն անհետևանք: Կարելի ասել, որ հայերի գլխին եկած և եկող փորձանքները ոչ ոքի մազաչափ իսկ հետաքրքիր չեն: Համապատասխան շրջանակները առանց օֆ քաշելու աշխարհի հզորագույն միջուկային տերության ղեկավարի կալանավորման կարգադրագիր դուրս գրեցին, սակայն թեև հարյուրապատիկ շատ հիմքեր կային Ալիևի և Էրդողանի պարագայում այդպես վարվելու, նման բան չտեսանք: Նույնիսկ հասարակ պատժամիջոցներ` ակնհայտ պատերազմական ոճրագործությունների պարագայում: Ինչպես արձանագրում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Արդեն հարյուր օր է, ինչ Արցախի 120.000 բնակիչները շրջափակման մեջ են, որը փաստացի նախաձեռնվել և շարունակվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Գրեթե բոլոր «շահագրգիռ» խոշոր երկրներն ու կառույցները հանդես են եկել Արցախն ապաշրջափակելու կոչերով ու պահանջներով: Հարյուր օր անց այս հարցը ոչ միայն չի լուծվել, այլև որոշակի առումով փակուղի է մտել Բաքվի մշտական նոր պահանջների պատճառով, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագայի համար»:
Այո՛, Արցախը, որին նիկոլիզմը հռչակել է «բեռ», շարունակում է պայքարը Հայոց պետականության համար` որպես այդ պետականության առաջնագծային ամրոց: Իսկ աշխարհը բավարարվում է սոսկ կոչերով: Չնայած աշխարհին մեղադրելու չէ: Այն բանից հետո, որ Երևանում իշխանությունը հայտնվեց օտարերկրյա գործակալների ձեռքում, դարձել ենք անհետաքրքիր: Այսինքն` հետաքրքիր ենք որպես թատերաբեմ, բայց ոչ` դերակատար: Օրինակ, արդյո՞ք մեզ առանձնապես հետաքրքրում է, որ Նիգերիայում խմելու ջուր ստանում են միայն QR կոդով: Նույն ձևով էլ աշխարհին չեն հետաքրքրում մեր պրոբլեմները: Եվ ինչ-որ տեղ նույնիսկ զարմանալի է, որ դեռ բարեհաճում են կոչերով հանդես գալ, կարող էին դա էլ չանել:
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը կապիտուլյանտների ոհմակի վարքագիծն անվանել է «Արհեստական ԱՆբանականություն»: Մասնավորապես. «Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29.800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29.000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը: Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29.000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով: Ու այսպես շարունակ: Սա հնարավոր է միայն ու միայն հայ ժողովրդի Արհեստական ԱՆբանականության միջավայրում: Հայ հասարակությունն իր համար հորինել է մտացածին մոլորակ, ապրում է այնտեղ՝ իրեն ուղղվող սպառնալիքներին անհաղորդ, ու եթե ոչինչ չփոխվի՝ կործանվելու է այնտեղ»:
Փորձագետը շեշտում է` շատ կարևոր է՝ ինքներս մեզ և աշխարհի համար տեսանելի դարձնել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը միայն Նիկոլի իշխանությունն ու իր արբանյակները չեն: Այս պահին կան հանրային մի քանի տասնյակ գործիչներ, որոնք փորձում են դա անել. սա առայժմ ոչ ինստիտուցիոնալ, բայց մեծ պոտենցիալ ունեցող ռեսուրս է: Սակայն աշխարհին ձենտու է համարել, որ մենք ներկայացված ենք միայն նիկոլախունտայով: Ինչպես ժամանակին նկատեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` Նիկոլն անսասան է մնում, քանի որ չեն կարողանում ավելի քոքված տականքի գտնել: Դե, 2018-ին առավել քան 20 տարվա համառ ջանքերից հետո հազիվ տեղավորեցին կամակատար մեկին` գենետիկ մուտանտներից բաղկացած թիմով, հո հեշտությամբ չեն թողնի, որ պետական ազգային շահով առաջնորդվողը գա: Սերժ Սարգսյանն իրավացիորեն արձանագրել էր, որ գլխավոր բանակցողին փոխելը կենսական անհրաժեշտություն է: Սակայն դրսի խաղացողներին ձեռնտու է, որ գլխավոր բանակցողը լինի հատակ սրբելու փալաս:
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ՆԻԿՈԼԻԶՄԸ ՀԱՎԵՐԺ ՉԷ
Թեև թվում է, որ սրանց էրզաց-դիկտատուրային ոչինչ չի սպառնում, բայց խունտան ներքին հակասություններից ճաքեր է տալիս: Էդուարդ Շարմազանովի բնութագրմամբ. «Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի, Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա: Միաժամանակ բոլորի հետ բազար է անում: Չի բանակցում, այլ հենց բազար է անում: Միջազգային բրոկերներին բոլորին «հա» է ասում. արդյունքում «բրոկերները» կամ Հայաստանի ներսում կռիվ-կռիվ են անելու, կամ ամեն մեկն իր փայը Հայաստանից վերցնելու է»:
Նույն Արսեն Թորոսյանի «սորոսական» թևի հետ կոնֆլիկտը հենց բրոկերների հետ լոկալ «բազարի» արդյունք է: Ու թիմի ներսում չկա մեկը, ով ապահովագրված լինի այդպիսի «բազարների» ընթացքում զոհաբերվելու վտանգից: Դրա համար սեփական խաղը խաղալու, կենտրոնախույս ձգտումներ են նկատվում: Օրինակ` նույն Տիգրան Ավինյանի խաղը: Քաղաքապետ Հրաչ Սարգսյանին ստիպեցին հրաժարական տալ, կարծես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների միտումով, բայց եթե դիտարկենք օրենքով նախատեսված ընթացակարգը, ապա աշնան փոխարեն լավագույն դեպքում ընտրությունները կտեղափոխվեն ամառ: Արդյունքում ընդամենը մանր խնդիր է լուծվել` ապագա ընտրարշավից հանել Հրաչ Սարգսյանին, որպեսզի ոչ ոք նրա վրա խաղադրույք չանի: Սակայն խոշոր հաշվով ՔՊ-ն ձեռք չի բերում երաշխիք, որ բուն ընտրություններին ջախջախիչ պարտություն չի կրի:
Իսկ արտաքին միջավայրը գնալով դառնում է ավելի ու ավելի տուրբուլենտ: Օրինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ. «Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե նոր երանգներ է ձեռք բերում: Հարցի առնչությամբ փոխվել են ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլև Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի և այլ ուժային կենտրոնների դիրքորոշումները: Հակամարտությունը վաղուց դուրս է եկել հայ-ադրբեջանական տիրույթից և աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ստացել: Հիմա արդեն Արցախի հարցը վերաբերում է ողջ Հարավային Կովկասի ապագային, ինչպես նաև ձևավորվող նոր աշխարհակարգին: Այդ է պատճառը, որ մրցակցությունն այստեղ զգալիորեն ակտիվացել է՝ ստեղծելով խոշոր ռազմական բախման վտանգ»:
Այսինքն` գլոբալ պատերազմի ալիքները հենց մեր վրայով կարող են գնալ-գալ: Ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում էլ բանը հասել է աբսուրդի: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձանագրմամբ. «Միրզոյան-Լավրով մամլո ասուլիսի այսօրվա (մարտի 20-ի-խմբ.) բազմաթիվ ու բազմաշերտ խոսույթի մասին կարելի է երկար գրել: Սակայն կցանկանամ ընդամենը մեկ ուղերձի մասին արտահայտվել: Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր, ֆիքսելով, որ Հայաստանի գործող իշխանություններն են իրավիճակը հասցրել այս հանգրվանի (Ալմաթայի հռչակագիր եւ այլն), փաստացի արձանագրեց, որ Արցախի հարցի հետաձգման ռուսական առաջարկը չի քննարկվում, դրա փոխարեն առաջին անգամ Ռուսաստանը կողմ արտահայտվեց Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների առկա որոգայթի օգտին: А нам больше всех надо? - ռուսական լոգիկան ռացիոնալ է, բայց ոչ ընկալելի»: Ոչ ընկալելիի կատալիզատորն էլ ակնհայտ է, «իրավիճակը առավել ողբերգական է դառնում ուղիղ եթերում Հայաստանը ներկայացնող հորթի ներկայությամբ ու լռությամբ»:
Հորթ... Խոշոր խաղացողների համար նա հորթ է, նրա մանիպուլյատիվ խաղերը չեն անցնում` ի տարբերություն ներսի դաշտի: Իսկ, օրինակ, ամերիկյան «Ջեյմսթաուն» վերլուծական կենտրոնը արդեն բաց տեքստով է խոսում ՀՀ իշխանության ներսում անգլոսաքսերի և ռուսների` անվերապահ հսկողության համար կատաղի մրցակցության մասին: Այսինքն` ցանկացած պահի կարող ենք կանգնել իշխանափոխության փաստի առաջ և նույնիսկ միանգամից չհասկանալ` ով է այն փոխել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ