Նիկոլյան Հայաստանը` «դեմոկրատական անդունդի» շեմին
Վերլուծություն
Այսօր մեկնարկում է Միացյալ Նահանգների կազմակերպած երկրորդ «ժողովրդավարության գագաթաժողովը», որի արդյունքում, ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտը, Վաշինգտոնը կարագացնի աշխարհի, այսպես կոչված, ժողովրդավարական նորացումը: Գագաթաժողովի մասնակից շուրջ 120 երկրների շարքում տարածաշրջանից կմասնակցեն Հայաստանը եւ Վրաստանը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻԱԿ «ԴԵՄՈԿՐԱՏԸ»
Միգուցե Հայաստանում ոմանք կոգեւորվեն` տեսա՞ք, բռնապետ Ալիեւին չեն թողնում «ժողովրդավարության փարոս» հանդիսացող գագաթաժողովին: Շտապենք նման տրամադրություններ ունեցողներին հիասթափեցնել` Ալիեւն ինքն այդ միջոցառմանը մասնակցելու որեւէ ցանկություն չի հայտնել: Ընդ որում, դա ամենեւին էլ չի նշանակում, որ գագաթաժողովի կազմակերպիչ Վաշինգտոնը հրաժարվում է բռնապետ Հեյդարովիչին ռազմական օգնություն ցուցաբերելու ծրագրերից:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ժողովրդավարության գծով տնօրեն Ռոբ Բերշչինսկին այս մեկնաբանությունն է տվել. «Մենք հստակ հայտնել ենք մեր մտահոգությունները Վրաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ: Վրաստանի նախագահին վերջերս ընդունեցինք այստեղ՝ ԱՄՆ-ում: Նա Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների կարեւոր ձայներից է եւ կներկայացնի մեր կողմից հրավիրված երկիրը «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին»: Պա՞րզ է, հրավիրել են Վրաստանին ոչ թե որպես միասնական պետության, այլ միայն դրա իշխանական համակարգի սեփական «շպիոններին»:
Ցուցադրաբար չեն հրավիրել նաեւ Թուրքիային: Սա էլ հասկանալի է. Էրդողանին Վաշինգտոնում չեն սիրում եւ հենց նրան կարողացան հեռացնել, Թուրքիան անմիջապես կդառնա «նորմալ դեմոկրատական» երկիր:
Մեր հարեւաններից վերջինը` Իրանը, հասկանալի է, միայն երազում կարող է տեսնել «դեմոկրատիայի այդ փարոսին» մասնակցության հրավերը: Բայց դե Իրանն էլ մշտարթուն պետություն է, երազներ չի տեսնում:
Այսպիսով, մեր տարածաշրջանում միայն Նիկոլն է, որ լիարժեք կերպով կարող է այդ միջոցառմանը մասնակցել: Դա լա՞վ է, թե` վատ: Իհարկե, կարող են համոզել, թե դա մեծ հարթակ է, պետք է առիթից օգտվել եւ մեր խնդիրները ներկայացնել: Միայն թե առանց այդ հարթակի էլ, մեր խնդիրների մասին մեզանից էլ լավ տեղյակ են բոլոր նրանք, ովքեր կարող են ինչ-որ բան փոխել: Այդ թվում` գագաթաժողովի կազմակերպիչ ԱՄՆ-ն, որը, կրկնենք, բացահայտորեն խոսում է գագաթաժողովին չհրավիրված Ալիեւին զենք ու ՆԱՏՕ-ական բազաներ տալու մասին: Այսինքն, կներկայացվեն այդ հարթակում մեր խնդիրները, թե չեն ներկայացվի, դա բացարձակապես բան չի փոխում: Դա, իհարկե, պարզ հասկանում է նաեւ Նիկոլը, նաեւ, որ խնդիրներ ներկայացնելը սովորական «բլեֆ» է` այդ միջոցառմանը մասնակցելը բացատրելու համար: Ուրեմն, իրականում ի՞նչ է ցույց տալիս այդ մասնակցությունը, ո՞րն է դրա իսկական նպատակը, ու կարո՞ղ են հետեւանքներ լինել, փորձենք հասկանալ:
ՆՈՐ ՋՐԲԱԺԱՆ
Նախ ֆիքսենք, թե առհասարակ որն է այդ գագաթաժողովի իրական իմաստը:
Բնականաբար, դրա մասնակիցների թվում չեն ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ` Չինաստանը: Ավելին, ՌԴ ԱԳՆ-ն վստահ է, որ գագաթաժողովի իմաստը հենց Մոսկվային եւ Պեկինին հակազդելն է: Ըստ այդմ, որ Վաշինգտոնն այսկերպ փորձում է. «Բոլորին ստիպել` աշխարհին նայել «կանոնների վրա հիմնված կարգի» պրիզմայով, որը ծառայում է Վաշինգտոնի գլոբալ շահերին: Միեւնույն ժամանակ, խոսքը գնում է գաղափարական հարթակի ձեւավորման մասին՝ պայքարելու նրանց դեմ, ում դեմ ամերիկյան քաղաքական էլիտան փորձում է պիտակավորել որպես «ավտոկրատ»: Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին»:
Այսպիսով, Մոսկվան համոզված է, որ գագաթաժողովի հիմնական նպատակն այն է, որ ԱՄՆ-ն ստեղծի «աշխարհաքաղաքական բարիկադներ», որն աշխարհը կբաժանի երկու հատվածի` իրեն ենթակաների, այն է` «դեմոկրատիայի ջատագովների» եւ Մոսկվայի ու Պեկինի հետ համագործակցողների, այն է` «բռնապետական ռեժիմների»: Համենայնդեպս, ԱԴԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի քարտուղար, այսինքն` Ռուսաստանի ամենատեղեկացված անձանցից մեկը` Նիկոլայ Պատրուշեւը վստահ է, որ մոտավորապես հենց հիշատակված տերմինաբանության շրջանակներում էլ Վաշինգտոնն առաջ կտանի աշխարհի «բարիկադավորման» այդ գործընթացը: «Դա կլինի հերթական հավաքը համաշխարհային կարգի համար, որտեղ Վաշինգտոնը ցանկանում է ընդմիշտ կենտրոնական դեր խաղալ: Իսկ այլախոհներին, սպասվում է, որ կպցնեն «ոչ ժողովրդավարական պետություններ» պիտակը: Հերթական անգամ կազմակերպիչ պետություններն իրենց կհռչակեն միջազգային իրավունքի պաշտպաններ, մինչդեռ անպայման կհայտարարեն, որ աշխարհը պետք է ապրի իրենց կանոններով: Աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ ամբիոնից կհնչեն գիտակցաբար կեղծ մեղադրանքներ պատերազմական հանցագործությունների եւ կոռուպցիայի վերաբերյալ, բայց, ինչպես միշտ, նրանք աչք կփակեն իրական ցեղասպանության եւ ֆինանսական խարդախությունների վրա, որոնք կատարվել են Սպիտակ տան հավանությամբ…»,- պնդում է Պատրուշեւը:
Սակայն, ըստ ՌԴ ԱԽ քարտուղարի, աշխարհը «սեւերի ու սպիտակների» (Հայկոյի ականջը կանչի, տեսնես սորոսածին աներ-հայրիկը Չեխիայում իրեն ո՞նց է զգում) բաժանելը ինքնանպատակ չէ: Ուրեմն, ո՞րն է նման գագաթաժողով սարքելու՝ ԱՄՆ-ի հիմնական նպատակը:
Նախ նա զգուշացնում է, որ մասնակից շուրջ 120 երկրները կսխալվեն, եթե այդ մասնակցության հաշվին փորձեն իրենց արտոնյալների տեղ դնել. «Կեղծավորաբար խոսելով ընտրության ազատության մասին՝ ԱՄՆ-ն, որն իրեն նշանակել է աշխարհի գլխավոր դիկտատոր, իրականում պարզապես կծաղրի այն երկրներին, որտեղ նրանց կողմից ոտնահարվում են ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը…»:
«ՀԱՅԴԵ ՓԱՐԻԶԻՑ» ԱՌԱՋ
Այդպե՞ս է, թե` ոչ, դա հարցի մի կողմն է, որին դեռ կհասնենք: Հիմա պարզապես փաստենք. ՌԴ-ն (Չինաստանին չմոռանանք) այդ գագաթաժողովն ընկալում է, որպես ջրբաժան, եւ դրա շեմին հստակ բոլորին ներկայացնում է իր այդ պատկերացումը, որը նաեւ ակնարկ է, որ հետայսու կգործի այդ պատկերացումներին համապատասխան:
Ահա այս ֆոնին, մասնավորապես մեր տարածաշրջանում, Վրաստանն իրեն դրսեւորում է՝ որպես «յոթ մոր կաթ ուտող գառ»: Նախագահը կմասնակցի, կառավարությունը` ոչ, եւ կախված հետագա զարգացումներից, կկարողանա հանգիստ այս կամ այն կողմ գնալ: Իսկ դա «ոտատակ չմնալու» երաշխիք է: Թուրքիան եւ Ադրբեջանը սեփական բլոկի մեջ են` վստահ լինելով, որ հաղթող գերուժը, որն էլ լինի, կգերադասի նրանց հետ պայմանավորվել եւ ոչ թե ուժի դիրքերից խոսել: Մեր մյուս հարեւան Իրանը վաղուց է դիրքավորվել, ու հիմա պատրաստ է մինչեւ վերջ իր դիրքը պաշտպանել:
Իսկ ահա նիկոլյան Հայաստանը վերջին ժամանակների իր բազում քայլերով (արցախյան խաղերից մինչեւ Հռոմի ստատուտի հաստատման քայլեր) ու հիմա էլ` կովկասյան տարածաշրջանի «միակ լիարժեք դեմոկրատի» կարգավիճակի հավակնություններով ի ցույց է դնում հստակ դիրքորոշում: Ու սա այն դեպքում, երբ ՌԴ-ն Հռոմի ստատուտի հետ կապված անցել է ամենաբացահայտ սպառնալիքներին. «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երեւանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական եւ իրավաբանորեն անվավեր «օրդերների» ֆոնին… Հայ գործընկերներին զգուշացվել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վրա իրենց հնարավոր քայլերի ծայրահեղ բացասական հետեւանքների մասին»: Մոտավորապես նույնկերպ կարելի է գնահատել նաեւ «Տաշիր» ընկերությունների խմբի եւ Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությունը, թե` անթույլատրելի է նման խաղերով վտանգել Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները: Ու կարելի է կռահել, թե Կարապետյանի այդ դեռ նախազգուշացնող մտքերը որտեղից են գալիս: Չնայած, երբ այս վիճակում տեղի իշխանավորները Ադրբեջանին զինել պատրաստվող ԱՄՆ-ի կազմակերպած «դեմոկրատիայի գագաթաժողովի» մեջ են թաթախվում, դա արդեն Հայաստանի լինել-չլինելու մասին հարցադրումներն են բերում ամենաառաջնային օրակարգ…
Ի՞նչ է, տեղի որոշ իշխանավորներ հույս ունեն «Հայդե Փարիզ» տակտիկայո՞վ գործել, ու միգուցե ստացվի՞, թեեւ Փարիզն էլ է կրակների մեջ: Բայց դրանից հետո ի՞նչ կմնա Հայաստանից…
Չնայած, երեւի նույնը, ինչ մնաց 1920թ.-ի «Հայդե Փարիզից» հետո:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ