Թուրքական ընտրություններն արգելակ են Ալիեւի համար
Վերլուծություն
Մեկ այլ գործոն եւս կա, որն արգելակում է հենց այս պահին «խաղաղության պայմանագրի» ստորագրումը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=255824&l=am): Խոսքը՝ Թուրքիայի մասին է:
Այն, որ Ալիեւը ռուսական եւ իրանական ուղղությամբ կոշտ դիրքորոշում պահելով, իրեն համեմատաբար ապահով է համարում՝ թիկունքին զգալով Էրդողանին, հայտնի բան է: Բայց նաեւ դժվար չէ հասկանալ, որ այս խառը պահին Էրդողանը հազիվ թե կարողանա կանգնել Ալիեւի թիկունքին: Իհարկե, Հեյդարովիչը կարող է նաեւ մտածել այսպես. Արեւմուտքն ամեն կերպ աջակցում է Քըլըչդարօղլուին, եւ եթե նա գա իշխանության, կպահի կովկասյան ուղղությամբ արեւմտյան կուրսը: Բայց արդյոք իրականում է՞լ կպահի, ի՞նչ մեթոդներով, ռազմական լուծումներին, ինչպես Էրդողանը, կողմ կլինի՞, եւ այդպես շարունակ:
Առավել եւս, երբ թուրքական քվեարկությունը մտածելու տեղիք տվող այլ ուշագրավ դրվագներ եւս ի հայտ բերեց: Այսպես, մոտ 1,5 միլիոն թուրք, որոնք բնակվում են այլ երկրներում, մասնակցեցին քվեարկությանը: Դա ընդհանուր ձայների մեջ մեծ թիվ է, եւ, բնական է, որ ինչպես Էրդողանը, այնպես էլ Քըլըչդարօղլուն, ավելին, նաեւ այն երկրները, որտեղ բնակվում են այդ թուրքերը, աշխատել են, որ այդ ձայները «ճիշտ ուղղությամբ» գնան: Եվ ահա, պատկերը սա է: Գործնականում ողջ իսլամական աշխարհում, ավելի ճիշտ՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում բնակվող թուրքերը մեծամասամբ քվեարկել են Էրդողանի օգտին: Եվ ասել, որ Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում կամ Իրանում այդ ձայներն անտերության էին մատնված, միամտություն կլիներ: Նաեւ դժվար չէ կռահել, որ իսլամական աշխարհում Էրդողանի նման ձայները հիմնականում կապված են այն բանի հետ, որ մրցակիցը ամերիկյան դրածո էր: Սա, բնական է, խոսում է մեր մեծ տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների մասին, եւ այդ փաստը նախ չի կարող աչքաթող անել Ալիեւը: Երկրորդ, ընտրվելու դեպքում դա իր հաշվարկներից չի կարող հանել նաեւ Քըլըչդարօղլուն: Այսինքն, նախագահի դիրքերում թե նա ինչպես իրեն կդրսեւորի, հարցեր կան:
Նաեւ հարցեր կան, թե ընտրվելու դեպքում Քըլըչդարօղլուն, լինելով քեմալիստական ուժի ղեկավար, Էրդողանի համառությամբ կգնա՞ պանթյուրքիզմի ուղղությամբ, հաշվի առնելով, որ դա տանում է ՌԴ-ի, Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների սրացման:
Մեկ այլ էական դետալ եւս: Ազգայնամոլական եւ իսլամական ուղղությունը ներկայացնող Էրդողանն ու համեմատաբար չափավոր աշխարհիկ ուղղության Քըլըչդարօղլուն ստացան մոտավորապես հավասար ձայներ (կեղծիքները մի կողմ թողնենք): Սա եւս մեկ անգամ հուշեց, թե հաճախ լուրջ սրությամբ հակադրվող այս երկու ուղղություններն էլ թուրքական հասարակության մեջ ունեն գրեթե հավասար եւ խորը արմատներ: Ու մեծ հարց է, թե գնալով բախման, այդ հակադրվող հոսանքներն ո՞ւր կհասցնեն Թուրքիան: Առավել եւս, երբ կա բախման գնալու նման առիթ, նաեւ նախընտրական մթնոլորտը հուշեց, որ կա նաեւ ծայրահեղությունների գնալու երկկողմ պատրաստակամությունը: Այսինքն, Թուրքիան կանգնած է ջրբաժանի առաջ, այս ընտրությունները կարող են առաջիկա տասնամյակների ու հարյուրամյա կտրվածքով որոշել Թուրքիայի ողջ կենսակերպը, եւ կողմերից որեւէ մեկը հակված չէ զիջել: Թերեւս, նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով էր, որ Էրդողանը խուսափեց առաջին փուլում իրեն հաղթող հռչակելու գայթակղությունից՝ գնալով երկրորդ փուլի: Սակայն սա ընդամենը երկշաբաթյա դադար է, որը, իհարկե, չի կարող լուծել տասնամյակներով կուտակված այդ գերլարումների խնդիրը: Ու ի՞նչ կլինի, եթե այս իրավիճակը գնա պայթյունի: Իհարկե, դրա հետեւանքները կանխատեսելը բարդ է: Բայց անկախ զարգացումներից, դա Ալիեւին, մեծ հավանականությամբ, սպառնում է տեւական ժամանակ թիկունքը կորցնել: Եվ այս դեպքում կտրուկ քայլերի գնալը՝ նրա համար կարող է մահացու լինել: Մնում է սպասել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ