Բրիտանիային կհաջողվի՞ ամրապնդել Նիկոլի բրյուսելասիրությունը
Վերլուծություն
Հայ-ադրբեջանական զարգացումների ներկա իրավիճակում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=256439&l=am) պատահակա՞ն է, որ Հայաստան այցելեց Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը. հազիվ թե: Հաշվի առնելով նաեւ, որ արդեն այցի շեմին բրիտանական դեսպանատունը տեղեկացրեց, որ Լեո Դոքերթինի այցի հիմնական առանցքը լինելու է հայ-ադրբեջանական ուղղությունը:
Նման է նրան, որ վճռական պահ է՝ Նիկոլը հավատարի՞մ կմնա արեւմտյան թեւին, թե՞ վերջապես հասկանալով, թե ուր են գնում աշխարհաքաղաքական զարգացումները, կգնա Մոսկվայի մատնանշած կարգավորման ուղղությամբ: Եվ, հասկանալի է, որ բրիտանական տիկնիկավարներն այս պահին լուրջ անելիք ունեն:
Մյուս կողմից, վերադառնալով Միրզոյանի մոսկովյան այցին եւ Լավրովի հետ առանձին հանդիպմանը, կարելի է որոշ ուշագրավ դետալներ եւս նկատել: Թե եռակողմ հանդիպումն (Լավրով-Բայրամով-Միրզոյան) ինչ ընթացք ստացավ, անդրադարձանք: Սակայն այդ ընթացքի հիմքերը տեսանելի դարձան արդեն Լավրովի՝ Միրզոյանի հետ առանձին հանդիպման մեկնարկին, երբ ՌԴ ԱԳ նախարարը բաց տեքստով հայտարարեց. «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունները՝ կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության բանակցությունների, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ»: Իսկ ավելի համոզիչ լինելու համար նաեւ Միրզոյանին հիշեցրեց. «Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր է խաղում եւ ունի ամենալուրջ հետաքրքրությունները: Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»:
Բայց ահա Բայրամովի հետ առանձին հանդիպման մասին գոնե հրապարակային տեղեկություններում այդ միանգամայն հասկանալի եւ լուրջ սպառնալիք հիշեցնող տոնայնությունը չկար: Եվ դրա իմաստը կարելի է հասկանալ: Այն, որ մեր տարածաշրջանում, սկսած 2020թ. նոյեմբերի 9-ից, բոլոր լուծումների հիմքում դրված էր կոմունիկացիաների թեման, ինչպես քանիցս ներկայացնելու առիթներ ունեցել ենք, հայտնի պատմություն է: Հենց նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված՝ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության սահմանումով է, որ Ռուսաստանն արգելափակում էր Արեւմուտքի աշխարհաքաղաքական մուտքն այս տարածաշրջան: Հայտնի բան է նաեւ, որ նման վերահսկողություն թույլ չտալու պահանջն է, որ Արեւմուտքն առաջին հերթին դրել էր Հայաստանի առաջ: Բաքուն, իհարկե, այդ նյուանսները շատ լավ է հասկանում: Եվ այն, որ այս պահին արդեն կա պայմանագիր, ժամանակացույց՝ Ռուսաստանի ֆինանսավորմամբ Իրան-Ադրբեջան- Ռաշթ-Աստարա երկաթուղային գծի կառուցման մասին, որով ծրագրում են տարեկան մինչեւ 40-45 միլիոն տոննա բեռ տեղափոխել, ավելորդ անգամ վկայում է ոչ միայն Բաքվի շատ ավելի ճիշտ կողմնորոշման, այլ նաեւ մանեւրելու լայն հնարավորությունների մասին:
Բայց Լավրովն իրո՞ք վստահ է, որ իր համոզվածությունը տեղին է, այսինքն, որ նիկոլյան խունտան ներկա իրողությունները հասկանում է: Ամեն դեպքում, գոնե վերջին 6 ամիսներին այդպես չէր: Հիշեցնենք, որ նույն կոմունիկացիաների թեմայով այդ ուղղությամբ փոխվարչապետների եռակողմ խմբի ռուսական ներկայացուցիչ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դեռ անցած հոկտեմբերին պարզ հուշեց. «ՀՀ-ից է կախված՝ կմտնի միջազգային տրանսպորտային հանգույցների մեջ, թե՝ ոչ»: Խոսքը, բնականաբար, «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւելք-Արեւմուտք» կոմունիկացիաների մասին է: Նա նաեւ մանրամասնեց. «Երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից: Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն իսկ կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թվականին մոտ պատրաստ կլինի եւ հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եվրոպայի շուկաներ»:
Սա լուրջ նախազգուշացում էր, թե պետք է առաջ գնալ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններով՝ կոմունիկացիաների գործարկման սցենարով: Սակայն Նիկոլը նախընտրեց վազել Բրյուսել, որը, բնականաբար, կոմունիկացիաների թեման թողեց «օդից կախված» վիճակում: Եվ եթե հիշենք, որ այդ ժամանակ էլ Բրիտանիայից MI6-ի ղեկավարն էր եկել Հայաստան, կարելի է կռահել, թե Նիկոլի հետագա բրյուսելասիրության նոպան այդ պահին ինչու ի հայտ եկավ:
Բայց եթե այն ժամանակ Նիկոլը հայտարարություններ էր անում՝ «Գնում եմ ստորագրեմ եւ՝ վերջ» տրամաբանության մեջ, ապա դրանից վեց ամիս անց էլ, թեեւ մի գլուխ հայտարարում են, թե ամեն բան համաձայնեցրել են, Արցախը վեց ամիս պահում են շրջափակման մեջ, բայց «ստորագրում եմ եւ՝ վերջը» այդպես էլ չկա ու չկա: Փոխարենը, ՌԴ-ն ոչ միայն ադրբեջանական երկաթուղու կառուցումն է ֆինանսավորում, այլ մի բան էլ նույն Օվերչուկը Միրզոյանի վերջին մոսկովյան այցին զուգահեռ հայտարարեց, թե. «Մենք մեծ ներուժ ենք տեսնում Ադրբեջանի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության զարգացման համար»: Ու հասկանալի է, որ նման հայտարարությունները, առավել եւս, երբ դրանք միտված են երկաթուղու կառուցման միլիարդանոց ծրագրի վրա, հենց այնպես, օդից չեն ընկնում:
Առավել եւս, որ բացահայտորեն իրեն հակաամերիկյան, ավելին՝ ԱՄՆ-ի կատաղի հակառակորդի դերում է ներկայացնում Նիկոլի համար Ալիեւից էլ առավել «կիրթ անձնավորություն» Էրդողանը: Ընդ որում, արդեն տեւական ժամանակ է, որ ամերիկացիներն Էրդողանին սպառնում էին, թե աշխատանքից կազատեն: Ու այնքան կրքոտ, որ երեւի Նիկոլն էլ էր համոզվել, թե Էրդողանին կհանեն, կգա ամերիկյան դրածոն, ռուսների հետ պատերազմ կսկսեն, ուրեմն պետք է Արեւմուտքի հետ լավ լինել՝ այդ կրակների մեջ չմնալու համար: Ու հիմա, միգուցե արդեն հասկացե՞լ են, որ Էրդողանն ամերիկացիների «ատամի բանը» չէր:
Ավելին, ողջ Մերձավոր Արեւելքում է իրավիճակը շրջվել ամերիկա-իսրայելցիների դեմ, եւ դրա հետեւանքները չնկատելու համար պետք է բացարձակ կույր լինել:
Վերջապես, երբ Հարավային Կովկասում Արեւմուտքի «դեմոկրատիայի փարոս» Վրաստանը, չնայելով ԱՄՆ պետնախարարի բացահայտ սպառնալիքին, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցություն է վերաբացում՝ պատժամիջոցներ սահմանելու եւ պատերազմ սկսելու փոխարեն, դա արդեն կարող է, Լավրովի ասած՝ «մեր դաշնակիցների» հասկանալ-չհասկանալու վրա որոշակիորեն ազդել:
Ամեն դեպքում, այդ հարցում բրիտանացիները պետք է որ մտահոգվելու առիթ ունենան եւ փորձեն ամրացնել Նիկոլի բրյուսելասիրությունը: Ինչքանո՞վ կստացվի, դա արդեն կտեսնենք ընդամենը երկու օրից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ