ԽՈՒՆՏԱՆ ԲՈԼՈՐԻՍ Է ԳԺԻ ՏԵՂ ԴՐԵԼ
Վերլուծություն
Ժամանակին կատակում էինք, որ օմբուդսմենի գրասենյակը մտցվելու է դատախազության կազմի մեջ: Կատակն իրականություն դարձավ` գլխավոր դատախազի տեղակալն առաջադրված է ՄԻՊ թեկնածու: Բնականաբար, ՔՊ-ի քվեներով կարգվելու է ՄԻՊ, իսկ Էդգար Ղազարյանի մասնակցությունն ընտրությանը բան չի փոխելու: Ընդամենն արձանագրելու է ընդդիմադիր մանդատների քանակը: Իսկ, դատելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի պարզաբանումից, Ղազարյանին առաջադրել են, քանզի ուրիշ համաձայնություն տվող չի գտնվել:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Իսկ Սիսիանի և Մարալիկի ընտրությունների արդյունքներով, բացի տոտալ ընտրակեղծարարության արձանագրումից, նաև քննադատություն է հնչել ընդդիմության հասցեին: Թե` քիչ եք աշխատել ժողովրդի հետ, կամ սխալ եք աշխատել: Բայց քննադատողները մոռանում են մի պարզ ճշմարտություն` Հայաստանում երբևէ ընտրություններով իշխանություն չի փոխվել: Իսկ իշխանություն պահելը կյանքի ու մահվան գերխնդիր սարքած խունտայի պարագայում «ընտրությունները կրելու» մասին խոսակցությունները դատարկաբանություն է: Նախադեպեր եղել են, որ այս կամ այն համայնքում ընդդիմությունն է հաղթել, սակայն սրանք հաղթածին կալանավորել են, տեղը ժ/պ նշանակել, իսկ հետո այդ ժ/պ-ին զոռբայությամբ սարքել համայնքապետ: Եվ օրինական հարց է ծագում` իմաստ ունի՞ արդյոք ՏԻՄ ընտրություններում ռեսուրսների գերլարման, եթե շարունակությունն այդպիսին է: Ուստի, այն արդյունքները, որ գրանցել է ընդդիմությունը Սիսիանում և Մարալիկում, մինիմալ ռեսուրսների պայմաններում լավ էլ արդյունք են:
Իսկ բնակչության կրավորականությունը մեծապես պայմանավորված է մշտական շատ ինտենսիվ ուղեղալվացումով, ինչը բնորոշ է բոլոր սպին-դիկտատուրաներին: Եվ, ի դեպ անգլերենում քաղտեխնոլոգները կոչվում են սպին-դոկտոր, այսինքն անգլոսաքսոնական մշակույթում չի էլ թաքցվում, որ այդ ամենը հիմնված է մարդկանց «ֆռացնելու» վրա (սպին նշանակում է պտտել): Դասական ուղեղալվացման միջոցը` հեռուստացույցը, իզուր չէ, որ ռուսներն անվանում են зомбоящик, իսկ Հայաստանի պայմաններում դրան ավելանում են նաև պրիմիտիվագույն, կարելի է ասել` նույնիսկ դեբիլական առցանց հարթակները, որոնք համակարգված նույն աղբն են լցնում մարդկանց գլուխը: Իսկ «Հ1-ի տակ» երկար մնացածների մոտ միտքը կաղապարվում է, ձևավորվում են այն նարատիվները, որոնք առաջ են մղվում խունտայի կողմից: ՀՀԿ-ական Արթուր Թովմասյանը օրերս առնվազն 10 կետ հաշվեց, որոնցով նիկոլական և գեբելսյան քարոզչությունները նույնանում են:
Իսկ ինչպե՞ս Գերմանիան ազատվեց նացիզմից, թեև Ադոլֆ Ալոիզիչն ուներ քվեների հավերժական մեծամասնություն: Ազատվեց դենացիֆիկացիայի միջոցով: Հայաստանն էլ նիկոլիզմից պիտի ազատվի դենիկոլիզացիայի միջոցով: Այսինքն` առաջնայինն էլի մնում է Նիկոլից ազատվելը: Իսկ այդտեղ ընտրությունները պիտանի գործիք չեն, ընտրությունները միայն հետո կարող են ծառայել արդյունքն ամրագրելուն: Իսկ Նիկոլի դիրքերը կարող են սասանվել միայն, եթե այդ ունիվերսալ կամակատարն այլևս չբավարարի դրսի խաղացողներից որևէ մեկին, կամ միգուցե մեկից ավելիին: Ինչը և տեսնում ենք հիմա:
Առաջին ահազանգերը միջազգային որոշ կառույցների և ԱՄՆ Պետդեպի վատ զեկույցներն էին: Դրան ավելացավ նաև ՔՊ թիմի պառակտման մեկնարկը: Սակայն այդ ամենին խունտան արձագանքեց պետականությունն ինքնասպանության տանելու փորձերով: Այն տրամաբանությամբ, որ եթե պիտի Հայաստանում կորցնեն իշխանությունը, ապա Հայաստան էլ չպիտի լինի:
ԹՇՆԱՄԻՆԵՐ ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Կա մի 40 տարվա վաղեմության անեկդոտ: Թե` ԱՄՆ-ի պես բարեկեցիկ ապրելու համար ԱՄՆ-ին պատերազմ հայտարարենք ու միանգամից հանձնվենք: Սակայն հիմիկվա «անեկդոտը» շատ ավելի վատն է:
2018-ից սկսած կապիտուլյանտները հետևողականորեն փչացնում են ՀՀ հարաբերությունները բոլորի հետ` ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի... Պարզվում է` նաև ԱՄՆ-ի, վկան` Պետդեպի «հոգնան»: Մեզ ոչ մի մեծ տերության հետ թշնամանալը պետք չէ, մեզ լիուլի բավարար է բնական կենսաբանական թշնամին` թուրքը: Սակայն թուրքի հետ «խաղաղության օրակարգ» են խաղում, իսկ բոլոր եղած և պոտենցիալ դաշնակիցների հետ` հարաբերություն փչացնում: Ինչպես դեռ 2021-ին ի ցուց էր դրել Սերժ Սարգսյանը` Նիկոլն Արցախի բանակցային գործընթացում մեծ տերությունների ղեկավարների մոտ իրեն «գժի տեղ էր դրել»: Իսկ հիմա գժի տեղ է դրել մեզ բոլորիս, միտումնավոր թշնամացնելով միջուկային գերտերություն Ռուսաստանի հետ: Հանկարծ Հաագայի դատարանի` Պուտինին կալանավորելու որոշումից հետո սրանք շտապեցին ճանաչել այդ դատարանի հիմնարար «Հռոմի կանոնագրի» սահմանադրականությունը:
ԱԺԲ-ն խանդավառվեց և հույս հայտնեց, որ ՔՊ մեծամասնությունը չի տապալի դրա վավերացումն ԱԺ-ում: Իսկ ողջամիտ ուժերն ու գործիչները տագնապեցին, դեմ արտահայտվեցին: Խորհրդարանում ներկայացված ուժերից ՀՀԿ-ն էլ հարկ համարեց ԳՄ հատուկ հայտարարությամբ հանդես գալու: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է եւ հղի է անկախատեսելի հետեւանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է եւ բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը եւ Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը եւ նման մտադրություն չունեն նաեւ ապագայում:
Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբեւէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Միաժամանակ հարկ է նաեւ արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները եւ կայացրել ակնհայտ ապօրինի որոշում»: Մատնանշվում է այդ գործընթացի ևս մեկ ապալեգիտիմ հանգամանք. «Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում»:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ արձանագրում է. «Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում: Ամբողջ մի երկիր ընդամենը մեկ անձի պատանդ է դարձել, եւ, չգիտենք, թե դրա գլխում ինչ է կատարվում: Սա անհավանական վիճակ է ու, չգիտեմ, պատմության մեջ նման դեպք եղել է, թե ոչ»: Այս փորձանքը` Նիկոլ անունով, երազում է իր դավաճանական իշխանավարման հետ միասին գերեզմանել նաև պետականությունը: Սակայն կարծում ենք` նրան ու նրա տեսակին երազախաբ անելու գործիքակազմ գտնելու պահը մոտեցել է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ