ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԱՂԲԸ ԹՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՒՆՏԱՆ Է
Վերլուծություն
Մարալիկի և Սիսիանի խայտառակ չընտրություններին զուգընթաց կապիտուլյանտն ու Էրատոն որոշել էին ցուցադրաբար գնալ Դիլիջան և մասնակցել ռելոկանտների կողմից աղբ հավաքելու միջոցառմանը: Արդեն հաշվարկողներ եղել են, որ սույն պոպուլիստական շոուի վրա հարկատուի գրպանից ծախսվել է մեկ միլիոն դրամից ոչ պակաս` ավտոշարասյան վառելիքի ծախսը, թիկնազորի և սպասարկող անձնակազմի` հանգստյան օրով աշխատելու լրավճարը և այլն: Ու այդ ամենը` մի էժանագին շոուի համար, որը կարող է հրապուրել միայն ուղեղը թափած զանգվածին, բայց ոչ երբեք` բանական մարդուն:
«ПОРУБИЛИ НА ГРОБЫ ВСЕ ДУБЫ»
Վլադիմիր Վիսոցկու երգի այս խոսքերը հիշեցինք, քանզի կապիտուլյանտի «հավաքարարական առաքելությանը» նախորդել էր տխրահռչակ Տիգրան Ավինյանի կողմից Երևանում իրականացված ծառասպանդը: Առողջ ծառը հենց այնպես, մտացածին պատճառաբանությամբ հատելը շատ վատ նախանշան է, և հակված ենք կարծելու, որ դա արվել է երևանցիներին հոգեբանորեն կոտրելու նկատառումով: Իսկ թանկ գնով սակուրաների գնման վրա բյուջե ուտելը, օտարամոլ ցուցադրությունը և այլն` սոսկ լրացուցիչ նպատակներ են: Հիմնականն ավերումն է: Ամեն նիկոլական պետք է ծառ կտրի, տուն քանդի և զավակ գերեզմանի` դագաղներով իշխանության եկածները ուրիշ նպատակադրություն ունենալ չեն կարող:
Եվ ինչպես ողջ մարդկանց դագաղներ պտտեցնելը, հետո ողջ մարդկանց անունները Ցեղասպանության զոհերի հուշաքարերին լուսագրերով գրելը մահվան ծեսեր էին, այնպես էլ մահվան ծեսի շատ է նմանվում այդ ծառասպանդը:
Ընդհանրապես սակուրա ծաղիկը ճապոնացիների համար կարևոր խորհուրդ ունի: Սակուրա նշանակում է «նոր կյանքի սկիզբ», «վերածնունդ» և ճապոնացիների համար կառուցողական նշանակություն ունի թե՛ սակուրա բառը, և թե՛ ծաղիկի խորհուրդը: Ինչպես նկատում է ՀՀԿ ԵԿ ղեկավարը. «Հիմա արի ու հազարամյակների մշակույթ ունեցող ճապոնացիներին բացատրիր, որ Հայաստանը, որը ևս ունի հազարամյակների մշակույթ, ուզուրպացված է մի ոհմակի կողմից, որը ոչնչացնում է և՛ հայկական մշակույթը, և՛ ավանդույթները, և՛, փաստորեն աղավաղում է ճապոնականը»: Ճապոնցիներին և առհասարակ որևէ մեկին դա բացատրել հնարավոր չէ, զի ոչ ոք չի կարող ընկալել մի ամբողջ հասարակության ինքնասպան վարքագիծը: Ախր ազգովի «խարակիրի» չի լինում, սակայն ՔՊ-ական բոլուկը ջանում է ապացուցել հակառակը:
Ի դեպ, տարօրինակ է նաև, որ ծառասպանդը ցուցադրաբար իրականացվում է այն պաշտոնյայի կողմից, որ հավակնում է Երևանի քաղաքապետ ընտրվել: Ախր ինչպե՞ս երևանցիներն ընտրեն քաղաքն այլանդակողին: Եվ եթե Նիկոլի իրավանախորդ Լևոն Ակոպիչի օրոք գեղեցիկ շենքերի անկյունաքարերը ջարդելը թաքուն էր արվում, ապա ծառասպանդն արվում է ցուցադրաբար... Իսկ միգուցե Ավինյանը գիտի, ինչ հանրությո՞ւնը չգիտի` որ մինչ աշուն Երևանը թուրքի բաժի՞ն է դառնալու: Չէ՞ որ ինչպես դառնորեն հեգնեց բազմափորձ Արա Սահակյանը. «Լույս է տեսել «Ալիևի ցանկությունները» ժողովածուի հերթական հատորը, որը կարելի է ձեռք բերել ՀՀ կառավարությունում»: Իսկ միգուցե խունտայի քաղաքապետացուն Ավինյանը չէ՞` 44-օրյա պատերազմի փորձից գիտենք, որ ադրբեջանական մամուլը նիկոլենցից ճշմարտախոս է, իսկ ադրբեջանական մամուլը գրում է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն Աննա Հակոբյանն է, քանզի Նիկոլն իր շրջապատում վստահելի մեկին չի տեսնում:
Ինչևէ, Մարալիկի և Սիսիանի աննախադեպ զոռբա չընտրությունները նաև կարելի դիտարկել «գլխավոր փորձարկում» Երևանի ընտրություններից առաջ: Իսկ ընտրողների նկատմամբ ապօրինի ճնշումները հասել էին կատարելության: Հանձնաժողովների անդամները ունեին հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար: Այս եղանակով ստուգում էին, թե ով է եկել ընտրատեղամաս, և ով` չէ: Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում էր` ստորագրած ցուցակները հեռախոսով նկարելու և ինչ-որ ոճրախմբերի փոխանցելու:
Ինչպես ամփոփ ներկայացրեց Արմեն Աշոտյանը. «Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով, բայց ինչի՞ վրա եք զարմանում:
Սրանք անթաքույց՝
— հեղափոխություն են կեղծել
— պատերազմ են կեղծել
— համապետական ընտրություններ են կեղծել
— սեփական կուսակցության ընտրություններն են կեղծել
— բանակցություններ են կեղծել
— մեր պատմությունն են կեղծում
— մեր արժեքներն են կեղծում
Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն»:
ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ԽՈՒՆՏԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ
Այն, որ սրանք դավաճան են` դրա մասին հատորներ կարելի է գրել: Նախօրեին հընթացս կազմված դավաճանության 7 կետանոց ցուցակին բծախնդիր Աշոտյանը հավելեց ևս 22 կետ: Վստահաբար` 200 կետ էլ հնարավոր է հավելել, սակայն դա թողնենք ապագա դատավարությանը: Սակայն նման է, որ սրանք որոշել են լիկվիդացնել պետությունը, որպեսզի պետական դավաճանության համար դատողներ չլինեն:
Ի դեպ, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ և ընթացքում ֆուտբոլասերների քաղաքական ակցիաները թերևս շատ լավն էին, բայց ուշագրավ դետալ կար: Մարզադաշտում Արցախի բազում դրոշների հետ մեկտեղ կար նաև «Նեմեսիս» հսկայական պաստառը: Իսկ «նեմեսիսը», ինչպես հայտնի է, մեր ազգի` լիարժեք պետականություն չունենալու շրջանի գործիք էր, որը դարձել էր ոչ ակտուալ 1991-ին: Եվ այդ կարգախոսի վերադարձը հուշում է ոչ այնքան լավատեսական բաներ:
Ի դեպ, նույն ֆուտբոլային դիվանագիտության վերաբերյալ Սերժ Սարգսյանն իր վերջին ճեպազրույցում նկատեց. «Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց դեպքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում»: Երրորդ նախագահը նաև ոչ միայն արձանագրեց, որ կապիտուլյանտների հիմնական ուժեղ կողմն ամոթի իսպառ բացակայությունն է, և Նիկոլի ասածները լկտի սուտ են, այլև համառոտակի բազում փաստեր ներկայացրեց: Մասնավորապես` մենք մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան այս իշխանությունները ձեռք են բերել երկու տարիների ընթացքում: Ի՞նչ էին հայտարարում այս իշխանությունները. նրանք ասում էին, որ իրենք այս երկու տարիների ընթացքում ձեռք են բերել այնքան զինտեխնիկա, որքան նախորդ տասը տարիների ընթացքում ձեռք չի բերվել: Փաստը մնում է փաստ, որ այս իշխանությունների կողմից ձեռք բերված ահռելի քանակությամբ զինտեխնիկայի մասին կա միայն խոսակցություն, իսկ խոսակցությունը իրենց սիրած հռետորաբանությամբ է, այն է՝ ըստ օդում կախված լուրերի:
Դե, իսկ երրորդ նախագահի արձանագրումը, որ «հինգերորդ շարասյուների» մասին այդքան դատարկախոսող Նիկոլը ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»` չոր փաստ է: Օրինակ, մինչ սրանք ընտրողների ազատ կամքի վրա էին բռնանում, ազերիները կտրեցին նաև այն գրունտային ճանապարհը, որով գոնե փոքր քանակով ինչ-որ բան էր հասցվում Արցախ: Ինչպես արձանագրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն:
Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է:
Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան:
Այսպիսի ծանր իրադրությունները հաջորդելու են մեկը մյուսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա»:
Ռազմավարություն չի լինի, քանի դեռ սրանք կան: Եվ ընդհակառակը` սրանք Հայաստանը խաղալիք են դարձնում: Օրինակ, Հաագայի դատարանի կողմից Պուտինին կալանավորելու օրդեր տալուց անմիջապես հետո Հռոմի կանոնագիրը ՍԴ-ով սահմանադրական ճանաչելը հենց դա է: Սակայն կարծում ենք, որ սրանք նաև հեռահար նպատակ ունեն` Արցախ ազատագրած բոլոր ականավոր գործիչներին հանձնել Հաագայի դատարան` որպես «պատերազմի հանցագործ», ու դրանով գլխատել ցանկացած ներքին դիմադրություն: Սրանցից սպասելի է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ