Դավաճանական ոհմակ, անտարբեր ժողովուրդ, իսկ երկիրը ոչնչացման շեմին է
Վերլուծություն
Թե ինչու են նիկոլյան իշխանավորներն այդպես կպել եւ պոկ չեն գալիս Գերմանիայից, կարելի է հասկանալ: Եվրոպական «մեծ եղբոր»՝ Մակրոնի վիճակը լավ չէ, եւ երեւի որոշել են, ի դեմս ՍՍ-ական ֆաշիստի թոռ Շուլցի, նոր «մեծ եղբայր» գտնել: Կամ միգուցե Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոկի նախկին մասնագիտությո՞ւնն է հոգեհարազատ, իրենք կիմանան:
ԵՐԲ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԳԱԳՈՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒՑ
Ինչեւէ, թեեւ նոր էր Նիկոլը վերադարձել Գերմանիայում երկարաշունչ շրջագայությունից, հիմա էլ Ալենն է այնտեղ: Սակայն նրա այդ շրջագայությունն էական հետաքրքրություն չի ներկայացնում, պարզապես ուզում ենք նշել մեկ հայտարարություն, որն Ալենը հնչեցրեց այնտեղ: Այսպես, երկար-բարակ խոսելով ներկա իրողություններից, Ալենը հասավ այն մտքին, թե՝ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր մեզ համար այլեւս անվտանգ չէ:
Նախ, սա հերթական «ինքնախոստովանական ցուցմունքն» է այն մասին, որ Նիկոլը, Ալենն ու մնացածները մեր երկիրը հասցրել են մի վիճակի, երբ ոչ թե միայն արցախահայության, այլ առհասարակ՝ հայության համար այս տարածաշրջանում ապրելը դարձել է վտանգավոր: Ու քանի որ խոստովանում են այդ փաստը, այսինքն՝ գիտակցում են ու դրանից հետո կառչած են իրենց աթոռներից, ապա դա էլ իր հերթին է ակնարկում, որ դա դիտավորյալ է արված:
Առավել եւս, որ Նիկոլն էլ իր հերթին, ելույթ ունենալով ամերիկացիների կազմակերպած հակառուսական եւ հակաչինական «Հանուն ժողովրդավարության» ճոխ անվանումով գագաթաժողովում, իր հերթին մոտավորապես նույն խոստովանությամբ հանդես եկավ: Նկատի չունենք նրա այն պնդումները, թե՝ Հայաստանը դարձել է «դեմոկրատիայի փարոս», երբ նույն արեւմտյան աղբյուրներն են արձանագրել հետընթաց: Նկատի չունենք նաեւ սեպտեմբերյան բախումների մասին բացահայտ ավանտյուրիստական միտքը, թե. «Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից եւ մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին եւ մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը»: Ու դա այն դեպքում, երբ բազմիցս է հիմնավորվել, որ հարձակումը կանգնեցրել են բացառապես ռուսները, երբ ամերիկյան կողմը «տակից» հրահրել եւ հրահրում է Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցք» բացելու եւ ողջ իրանական սահմանը ՆԱՏՕ-ական բազաներով պատելու համար: Ընդ որում, արդեն դա պարզ ասում են նաեւ Բլինքենի միջոցով:
Այս ամենը, իհարկե, էական է: Սակայն կոնկրետ դեպքում նկատի ունենք Նիկոլի այն պնդումը, ըստ որի, թեեւ Ադրբեջանի ներկայիս ծրագիրը «միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է: Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա», սակայն դրանով հանդերձ էլ. «Ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին»: Այսինքն, թեեւ այն քաղաքականությունը, որն իշխանության գալուց ի վեր վարում է նիկոլյան խունտան, իրենց իսկ խոստովանմամբ, Հայաստանին հասցրել են մի վիճակի, երբ հայության համար անվտանգ չէ այս տարածաշրջանում նույնիսկ ապրելը, մեկ է՝ Նիկոլը պնդում է, որ նույնկերպ առաջ է շարժվելու: Երեւի, որ հայության համար այս տարածաշրջանում ապրելը ոչ թե նույնիսկ վտանգավոր լինի, այլ՝ բացառվի:
Ու ասվածն էլ ավելի մեծ հավանականություն է ստանում, երբ դրան գումարում ենք նիկոլականների բացահայտ հայտարարությունները, որ եթե Պուտինը գա Հայաստան, նրան կձերբակալեն: Իհարկե, նման հայտարարություններից հետո, օրինակ, ոմն Գագո մտածելու շատ լուրջ խնդիր կունենա: Սակայն նման գագոների ճակատագիրը չէ, որ որեւէ հետաքրքրություն ներկայացնում է: Փաստն այն է, որ միայն ընդգծված հակառուսական-հակաչինական այդ գագաթաժողովին մասնակցելը, ինչպես ավելի վաղ ամենաբարձր մակարդակներով պարզ հայտարարել էին Մոսկվայից, գնահատվում է որպես ներկա համաշխարհային բարիկադներում տեղավորվելու փաստ, որը Հայաստանի պարագայում էլ ավելի ընդգծված դարձավ Հռոմի ստատուտը վավերացնելու այս պատմության եւ հիշատակված իշխանական գագոների հայտարարությունների ֆոնին: Այսինքն, ոչ միայն ռուսական քաղաքագիտական աղբյուրները, այլ նաեւ՝ հայկական կառույցները եւ հայազգի հեղինակավոր անձինք: Օրինակ, ինչպես Սամվել Կարապետյանը, նրանից հետո նաեւ Արա Աբրահամյանը ներկայացրեց «Ռուսաստանի հայերի միության» կարծիքը, որ Հռոմի կանոնակարգի վավերացումը դեմ է «Հայոց պետականության շահերին եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը», նաեւ հաշվի առնելով, որ «անվտանգությունն այսօր երաշխավորված եւ ապահովված է Ռուսաստանի կողմից»:
Ու այստեղ բանն այն է, որ սույն Գագոն սպառնաց, եւ հիմա Մոսկվան «կսարսափի», թե Հայաստան այցելելու դեպքում Պուտինին կձերբակալեն. որեւէ աննորմալ եթե իրոք մտածի նման բան անել, դա կնշանակի բառացիորեն այդ պետության ոչնչացումը: Պարզապես, կրկնենք, նման հայտարարությունը, առավել եւս, երբ գալիս է իշխող ուժի ներկայացուցչից, եւ նրա վերադասը չի շտապում արձագանքել, թե այս ինչ ախմախ բան է ասել, դա նրա մասնավոր կարծիքն է, ապա դա արդեն դառնում է պետության դիրքորոշում: Այս դեպքում՝ ամեն պահ պատերազմի մեջ հայտնվելու ենթակա նիկոլյան Հայաստանը ՌԴ-ի նկատմամբ, որի ռազմական եւ տնտեսական դաշնակիցն է, որի զորքերն այսօր ապահովում են Հայաստանի անվտանգության մնացորդները, ընդամենը մեկ նման հայտարարությամբ ՌԴ-ի հետ բացահայտ թշնամանքի հակում են ի ցույց դնում: Ու սրանից հետո երեւի էլի Մոսկվայի՞ն են մեղադրելու, թե, տեսեք, Ադրբեջանն արդեն բանակային ստորաբաժանումներով է փակել Լաչինի միջանցքը:
ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Այսպիսով, որ գագոների, այսինքն՝ նիկոլների այս հերթական խաղի արդյունքում Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակը եւս մեկ գալարով սեղմվեց, կարելի է փաստ համարել: Բայց ասել, թե այս պահին հայ-ռուսական հարաբերությունները զրոյացել են, դա էլ երեւի տեղին չէ:
Թերեւս, վերջին հնարավորությունների մասին է, որ նախօրեին խոսեց ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նրա խոսքով. «Հույս ունենք, որ կդադարեն վնասակար քննարկումները, թե ով որտեղից է դուրս գալիս եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Երեւանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը կառուցողական եւ փոխշահավետ ձեւով կլուծվեն»:
Իսկ ահա Նիկոլի նախընտրելի եվրադիտորդներն իրենց իսկ բերանով հերթական անգամ խոստովանեցին, որ պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է գարնանը: Նաեւ, որ. «Մենք չենք կարող միջամտել. մենք ունենք միայն հեռադիտակներ եւ տեսախցիկներ մեր տրամադրության տակ»:
Այս իրավիճակում միակ ռեալ ուժը, որը կարող է զսպել Ալիեւի ախորժակը, որ նա խուսափի մեծ պայթյունից, դա ՀԱՊԿ-ի անվան տակ Ռուսաստանն է: Պայթյունի դեպքում, իհարկե, կարող են այլ սցենարներ էլ գործել: Այդ թվում, Սյունիքը կտրելու վտանգի դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ Իրանն անգամ առանց Նիկոլին հարցնելու ռազմական միջամտություն կցուցաբերի: Այդ դեպքում, թերեւս, էլի վերջնարդյունքում Ալիեւի ախորժակը կզսպվի: Սակայն սա մեզ համար եւս վատագույն տարբերակներից է, քանի որ ընթացքում կունենանք նույն կարգի, եթե ոչ ավելի մեծ կորուստներ, ինչ 44-օրյա պատերազմի դեպքում էր:
Այսպիսով, կա մի վերջին հնարավորություն, եւ երբ նույն պահին գագոները խոսում են Պուտինին կալանավորելու մասին, ապա ավելի նման է, որ այդ վերջին հնարավորությունից Նիկոլը չի էլ մտածում օգտվել: Ամեն դեպքում, Ալենը Գերմանիայում նորից աղմկում է, թե. «Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք...»: Այսինքն, որ նման ռեալ, ինչ-որ օգուտ տվող արձագանք այդպես էլ չկա ու չկա: Եվ նույն պահին բրիտանական MI6-ում այդքան գնահատված ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ծայրահեղ ռուսատյաց Լատվիայում շարունակում էր առաջ տանել Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության մասին ՆԱՏՕ-ահաճո թեզը: Դե, եթե «միջազգային փաստահավաք խումբ», ուրեմն ՀԱՊԿ-ի մերժում, եթե անգամ Ալիեւը Տեղ գյուղից էլ անցնի ու հասնի Գորիս:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ