ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՉԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն
Ձգտելով արդարացնել սեփական անպատիվ խաղերը Անկարայի և Բաքվի հետ, գլխավոր գերագույն կապիտուլյանը երբեմն համարձակվում է բարբառել Սերժ Սարգսյանի «Ֆուտբոլային դիվանագիտության» մասին: Սակայն ՀՀ երրորդ նախագահի փայլուն խաղի ու սրանց թրքահարճության միջև զուգահեռներ անցկացնելը նույնն է, ինչ նույնացնես «կանալ»-ը և «կանալիզացիան»: Եվ ի դեպ Հայաստան-Թուրքիա առաջիկա ֆուտբոլային խաղի շուրջ այնպիսի խայտառակ շշուկներ են պտտվում, որ հանրությունը սպասում է հերթական նվաստացմանը:
ՆԻԿՈԼԸ` ԲԱՔՎԻ «ԳՆԴԱԿԻ» ԴԵՐՈՒՄ
Ֆուտբոլային տեսակետից կապիտուլյանտին «ֆուտբոլ» անող կա, սակայն նույնիսկ ոչ թե Էրդողանի, այլ վերջինիս ապշերոնյան մարզպետ, «կիրթ ու կառուցողական» Ալիևի կողմից: Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզապես իր ցեխոտ ոտքերը սրբել է Նիկոլի վրա: «Մենք դատապարտում եւ մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, որը համառորեն կրկնում է մարտի 18-ի Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը: Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ անտեսում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ:
Նա նաեւ հայտարարել է «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների եւ պատմական հողերի բնակեցման դեմ Հայաստանի պահանջների անհեթեթությունը, այն դեպքում, երբ Հայաստանն ինքը հայերին ապօրինաբար վերաբնակեցրել է ադրբեջանական տարածքներում՝ ինչպես իր տարածքում, այնպես էլ 30 տարվա ընթացքում Հայաստանի կողմից օկուպացված քաղաքներում եւ գյուղերում ադրբեջանցիներին պատկանող գույքի ոչնչացման հետ մեկտեղ»:
«Այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաեւ Պրահայի եւ Սոչիի պայմանավորվածություններին, որոնց Հայաստանը բազմիցս հղում է անում»,- ընդգծել է Հաջիզադեն:
Դե ինչ ասես, դավաճանին չեն հարգում անգամ նրանք, ում օգտին նա դավաճանել է: «Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննչական լիազոր մարմինը: Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան»,- նշում է Արմեն Աշոտյանը և 7 կետով հիմնավորում դավաճանության իրողությունը: Մեջբերենք միայն վերջին` 7-րդ կետը. «Այսօր ևս փորձում է հայ ժողովրդին «համակերպեցնել», հաշտեցնել այս պարտության հետ և ասել, որ հայ ժողովրդի բնական դիրքն այս բարձրավանդակի վրա չորեքթաթն է:
Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար նվազագույն քաղաքական խիզախություն և ազնվություն, նա նոյեմբերի 10-ին պետք է արթնանար առնվազն ոչ վարչապետի պաշտոնում եւ այլեւս երբեք չհավակներ այդ պատասխանատվությանը:
Իսկ եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք նա պետք է ընդհանրապես արթնանար…»:
Սակայն Նիկոլը` ուր, տղամարդկությունը` ուր: Երկու և ավելի տերերի ծառայի պարագայում ի՞նչ տղամարդկություն: Եվ նման է, որ տերերից մեկը` ԱՄՆ Պետդեպը, նրան դիտարկում է արդեն որպես «расходный материал», զի ներկայացրել է այնպիսի զեկույց, որ չգիտենք էլ` արդյո՞ք Սադամ Հուսեյնի և Քադաֆիի դեպքում Վաշինգտոնն այդքան շատ խայտառակ արձանագրումներ արել է:
Ի դեպ, այն բանի օգտին, որ անգլոսաքսերը գետանցումին ուզում են «ձի» կամ «ավանակ» փոխել, վկայում է նաև այն, որ այլևս չեն բավարարվում Արսեն Խառատյանի ձեռամբ ստեղծված ֆեյսբուքյան գրաքննիչ «դուքյանով», և բացվել է նորը, արդեն Դանիել Իոաննիսյանի «դուքյանի» և Ֆեյսբուքի միջև կնքված պայմանագրով: Դանչիկն արդեն ուղիղ «սորոս» է և ամերիկյան այլ հիմնարկներ, ու նորաստեղծ «փաստերի ստուգման» նախաձեռնությունը թերևս ոչ միայն զբաղվելու է «ռուսական քարոզչությունը» արմատախիլ անելով, այլև կհետևի, որ հանկարծ Նիկոլի քարոզչամեքենան հակաամերիկյան ինչ-որ գործընթացներ չփորձի ծավալել, և սուսուփուս տեղը զիջի նրան, ում կասեն:
ԱՎԻՆՅԱՆԸ, «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐԸ» ԵՎ ԱՅԼՔ
Եվ ահա Երևանի քաղաքապետարանը մաքրեցին գործող քաղաքապետից` ակնհայտորեն ուժեղացնելով Ավինյանի դիրքերը: Սակայն հետաքրքիր խաղ է երևում: Եթե Ավինյանն ինչ-որ տեղ գոնե ՔՊ-ի թև է, ապա նույնը չի կարելի ասել «Ապրելու երկիր» հավակնոտ կուսակցության մասին, որի անունը կապում են Ռուբեն Վարդանյանի հետ:
Եվ ահա ասպարեզում երևաց Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որը քաղաքապետական հավակնություններ ունի, ընդ որում` նա չի բացառում սերտ համագործակցությունն ինչպես «Ապրելու երկիր» կուսակցության, այնպես էլ Հայկ Մարությանի հետ: Հիշենք` 2018-ին իշխանազավթումը մինչև վերջ հասցնելու համար որպես «տարան» հենց Հայկոն էր օգտագործվել, և եթե Երևանում իշխանություն վերցնելը չլիներ, ապա 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններն էլ իրագործելը դժվար թե ստացվեր:
Իսկ «Ապրելու երկիրը» համարվում է Արցախի նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի նախագիծը: Վարդանյանն Արցախում լավ էր սկսել, սակայն վերջում շատ տարօրինակ հանգիստ հնազանդվեց կապիտուլյանտների գրպանային օպերատոր Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոնանկվելու, հաստակողություն ի ցույց չդրեց, անձամբ ներկա գտնվեց սեփական պաշտոնանկության արարողությանը, ինչը հարիր չէ որևէ ընդդիմադիրի:
Իսկ հիմա զբաղված է լիրիկական ճառերով: Օրինակ, Նիկոլի կողմից թուրքին նվեր տրված Շուշիի մասին նա գրեց. «Շուշին Արցախի ամենահարուստ ու զարգացած քաղաքն էր, որտեղ գործում էին դատարաններ, դպրոցներ, համքարություններ, գործարաններ, և կառուցվել էր Արցախի առաջին տպագրատունը: Շուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար: 1905 թվականից սկսած հայերի հետ հրահրվող պարբերական բախումների թիվը սկսեց աճել»,- իր ֆեյսբուքյան էջում բարբառեց ԱՀ նախկին պետնախարարը` շարունակելով. «Շուշիում 1920 թվականի մարտին ադրբեջանցիները կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի: Քաղաքն ավերվեց ու թալանվեց:
Հատկանշական է, որ երբ Շուշիի ջարդերից տասը տարի անց ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը կնոջ հետ այցելեց Հայաստան, եղավ Արցախում և Շուշիում, քաղաքը տեսավ այնպես, ինչպես կոտորածից հետո էր՝ մռայլ, ավերված ու թալանված, իսկական մահվան քաղաք:
Նադեժդա Մանդելշտամն իր հուշերում նկարագրում է, թե 1920 թ. մարտին հայերի դեմ սկսված կոտորածից հետո ինչի էին վերածել ադրբեջանցիները երբեմնի հարուստ ու բարեկեցիկ, ծաղկող ու հայկական Շուշին: Իսկ նշանավոր բանաստեղծն այդ ճամփորդությունից հետո գրեց իր ամենամռայլ բանաստեղծությունը»: Եվ Ռուբեն Վարդանյանը, ում հայկական սոցցանցերում երբեմն կոչում են Ռուբեն Զոնեբենդովիչ, չզլացավ Մանդելշտամի բանաստեղծությունը մեջբերել ամբողջովին:
Պարոն Վարդանյան, դա լավ է, որ քաջատեղյակ եք Մանդելշտամից, որ բազմակողմանի զարգացած եք, սակայն ինչո՞ւ Արցախում իշխանությունը հանձնեցիք սորոսականների համբավ ունեցողներին: Միգուցե ճշմարտության հատիկ կա՞ այն խոսակցություններում, որ Ստեփանակերտը «տրամպլին» էր, որպեսզի Վարդանյանը հետո Երևանում դառնա վարչապետ: Հա, ի դեպ, Արցախում Ամերիաբանկի մասնաճյուղ հիմա կա՞... Եվ ի դեպ, երիտասարդությունն էլ բողոքում է, որ այդ բանկի բջջային հավելվածը շատ անհրապույր է` 21-րդ դարի առաջավոր մոտեցումներից խոսողին դա ինչքանո՞վ է սազական:
Ի դեպ, թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ նշում է. «Եվ նորից արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետներին հաջողվում է շեղել հանրային ուշադրությունը երկրորդական թեմաների վրա:
Այսպես, էտված ծառերի քննարկման ֆոնին փաստացի անտեսված է մնում այն, որ Ադրբեջանի պահանջներով մեր հանձնվելու նոր թուղթը՝ երկրորդ կապիտուլիացիան, ստորագրման վերջին փուլ է մտել, որի մասին այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը:
Արցախն ու Հայաստանի տարածքների նոր հանձնումն է միակ թեման, որ պիտի մեզ հետաքրքրի, որովհետև եթե պետություն չմնա, ծառերից զատ կտրվելու են նաև հայ մարդկանց կյանքերը...»:
Այո՛, կարող է հասնել ծառ կտրելու փոխարեն յաթաղանով հայերի գլուխներ կտրելուն: Այդ դեպքում նաև հարց` էլ ո՞ւմ է պետք Երևանի քաղաքապետի աթոռի համար հիմիկվանից ծավալվող ընտրարշավը, երբ ռեալ վտանգ կա, որ սեխագլուխ մեկը կարող է այդ աթոռին բազմել` երևանցիների կարծիքն ամենևին չհարցնելով: Եվ էլի հերթական անգամ մեր վերջին հույսը արցախցիների հաստակողությունն է: Ինչպես 1988-ին...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ