Ժողովրդին մեղադրելը ժողովրդի կործանման պատճառներից մեկն է
Վերլուծություն
Ամեն օր հանդիպում եմ իմ ամենաչսիրած թեմային՝ ժողովրդին ուղղված մեղադրանքներին:
Ուրեմն կրկնեմ այն, ինչը չեն սիրում լսել մեր այն մտավորականները, որոնք ժողովրդին մեղադրելուց մեծագույն հաճույք են զգում:
Ժողովրդի կամ ազգի մասին գիտելիք ունեցողը չի կարող ոչ ժողովրդին, ոչ էլ ազգին մեղադրել:
Որովհետև դրանք գործող անձեր չեն:
Գիտելիք ունեցողը պարտավոր է իր պատասխանատվության մասին մտածել ու պատասխանել մի հարցի՝ արդյո՞ք իր խելքն ու հնարամտությունը հերիքեցին ժողովրդին ճիշտ ուղղորդելու համար, թե ոչ:
Ժողովրդին մեղադրելը ժողովրդի կործանման պատճառներից մեկն է:
Որովհետև դա նշանակում է մտավորականության մոտ մտածելու ընդունակության բացակայություն:
Դա չափազանց կարևոր նրբություն է, որը Հայաստանում «մասնագետների» ճնշող մեծամասնությունը կատաղած հերքում են ու այդ իսկ պատճառով Նիկոլի նման խղճուկ հակառակորդից ամեն օր պարտություն կրում:
Որովհետև պատճառահետևանքային կապը չեն ըմբռնում, քարը վեր են նետում ու տակը կանգնում, զարմանալով, թե ինչու գլխներին ընկավ:
Ժողովրդին մեղադրելը սեփական տգիտության արդարացում է ընդամենը, ուրիշ ոչինչ:
Քանի դեռ հայկական «մտավորականությունը» ժողովրդին կամ ազգին է մեղադրում, փոխանակ ժողովրդի գիտակցության համար իր պատասխանատվությունը հասկանա, սովորի ուղղուրդել, ոգևորել, լավագույն քայլերի մղել, ժողովուրդը անգլուխ մարմին է մնում:
Մտավորական ջան, քո գլխի դատարկությունից գանգատվիր, ոչ թե ժողովրդից:
Հենց տարբերությունը հասկանաս, քո անմիջական պատասխանատվությունը գիտակցես, ժողովրդի կյանքն էլ կլավանա, գիտակցությունն էլ, տնտեսությունն էլ:
Գլխի գործը մտածելն է, մարմինը ուղղորդելն է, մարմնի գործողությունները կառավարելն է, մարմնի առողջության մասին հոգ տանելն է:
Ազգի մարմնից պոկված տհաս, խակ գլխի դերից հրաժարվիր: