Եվրոպայում «ծնկի գալով» էլ Նիկոլը չի կարող Արցախը նվիրել Ալիեւին
Վերլուծություն
Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովում իր ելույթում Նիկոլը գործնականում բաց տեքստով վերահաստատեց, որ առաջնորդվում է՝ «Արցախն Ադրբեջան է՝ եւ վերջ» սցենարով: Նրա խոսքով, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Դա նշանակում է մեկ բան՝ Նիկոլն Արցախը համարում է Ադրբեջանի մաս: Նման է նրան, որ եվրոպացիները նրան կանչել են, պահանջել, որ այդ կերպ «ծնկի գալով», ցուցադրաբար վերահաստատի «հավատարմությունն արեւմտյան կրոնին»: Սակայն մեկ բան երեւի եվրոպացիներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ` իսկ քանի՞ եվրացենտի արժեք ունի անգամ «ծնկի եկած» վիճակում Նիկոլի տված «հավատարմության երդումները»...
ԲԱԶՄԻՑՍ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Այնուամենայնիվ, «հավատարմության երդումը» տրված է: Թե նման հայտարարությունը հայաստանյան քանի օրենք է խախտում, դա մի կողմ: Նիկոլն առանց դրա էլ այնքան խախտումներ ունի, որ արդեն մի քանի «ցմահի» մեղադրանք է շալակել, ու մեկով ավել, մեկով պակասն արդեն բան չի փոխում:
Քանիցս ասել ենք եւ կրկնենք. Նիկոլի այս ծրագրերը հասկանալի էին դեռ 2018թ.-ին, որի մասին այն ժամանակներից սկսած քանիցս գրելու առիթներ ունեցել ենք: Այս պահին դա ընդամենը բացահայտվում է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական եւ արեւմտյան ուղղությունների միջեւ տեւական տատանումներից հետո Նիկոլն այսպիսով խոսում է վերջնական որոշման մասին: Չնայած, արդյոք այս հերթական զիջումը վերջնական որոշո՞ւմ է: Եղավ արտգործնախարարների հանդիպումը, կհաջորդի Նիկոլի այցը Մոսկվա` որտեղ հանդիպելու է Պուտինի եւ Ալիեւի հետ: Եվ այն, ինչ այս պահին վերջնական է թվում, վաղը-մյուս օրը կարող է եւ 180 աստիճանով հակառակ տեսքը ստանալ, հաշվի առնելով, որ նման «ակրոբատիկ թռիչքներ» Նիկոլը քանիցս է ի ցույց դրել:
Սակայն այս պահին ունենք այն, ինչ ունենք եւ փորձենք հասկանալ, թե այս ընթացքն ո՞ւր է տանելու Հայաստանին:
Մեկ միտք եւս քանիցս կրկնելու առիթներ ունեցել ենք. եթե անգամ Նիկոլը վերջնականապես թղթի վրա գրի, թե՝ «Արցախն Ադրբեջան է՝ եւ վերջ», դա էլ արցախյան հակամարտության լուծում չի հանդիսանալու: Կա արցախահայության վերջնական համաձայնության հարցը, իսկ Արցախը գոնե այս պահին դեռ մնում է՝ «ոչ մի Ադրբեջան» սկզբունքին: Իսկ որ այս մոտեցումը «կոտրելու» հիմնական միջոցներից մեկը՝ Լաչինի միջանցքի շրջափակումը եւ որեւէ պարագայում հայ-ադրբեջանական սահմանագոտի ՀԱՊԿ խաղաղապահներին թույլ չտալն է, դա էլ է հասկանալի: Իսկ եթե հաջողվի Լաչինի միջանցք եւ Արցախ, այսպես կոչված, միջազգային դիտորդներ խցկել, դա արդեն կարող է վերջնականապես կոտրել Արցախի դիմադրողականության վերջին նշույլներն անգամ: Եվ այս տեսանկյունից, իհարկե, պատահական չէ, որ նույն Ռեյկյավիկում, բացի Եվրոպայի առաջ «Արցախն Ադրբեջան է՝ եւ վերջ» սցենարով պատասխանատվությունը ստանձնելը, Նիկոլը նաեւ շարունակեց եվրադիտորդների թեման առաջ տանել. «Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:
Բնականաբար, այստեղ շատ պարզ հարց կա. եթե Նիկոլը պաշտոնապես հայտարարում է, կրկնենք, թե Արցախով հանդերձ, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, ապա նա այդ ո՞ր իրավունքով է միջամտում Ադրբեջանի «ներքին գործերին», քանի որ ե՛ւ Լաչինի միջանցքը, ե՛ւ «Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները» մտնում են այդ «86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքի» մեջ: Ամեն դեպքում, դա լավ առիթ է, որ Ալիեւը հերթական անգամ մատ թափ տա Նիկոլի վրա, թե ճանաչել ես, դե ուրեմն էլ քիթդ մի խոթի Ադրբեջանի ներքին գործերի մեջ: Բայց ահա Բաքվի բողոքի որեւէ նշույլ չկա, իսկ դա մեկ դեպքում է իրատեսական՝ Նիկոլն ասել է այն, ինչը հենց Բաքվին է պետք: Այսինքն, որ Նիկոլի ասած՝ «Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները» արցախահայությանը Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչելու մեխանիզմ է, դա հասկանալի է: Բայց եթե դրան հասնելու համար Ալիեւին պետք է, որ Նիկոլը եւս այդ թեման առաջ տանի, դա նորից ու նորից մեկ բանի մասին է ակնարկում՝ որ արցախահայությունից նման որոշում պոկելու համար Ալիեւն ունի Նիկոլի կարիքը, եւ վերջինս էլ պատրաստակամորեն եւ հետեւողականորեն աշխատում է այդ ուղղությամբ:
ՆԵՐԱՐՑԱԽՅԱՆ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սակայն միայն հայտարարություններով, ինչքան էլ որ եվրոպաներում հնչեցված, մեկ է, խնդիրը լուծել հնարավոր չէ: Դրա համար պետք է նաեւ ներարցախյան իրավիճակը քաոսի վերածել, եւ այն, որ դեռ պատերազմի ժամանակներում Աննայի հետ բունկերներում «զբոսաշրջային արշավի» դուրս եկած Բաբայան Սյամոն հիմա էլ ներարցախյան մթնոլորտը պահելու գործին է լծվել, բնականաբար, պատահական չէ: Հաշվի առնելով նաեւ, որ հայաստանյան տեղեկատվական աղբյուրներն արդեն իսկ բացահայտ են պնդում, որ. «Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունն ավելի շատ Փաշինյանի նախաձեռնությունն է, որը Բաբայանն իրականացնում է ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Գագիկ Մելքոնյանի միջնորդությամբ: Այլ կերպ ասած՝ Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը Բաբայանի երեւանյան կուրատորներն են, եւ հենց նրանց դրդմամբ է Բաբայանը խժդժություններ անում Արցախում»:
Մյուս կողմից էլ, այն, որ Արայիկ Հարությունյանն է Բաբայանին ընդառաջ քայլեր անում՝ «օդում կախված» թողնելով նրան պետքարտուղար նշանակել-չնշանակելու թեման, իր հերթին է ճնշող ազդեցություն թողնում ներարցախյան մթնոլորտի վրա: Այսինքն, եթե Սյամոն սկսել է ավելի ու ավելի մեծ չափով ընկալվել, որպես տեղում Նիկոլի էմիսար, իսկ Արայիկը հստակորեն հակառակը չի հիմնավորում կամ չի կարողանում հիմնավորել հանրությանը, թե ինչ եք ասում, սա մեր «Կոմանդույուշին» է, ինչ նիկոլյան գործակալ, ինչ բան, ապա, բնականաբար, դա էլ ավելի է խոսում Սյամոյի «շպիոն» լինելու մտավախությունների մասին: Իսկ երբ այսքանով հանդերձ նույն Արայիկը տարօրինակ «նայնիմ-նայնիմների» մեջ է մտնում Սյամոյի հետ, ապա այլ հարցեր է դրանով բերում օրակարգ, թե արդյոք նա էլ իր հերթին «տակից» Նիկոլի հետ չի՞ աշխատում: Առավել եւս, երբ 44-օրյա պատերազմի հետ կապված եւս Արայիկին ուղղված բազում հարցեր այդպես էլ մնացել են անպատասխան:
Ամեն դեպքում, թե կոնկրետ ում միջոցով, սակայն մեկ բան կարծես հաստատ է. Նիկոլը ներարցախյան մթնոլորտն այսպես փոթորկելու լծակներ ունի, եւ հենց դրանով էլ նրա կարիքն Ալիեւն ունի: Հակառակ դեպքում Բաքուն պետք է պարզապես բացահայտ ռազմական արշավի դուրս գա Մոսկվայի դեմ, ինչը, իհարկե, եղել եւ մնում է ծայրահեղ վտանգավոր:
Բայց մյուս կողմից էլ փաստ չէ, որ ներարցախյան այս խժդժությունները կկարողանան արցախահայությանը դրդել՝ ընդունել Բաքվի գերիշխանությունը կամ հեռանալ: Համենայնդեպս այն, որ ներքին բոլոր ուժերը հրապարակային դաշտում հանդես են գալիս «ո՛չ Ադրբեջանին» սկզբունքի օգտին, հուշում է, որ հակառակ թեզը բացահայտ քարոզելը վտանգավոր են համարում, այսինքն, որ ներարցախյան տրամադրությունները, թեեւ այս ծանրագույն վիճակին, այնուամենայնիվ դեռ մնում են դիմադրությունը շարունակելու օգտին: Դա էլ է հասկանալի. խաղաղապահները դեռ այնտեղ են, այդ գործոնը Արցախի շարքային քաղաքացիների համար մնում է հույս, որ այս հերթական ծանր ժամանակներն էլ մի օր կանցնեն:
ԲԱՔՎԻ «Բ» ՊԼԱՆԸ
Արդյունքում՝ այն, որ Բաքուն սկսում է կամաց-կամաց նաեւ խաղաղապահների վրա «բոչկա գլորել», թերեւս խոսում է այն մասին, որ սկսում են քիչ-քիչ գալ այն մտքին, որ Նիկոլը չի կարող «Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների» գաղափարը հասցնել ցանկալի ավարտին, եւ պետք է միգուցե որպես «Բ» պլան, կողմնորոշվել նաեւ ուղիղ ռուսների դեմ գնալու տարբերակի շուրջ: Ամեն դեպքում՝ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցներ սկսել են զգուշորեն առաջ տանել թեզը, թե՝ «Հայկական ապօրինի ավազակախմբերի անդամները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զենք են տեղափոխում», հենց այդ մասին է ակնարկում:
Բայց մյուս կողմից էլ, կրկնենք, այսօր Բայրամովն ու Միրզոյանը հանդիպում են Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ-ն, ի դեպ, Բրյուսելի վերջին հանդիպումը գնահատեց, որպես «ոչ կառուցողական» եւ «գործնական արդյունքներ չտվող», ինչը հուշում է, որ մոսկովյան օրակարգում, ընդհակառակը, Մոսկվան դնում է քայլեր, որոնք կլինեն «կառուցողական» եւ «գործնական արդյունքներ խոստացող»: Ու եթե Բայրամովն ու Միրզոյանը (այն էլ՝ Նիկոլի հիշատակած հայտարարություններից հետո) մեկնում են նման օրակարգով բանակցային սեղանի շուրջ նստելու, ապա դա շարունակում է խոսել այն մասին, որ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը, ամեն դեպքում, այդպես էլ չեն կարողանում Մոսկվային խաղից դուրս թողնել: Իհարկե, դրա առաջնային պատճառը եղել եւ մնում է խաղաղապահների առկայության փաստը, որին, ինչքան էլ փորձում են եվրաշպիոններով փոխարինել, սակայն դրա գործնական միջոցը պարզ չէ: Բայց ասել, թե միայն դա է Ալիեւին զսպող գործոնը, թերեւս ճիշտ չէր լինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ