ԵՐԲ ՊԱՏՌՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ
Վերլուծություն
Անշուշտ, տհաճ էր տեսնել, թե ինչ կուռկուռի ձագի, չմոյի տեսք ուներ Մոսկվա Հաղթանակի շքերթի մեկնած Նիկոլը: Դե արժանապատիվ տեսք, շարժուձև կարելի է սպասել միայն արժանապատիվ, Ազգ և Պետություն իրապես ներկայացնող ղեկավարից, ինչպիսին էին մեր ղեկավարները մինչև չարաղետ 2018-ի իշխանազավթումը: Իսկ թուրքի կամակատարից միայն խղճուկ կեցվածք էր սպասելի: Կարծում ենք, կապիտուլյանտի` Մոսկվա մեկնելն էլ հիմնականում աշխարհաքաղաքական ենթատեքստ չուներ, պարզապես իր կողմից պղծված Եռատոնին ծլկեց Հայաստանից` մոսկովյան շքերթը առիթ դարձնելով: Դե, իհարկե, ձեռի հետ էլ սեփական աթոռի անսասանություն մուրալը կա ու կա:
ԴԱՌՆԱՀԱՄ ԵՌԱՏՈՆԸ
Մեր փառապանծ Եռատոնից 2020-ից հետո դառնահամ է գալիս: Չկա Շուշին, հաղթանակը նվիրվել է թշնամուն, իսկ մեր հրապարակներում ռազմական շքերթներ սպասելն այս դավաճաններից ծիծաղելի է:
Հպարտության փոխարեն` պարտության ամոթ, և՛ Երկրորդ աշխարամարտի, և՛ Արցախյան ազատամարտի հերոսների շիրիմների մոտ` ամոթից գետինը մտնելու ցանկություն: Ու անսուրբ անհայրենիքների վակխանալիա մեր շուրջ: Եվ թուրքի յաթաղանի սպառնալիք: Եվ սթափեցնող դառնություն կա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 9-ի ուղերձում. «Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:
Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ, հայրենյաց նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար ՊԱՅՔԱՐԻ անխոնջ մարտիկներին:
Փա՛ռք նրանց, որոնք կերտեցին և դեռ կերտելու են նոր հաղթանակներ:
Երախտագիտություն և խոնարհում նաև մեր հայրերի ու պապերի այն հերոսական սերնդի առջև, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ խորտակիչ հարված հասցրեց ֆաշիզմին և վճռեց պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը»:
Այո՛, բացի պայքարից այլ բան չի մնում: Պայքարն էլ կարոտ է միասնության: Սակայն միասնությունից բարբառում են նրանք, ովքեր խաթարում են այն: Հայտնվել են 2018-ին խելահեղորեն «Նիկոլ» վանկարկողներ, ովքեր ծնել են տխմարագույն թեզ` Սերժին մերժելը ճիշտ էր, Նիկոլին բերելն էր սխալ: Սակայն երբ աչքները խոթում ես, որ այդ երկուսը միասնական փաթեթ են և առանձին-առանձին չկան, հիսթերիկ ձևով հայտարարում են, թե խաթարում ես միասնությունը:
Բայց ի՞նչ միասնություն ծպտյալ նիկոլականների հետ: Ի՞նչ միասնություն Նիկոլի օրակարգը սպասարկող «ընդդիմադիրների» հետ, ովքեր առաջ են բերել «Սերժ=Նիկոլ»` նիկոլապահ տեխնոլոգիայի բաղադրիչ բանաձևը:
Դրա սպասարկմանը ակտիվորեն լծվել է մանկուրտ Արամ Գաբրիելյանովը, ով իր պարտքն է համարում ամեն օր պատվերով ցեխարձակել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ, դե իսկ ոմանք դրանից օրգազմ են ապրում և ծափահարում: Ի վերջո Արմեն Աշոտյանը որոշեց պատռել այդ արարածի դիմակը` մասնավորապես նշելով. «Խոսքը տխրահռչակ «մեդիա մագնատ»-ի, բայց իրականում մեդիամանկուրտ Արամ Գաբրելյանովի ու նրա sugar-daddy-ի մասին է»: ՀՀԿ փոխնախագահը մանրամասնում է. «Արամը Սերժին ավելի շատ չի սիրում, քան Նիկոլին. Նրա թիկունքում կանգնած մարդկանց համար հենց այս բանաձեւն է մնում Հայաստանի նկատմամբ նպատակադրող:
...Դուք կարմիր գծեր չունեք, ուստի օրգանապես չեք մարսում բոլոր նրանց, ովքեր ունեն այս կարմիր գծերը՝ լինի քաղաքականության, բարոյականության, անձնական հարաբերությունների, թե պարզապես առօրյա կենցաղում:
Սերժի և Նիկոլի միջև հավասարության նշան դնելով՝ Գաբրելյանովի ինտիմ լրատվական ծառայությունների հաճախորդները նպատակաուղղված երկարացնում են Փաշինյանի քաղաքական կյանքը:
...Նիկոլը ձեզ համար օգտակար ապուշ է, բայց ոչ պակաս ապուշներ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանում դեռ կարող են անպատիժ և թաքուն մանիպուլացնել հասարակական կարծիքը և քաղաքական օրակարգը»:
Ահա՛ ով է Նիկոլը արտաքին խաղացողների համար` «օգտակար ապուշ»:
Ո՞Վ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ «ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇԻՆ»
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը իր հարցազրույցներում ասել էր, որ 2018-ին իշխանությունը փոխանցել էր Կարեն Կարապետյանին:
Էդուարդ Շարմազանովն էլ օրերս 2018-ի քրոնիկոնից չոր փաստեր է հրապարակել, որոնք սակայն դարձել են դիմակներ պատռելու միջոց: Եվ այսպես. «Լուր ստացվեց ,որ գլխավոր դատախազն ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ է մտնելու Փաշինյանին ու եւս 2 պատգամավորի կալանավորման միջնորդությամբ: Իրավիճակը լարվում էր:
...Առավոտյան խոսեցի արտասահմանից նոր ժամանած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, ով ձերբակալվածների պահման վայրում էր:
...Ասեց՝ Էդ ջան, աչքիս Նիկոլը Լենին պապիի նման մարդկանց ոտքի է հանելու ու հեղափոխություն անի»:
Իսկ հաջորդ օրը. «Քիչ անց զանգահարեց Արա Բաբլոյանը:
Ասեցի ե՞րբ ենք դնում նիստը:
Ասեց՝ նիստը չի կայանա, քանի որ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազին խնդրել է ԱԺ-ից կալանավորման միջնորդությունը հետ վերցնի ու գնացել է Նիկոլի հետ հանդիպման:
Բաբլոյանը մի քիչ պաուզա տվեց ու ասեց՝ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հրաժարական տալ ու Կարեն Կարապետյանն է մնում վարչապետի պաշտոնակատար:
Այդ ընթացքում հեղափոխականների բանակը համալրվեց՝ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն հայտարարեցին Նիկոլի շարժմանը միանալու մասին»:
Հաջորդած օրերին շատ հետաքրքիր բաներ եղան. «Ապրիլի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ անդամների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Լուռ էինք բոլորս: Իրեն էինք ուզում լսել: Նրա կողքն էր նաեւ Կարեն Կարապետյանը:
Սերժ Սարգսյանն երկար-բարակ չխոսեց: Ասեց՝ իմ հրաժարականը նպատակ ուներ թույլ չտալու բախումներ մեր երկրում: Ու հետո ասեց ամենակարեւորը:
Նա ասեց, որ ինքն ու Կարեն Կարապետյանը ունեն պայմանավորվածություն 1,5 տարի անց իշխանությունը փոխանցել Կարապետյանին: Ասեց, որ իր` վարչապետի պաշտոնում առաջադրվելու միակ պատճառը Արցախն էր: Բայց ստացվեց այսպես,պետք է ԱԺ-ում վարչապետ ընտրել Կարապետյանին: Ավելին. նա նշեց, որ ինքը պատրաստ է նաեւ ՀՀԿ ղեկավարի պաշտոնը փոխանցել Կարեն Կարապետյանին»:
«Ապրիլի 25-26-ին ՀՀԿ-ն Փաշինյանի հետ բանակցելու համար լիազորեց Կարապետյանին: ՀՀԿ խմբակցությունում տեղի ունեցավ քննարկում, որտեղ ես հայտարարեցի Սերժ Սարգսյանի առաջարկը՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանին: Իմ տպավորությանբ թիմը պինդ էր ու պատրաստ էր Կարապետյանին ընտրելու վարչապետ:
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Պուտին-Կարապետյան հեռախոսազյույցը:
Ապրիլ 27-28 տեղի ունեցավ Կարապետյանի ու ՀՀԿ ֆրակցիայի երկու հանդիպում:
Առաջին հանդիպման ժամանակ Կարապետյանը համոզիչ էր երեւում՝ պատրաստ մայիսի 1-ին ընտրվելու վարչապետ: Սակայն հաջորդ հանդիպմանը նա հայտարարեց, որ հրաժարվում է առաջադրել վարչապետի պաշտոնում: Թիմն այդ փաստը լավ չընդունեց»:
Հիմա արդյո՞ք պարզ չէ, թե ով իշխանությունը հանձնեց «օգտակար ապուշին»: Եվ Կարեն Կարապետյանը պետք է բացատրի` ինչո՞ւ իշխանությունը հանձնեց Նիկոլին, և/կամ ո՞վ, ո՞ր ուժերն ու շրջանակները նրան դրդեցին իշխանությունը հանձնել այդ պիղծ արարածին:
Իսկ հիմա տեսնում ենք, թե հատկապես ովքեր են փորձում դա գցել Սերժ Սարգսյանի գրպանը: Բայց արդեն ուշ է, դիմակները պատռված են, լոլոները գրոշի արժեք չունեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ