Մոսկովյան այցի շեմին «դեղին քարտ» ռուս-իրանական թեւից
Վերլուծություն
ՀԵՐԹԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ
Այսպիսով, թեեւ Ալիեւն ու Նիկոլն արդեն բացահայտ են առաջ տանում արեւմտյան սցենարով «խաղաղության պայմանագրի» գնալու ծրագրերը, սակայն կարելի է նաեւ նկատել, որ եթե ոչ Նիկոլը, ապա Ալիեւը ռեզերվային տարբերակների պակաս չունի:
Նախ՝ կա թուրքական ընտրությունների գործոնը: Այստեղ, հիշեցնենք, ձայների 5,22 տոկոս ստացած Սինան Օգանը երկրորդ փուլում աջակցություն հայտնեց 45 տոկոս ստացած Քեմալ Քըլըչդարօղլուին: Այսինքն, նրա մրցակցությունը 49,35 տոկոս ստացած Էրդողանի հետ էլ ավելի սուր երանգներ կստանա: Ու եթե Քըլըչդարօղլուին հաջողվի հաղթել, ապա, հաշվի առնելով նաեւ այն, որ խորհրդարանում Էրդողանը ստացել է մեծամասնությունը, Թուրքիան բառացիորեն քաոսի կմատնվի:
Իհարկե, հիմնական կանխատեսումը մնում է այն, որ Էրդողանը, այնուամենայնիվ, երկրորդ փուլում կհաղթի: Սակայն անգամ այս դեպքում ընտրությունների արդյունքները վկայում են թուրքական հասարակության ներքին մեծ բեւեռացման մասին, որը, իհարկե, ամերիկացիները կփորձեն առավելագույնս խաղարկել: Սակայն, անկախ դրանից, Քըլըչդարօղլուի պարտությունը, ըստ էության, կնշանակի Էրդողանի հաղթանակն ԱՄՆ-ի հանդեպ, որը վերջինիս վարկանիշին, առավել եւս՝ Մերձավոր Արեւելքում վերջին հայտնի պարտությունների ֆոնին հերթական հարվածը կընկալվի, լուրջ հարված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության մնացորդներին: Պետք է փորձել քաղաքացիական պատերազմ սարքել, եւ եթե ստացվի, ապա դրանով Թուրքիան լիակատար քաոսի է մատնվելու, այսինքն, Ալիեւը «մեծ եղբորից» գոնե ժամանակավոր հույսը պետք է կտրի: Եթե չստացվի, եւ Էրդողանը լիակատար հաղթանակի հասնի ԱՄՆ-ի նկատմամբ, ապա Վաշինգտոնի տարածաշրջանային դիրքերին դա կդառնա այն հարվածը, որ արդեն հարցականի տակ կհայտնվի, թե նա հարավկովկասյան խաղատախտակին խաղը շարունակելու իմաստ կտեսնի՞: Ու այս դեպքում Ալիեւը ստիպված կլինի ԱՄՆ-ից հույսը կտրել:
Արդյունքում այն, որ Ալիեւը սկսել է արդեն իսկ խաղարկել ռեզերվային տարբերակները, տեսանելի են: Օրինակ, իրանական աղբյուրներն այս օրերին ակտիվացել են «Հյուսիս-Հարավ» ծրագրի հետ կապված, սակայն առաջին պլան մղելով ոչ թե հայաստանյան, այլ՝ ադրբեջանական երթուղին: Ավելին, նախօրեին ՌԴ-ն եւ Իրանը ստորագրեցին Աստարա-Ռեշտ ռազմավարական երկաթուղային գծի կառուցման փաստաթուղթ: Ըստ այդմ, Ռուսաստանը Իրանին կտրամադրի 1,3 մլրդ եվրոյի միջպետական վարկ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման համար, նախագծի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ եվրո է: Իսկ դա, բնական է, իր հիմքում պետք է որ ունենա Մոսկվա-Թեհրան-Բաքու պայմանավորվածություններ: Հասկանալի է, այս դեպքում խոսքը տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտների մասին է, այսինքն, այս ծրագիրն իր հիմքում շատ լուրջ տնտեսական բաղադրիչ ունի: Նաեւ չմոռանանք, որ ժամանակակից աշխարհում հենց տնտեսական բաղադրիչն է, որ ուղղորդում է քաղաքականը: Իսկ կոնկրետ դեպքում տնտեսականին գումարվում է նաեւ քաղաքականը՝ մեծ տարածաշրջանի անորոշությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ի դիրքերի շարունակական թուլացումը, որոնք Բաքվին պարտադրում են՝ տաք վիճակում պահել Մոսկվա-Թեհրան ուղղությամբ վեկտորը: Իհարկե՝ հիմնական, Արցախից խաղաղապահներին հանելու ծրագրերի առաջնահերթությամբ:
Ի դեպ, նաեւ նկատենք, որ խոսելով «Հյուսիս-Հարավից», իրանական աղբյուրները ներկայացնում են քարտեզներ, որտեղ կոմունիկացիաները շրջանցում են Հայաստանը: Իսկ սա մեկ բան է նշանակում. Արեւմուտքի ուղղությամբ նիկոլյան խունտայի բացահայտ խաղերը արդեն սկսել են Հայաստանին սպառնալ` ռազմավարական դաշնակիցների կողմից առաջ տարվող տարածաշրջանային գործընթացներից դուրս մնալու հեռանկարով: Ամեն դեպքում, այս ամենը եւ հատկապես ադրբեջանական ուղղությամբ երկաթուղու շինարարության ֆինանսավորումը նման է Նիկոլին հղված եւս մեկ ծանր նախազգուշացման` արտգործնախարարների եւ ղեկավարների եռակողմ ձեւաչափով մոսկովյան հանդիպումների շեմին: Չմոռանանք, որ քաղաքական հարցերից զատ, նա նաեւ տեւական ժամանակ դատարկ խոստումներով ձախողման ուղղությամբ է տանում Սյունիքով անցնող ճանապարհների կառուցման թեման, թեեւ Իրանը պաշտոնապես մինչեւ իսկ առաջարկեց սեփական ընկերություններին ներգրավել այդ գործընթացում: Լուծումներ չկան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկման հայտնի պայմանավորվածությունների հետ կապված, որը Նիկոլը շրջեց «ներքին վերահսկողություն» կեղծ բացատրության տակ՝ դրանով, ըստ էության, ջուր լցնելով ամերիկացիների ջրաղացին, որոնք պահանջում են ռուսական ամեն մի վերահսկողություն այս հարցում բացառել: Իսկ Ալիեւը, իհարկե, ուրախությամբ կընդունի այն, ինչը հետեւողականորեն մերժում է Նիկոլը, եւ դեռ մի բան էլ՝ դրանից արցախյան ուղղությամբ շահեր կփորձի քաղել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ