ԹԱՎՇՅԱ ԽՐՏՎԻԼԱԿԻՆ Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՊԱՆԸ
Վերլուծություն
Երբ հետևում ես կապիտուլյանտ Նիկոլի արտերկրյա ուղևորություններին, միանգամից մտքովդ մի շարք քամահրական մակդիրներ են անցնում` կուռկուռի ձագ, չմո, թրջված հավ, լավագույն դեպքում` ծաղրածու: Բայց չէ, ծաղրածուն սրա համար շատ կլինի, դա լուրջ հմտություններ պահանջող մասնագիտություն է: Իսկ սա պարզապես խրտվիլակ է, ընդ որում` անորակ: Այգիներում խրտվիլակը թռչուններին վախեցնելու համար են դնում, որ բերքը չուտեն, սակայն այս խրտվիլակից ոչ ոք չի վախենում, և Հայոց «այգին» անարգել ասպատակում են բոլոր ցանկացողները:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ՞
Հերթական ասպատակության համար թշնամին ոտնձգություն կատարեց Սոթքում, սակայն ի զարմանս հայտնաբերեցինք ռուսական տեսանյութ, ուր ադրբեջանական դիրքում երևում է մերոնց կողմից խոցված զրահատեխնիկան: Տելեգրամ ալիքներում տեղեկություն տարածվեց, որ թշնամու հարձակման պահից ի վեր զինվորականները առավել քան երկու ժամ չէին կարողանում կապ հաստատել գերագույն գլխավոր դավաճանի հետ: Երևի թե, այդ կապի բացակայության հետևանքով կատարեցին իրենց հասանելիք գործը ու կարգին հակահարված տվին թուրքին: Թերևս մաղթենք, որ բանակայինները երբեք չկարողանան կապ հաստատել Նիկոլի հետ, եթե 44-օրյա պատերազմին այդ հողատու վիժվածքը անհետանար, ապա դժվար թե պարտվեինք: Չէ՞ որ որտեղ Նիկոլ, այնտեղ էլ` կանխամտածված պարտություն:
Իսկ երբ այդ դավաճանը գտնվեց, միանգամից զզվելի տեսարան եղավ: Ահա ակտիվ քաղաքացի Արմեն Հովասափյանի տպավորությունը կառավարության նիստից. «Փալասային տրամաբանություն ու կզածի հոգեկերտվածք, որը տիրում էր նիստում: Շատերին կթվա, որ շուրջ 6 ժամ պետական սահմանին լարվածություն ունեցող երկրի ղեկավարը, մարտական գործողություններին զուգահեռ ընթացող կառավարության նիստում պետք է խոսեր հիմնականում իրավիճակի վերաբերյալ, տար գնահատականեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր տեղի ուենցող հերթական ագրեսիային: Սա կլիներ նորմալ ու տրամաբանված պետություն ունենալիս, որը մենք ուղիղ 5 տարի է՝ չունենք: Փորձեց արդարանալ եռաքայլ շպագատի թեմային ու իր 8 րոպեանոց ելույթում հստակ մի քանի մեսիջներ տվեց. «Ադրբեջանի այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները: Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել: Ցավոք, պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը շատ փոքր է: Խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը, և այն պատրաստել ստորագրման»: Էսքան բան»:
Դե, կապիտուլյանտից չենք զարմանում, այդ խրտվիլակը լրիվ կանխատեսելի է: Իսկ այ ԱԺԲ-ամետ քարոզիչները զարմացրին: Օրերս Էդուարդ Շարմազանովի` 2018-ի չոր ժամանակագրական փաստերից պարզորոշ երևաց, որ Նիկոլին իշխանությունը հանձնել էր «ժիլետասեր» Կարեն Կարապետյանը: Եվ հանկարծ տեսնում ենք, որ այդ` ռուսական կրեատուրայի համբավ ունեցողին ջերմորեն պաշտպանում է արևմտամոլ «վերլուծաբան», ավելի ճիշտ` քարոզիչ ոմն Հակոբ Բադալյանը. «Օրինակ, առավել հետաքրքիր է, թե ինչպես են այսօր՝ իշխանությունը Փաշինյանին հանձնելու համար մեղադրում Կարեն Կարապետյանին մարդիկ, որոնք 2018-ի ապրիլի 25-ին գլխավոր խնդիր էին դնում թույլ չտալ, որ հանկարծ մնա Կարեն Կարապետյանը»: Այդ քարը փորձում է գլորել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի «բոստանը», մինչդեռ մեր նախորդ` «Երբ պատռվում են բոլոր դիմակները» նյութում հանգամանալից անդրադարձել էինք Շարմազանովի ժամանակագրությանը, որից պարզ երևում էր, որ ՀՀ երրորդ նախագահն ու ՀՀԿ խմբակցությունն արել էին առավելագույնը` Կարեն Կարապետյանին անցնցում վարչապետ ընտրելու համար, սակայն վերջինս հանկարծ հրաժարվեց առաջադրվել: Ինչի վերաբերյալ պարտավոր է բացատրություն տալ:
Սակայն ԱԺԲ-ամետ Բադալյանն ակամա մատնում է և պատվիրատուին. «Հայաստանում այդօրինակ անարյուն, ոչ բռնի եւ բավականին արագ փոփոխություն տեղի է ունեցել մի բանի շնորհիվ՝ տեղի ունեցողը բավարարում էր թե՛ ներքին, թե՛ արտաքին բոլոր առանցքային բեւեռների շահերն ու հետաքրքրությունները»: Սա ոչ այլ ինչ, է քան խոստովանություն` Արմեն Աշոտյանը և այլք ճիշտ են ասում, որ «Սերժին մերժելը» աշխարհաքաղաքական կոնսենսուսի հետևանք է, արտաքին խաղացողներին անհրաժեշտ էր կամազուրկ խրտվիլակ, և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ. «Նիկոլ Փաշինյանին գցել են Հայաստանի գրպանը»:
Իսկ ԱԺԲ-ի տերերը խառնվել են իրար և քարոզիչներին հանձնարարություն տվել պարզ պատճառով` ամեն ինչ գալիս է հաստատելու, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր (և է), իսկ իրենք բոլորը` սխալ: Օրինակ, դատարանում փլուզվեց ՀՀ երրորդ նախագահի քրգործը` բացահայտվեց, որ սուտ ցուցմունք տված նախկին նախարար Սերգո Կարապետյանը նաև իր ենթականերին էր կարգադրել նույնաբովանդակ ցուցմունքներ տալ: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ. «Ժամանակն ամեն բան իր տեղն է դնում: Խնդիրն այն է, որ կորցնում ենք այդ ոսկե ժամանակը և դրանից օգտվելով, Արցախի և Հայաստանի նկատմամբ իրենց սև գործն են անում ազգադավ իշխանությունները: Իմ համոզմամբ, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված շինծու դատավարությունները ևս մտնում են Արցախը հանձնելու և Հայաստանը պետականազրկելու դավադիր պրոյեկտի մեջ»:
ՊԵՏԱԿԱՆԱԶՐԿՄԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՆԵՐԸ
Ի դեպ, միայն Կարեն Կարապետյանի պարագայում չէ, որ առկա է «աշխարհաքաղաքական շիլաշփոթ»: Օրինակ, մշտապես «ռուսամետ» համարվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ստեփանակերտյան մեծ հանրահավաքին հանկարծ էպիզոդիկ հայտնվեցին և ֆիքսվեցին հակառուսական և հակապուտինյան պաստառներ: Իսկ Վարդանյանը, ասում են, ծավալուն պլաններ ունի աշնանը կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:
Սակայն վերադառնանք վարչապետությունից հօգուտ Նիկոլի հրաժարված Կարեն Կարապեյանին և ևս մեկ-երկու դրվագ հիշեցնենք Շարմազանովի կազմած փաստագրությունից: Ահավասիկ. «Ապրիի 14-ին (2018-ի) Նիկոլն ու կողմնակիցները մտան ռադիոտուն՝ իրականացնելով հանցանք: Այսօր հայտնի շրջանակներից ասում են՝ բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաման չտվեց ռադիոտուն ներխուժած Նիկոլին ձերբակալել: Իսկ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին ի՞նչ լիազորություն ուներ: Ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը պետական որեւէ պաշտոն չէր զբաղեցնում»: Իսկ ապրիլի 23-ին ԱԺ նախագահը հայտնեց. «Նիստը չի կայանա, քանի որ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազին խնդրել է ԱԺ-ից կալանավորման միջնորդությունը հետ վերցնի ու գնացել է Նիկոլի հետ հանդիպման»:
Հիշեցնենք` բանտից Նիկոլին հանած Կարապետյանն ինքը հրաժարվեց առաջադրվելուց, թեև ՀՀԿ խմբակցության քվեներով ստույգ ընտրվող էր ու նաև հասցրել էր զրուցել Վլադիմիր Պուտինի հետ... բայց վարչապետությունը փաստացի նվեր տվեց Նիկոլին: Իսկ հետո` Շարմազանովի վկայությամբ. «Մի քանի ամիս անց կալանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀԿ-ն միակն էր այն ժամանակ, որ պատգամավորական ստորագրահավաք սկսեց Ռ. Քոչարյանին ազատ արձակելու համար ու միակն էր, որ Ռ. Քոչարյանին ճանաչեց քաղաքական բանտարկյալ: Իսկ նույն այդ ժամանակ հարգելի երկրորդ նախագահի ապագա «զինակիցները» Փաշինյանի հետ կոալիցիա էին կազնում: Իսկ մինչ այդ էլ, որոշները ապրիլի 23-ին հրապարակներում Սերժ էին մերժում Ասածս ի՞նչ է… ձեր կերած «բողկերը» ՀՀԿ-ի գրպանը մի դրեք»:
Արմեն Աշոտյանն էլ մատնանշում է մեկ այլ գործընթաց. «Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է:
...Դեռեւս 2008-ին Սերժ Սարգսյանը բանաձեւել էր, որ «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն` Սփյուռքով»: Սա հասկանալով փաստում ենք, որ թուլացնելով հայկական Սփյուռքը եւ իր կապը Մայր Հայաստանի հետ, մեզ ապասփյուռքացնում են: Ու դա անում են Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար»:
2018-ին խրտվիլակ Նիկոլին Հայաստանի գրպանը գցողներն այսօր շարունակում են նույն կեղտոտ գործը: Խրտվիլակի միջոցով էլ հիմա Հայաստան-Սփյուռք կապն են ոչնչացնում:
ՀՀԿ փոխնախագահը կետերով է ներկայացնում, թե ինչպես է խրտվիլակը դա անում.
1. Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց:
2. «Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա:
3. Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային օրակարգի շուրջ, այլ բզկտել գաղթօջախները՝ Նիկոլի նկատմամբ լոյալության չափանիշով:
4. Սփյուռքահայ մի շարք գործիչների մուտքը Հայաստան արգելեցին:
5. Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազգային գերակա օրակարգերը սկսեցին շարունակաբար փոխարինել այլ, քաղաքական նշանակություն չունեցող «հումանիտար-մշակութային» հարցերով:
Ընդհանուր` 9 կետ: Դրան հավելենք և «թավշյա խրտվիլակ» Նիկոլի և նրա թուրք տերերի համատեղ վախը Նեմեսիսի կոթողից: Այդ պատճառով Անկարայում կզած արդարանում էին և գցում Երևանի քաղաքապետարանի վրա: Դե թուրքերի մոտիվացումը պարզ է, իսկ Նիկոլը թերևս թուրքից առավել վախենում է Նեմեսիսից: Ի դեպ, ակտիվ քաղաքացիները նկատել են, որ Նեմեսիսի հուշակոթողի վրա ազատ տեղեր կան նոր ազգանուններ փորագրելու համար: Ու հայ մարդիկ, այդ թվում` ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, հրապարակավ ցանկություն են հայտնում, որ այդ տեղերը հնարավորինս արագ համալրվեն նոր ազգանուններով:
Հայոց լեռնաշխարհի օդում ցասման և ըմբոստության հոտ է գալիս...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ