ՆՈՒՅՆԻՍԿ ԹՐՔԱՄԵ՞ՏՆ Է ԶԱՏՎՈՒՄ ԹՈՒՐՔ ՆԻԿՈԼԻՑ
Վերլուծություն
Պետական դավաճան, կապիտուլյանտ Նիկոլն իր ցինիկ ասուլիսից հետո մնաց բացառապես իր բացահայտ և ծպտյալ հանցակիցների հույսին, մեկ էլ այն վարձու ծառայողների, ովքեր «ընտանիք են պահում» թուրքական օկուպացիոն վարչակարգին ծառայելու միջոցով: Այսինքն` այլ հենարան, բացի հակահայ տարրերից և արժանապատվությունից իսպառ զուրկ «նոքյարներից», սրանք չունեն: Անգամ հոգևոր հայրիկ Լևոն Տեր–Պետրոսյանը սահմանազատվում է իր հոգեզավակից:
ԻՆՉՈՒ ԽՈՍԵՑ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Անգամ ԼՏՊ–ն վրդովվեց այն պնդումից, իբր բոլոր նախկին ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն տեսքով, որով ճանաչեց Նիկոլը: Թուրք Նիկոլն իր ասուլիսին, ի դեպ, նաև առատորեն մեջբերում էր մեկ այլ թուրքի` Ժիրայր Լիպարիտյանի ասածները: Սակայն անգամ թրքամետ առաջին նախագահը կոշտ հակադարձեց նրան: Լևոն Զուրաբյանը փաստում է` Նիկոլը սուտ է ասում, և ըստ նրա, նույնիսկ մեռելածին «ընդհանուր պետության» մոդելով «Արցախը ունենալու էր սեփական խորհրդարան, որը իրավասու էր լինելու արգելել Ադրբեջանի օրենքների գործածությունը Արցախի տարածքում, Ադրբեջանի ուժային կառույցները իրավունք չէին ունենա մտնել Արցախի տարածք առանց Արցախի համաձայնության, Արցախը կունենար սեփական բանակ, եւ այլն: Իսկ Փաշինյանը համաձայնել է, որ Արցախը ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի եւ Ագդերեի ադրբեջանական շրջաններ, որոնց ամբողջ ղեկավարությանը, ներառյալ դատախազությունը եւ ոստիկանությունը նշանակվելու են Բաքվից: Նման ընթացքի արդյունքը հայտնի է նախօրոք՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, եթե ոչ ջարդերով արտաքսումը»:
Ինչպես փաստում է Լևոն Զուրաբյանը. «Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ բացահայտվեն այս բոլոր մանրամասները: Հետեւաբար, նա փորձում է հերթական Նիկոլական «կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, փորձելով համոզել մեր հասարակությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են իրենից առաջ եղած ղեկավարները: Սուտասանը «մոռանում» է մեր հասարակությանը հայտնել մի «փոքր մանրուք»: Բանն այն է, որ Ալմա–աթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է եւ վավերացրել է 10 վերապահումներով, որոնցից հստակորեն հետեւում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա՝ խորհրդային Ինքնավար մարզի սահմաններում»:
Ավելին, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ում շուրթերով խոսում է Լևոն Ակոպիչը, Նիկոլը «Հայաստանի առաջին ղեկավարն է, որը հրաժարվում է Արցախի անկախության գաղափարից եւ հանձնում այն Ադրբեջանին»: Ինչո՞ւ այդքան շեշտադրեցինք ԼՏՊ–ի դիրքորոշման պահը` այն պատճառով, որ նա Նիկոլի ու նիկոլաժեխի այդքան ատած «Արցախյան կլանի» ներկայացուցիչը չէ, և 2008–ին անգամ փորձել է ռևանշի գնալ և ղեկը խլել «պատերազմի կուսակցությունից»: Եթե անգամ Լևոնի համար է Նիկոլը վերջին դավաճանը, ապա մնացյալը պարզից էլ պարզ է:
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԻԿ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Եվ ահա գիշերով Արցախի ԱԺ–ն ուղերձ է ընդունում, որին արձագանքում են ՀՀ և ԱՀ նախկին նախագահները, եկեղեցին, սփյուռքը: Սակայն նախագահները ոչ կոռեկտ են համարել արձագանքելու ուլտիմատիվ պահանջը: Ըստ Սերժ Սարգսյանի. «ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու այսօրվա` արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական»: Սերժ Սարգսյանը փաստում է. «Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին: Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»: ՀՀ երրորդ նախագահի այդ բանաձևումն արդեն հասցրել է թևավոր խոսք դառնալ...
Ռոբերտ Քոչարյանն էլ ավելի կոպիտ գնահատական տվեց. «Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում: Դուք այդքան նաի՞վ եք: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ–ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին»:
Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձն էլ հնչեց լրիվ անատամ: Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին: Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսի»: Սա ինչպե՞ս հասկանալ, դավաճանին հորդորում է ձեռնպահ մնալ դավաճանությունի՞ց...
Իսկ կապիտուլյանտ խունտային հաջողվեց ժամանակավորապես տարբեր խարդավանքներով չեզոքացնել դիմադրության օջախներից մեկը` հերոսածին ծնողների նստացույցը: Բայց դա ժամանակավոր է, երկարատև էֆեկտ ունենալ չի կարող: Անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ բացատրում է, թե որ դեպքում կհաղթահարվի հանրությանը պատած զանգվածային «ջայլամությունն» ու կրավորականությունը. «Էմպիրիկ կանոն կա. «Դեպքերի 95 տոկոսում պայքարին մասնակցում են բնակչության 5 տոկոսից ոչ ավելին»: Իհարկե, երբ այդ 5 տոկոս «գժերի» հաղթանակն արդեն մոտ է լինում, մեծ թվով մարդիկ են իրենց միանում: Սա կոչվում է «bandwagon mobilization» (հայերեն, երևի, կարելի է թարգմանել. «տաշիտուշի մոբիլիզացիա»): Դրա օրինակ է 2018–ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրաժարականից ՀԵՏՈ բնակչության լայն շերտերի փողոց դուրս գալը:
Կամ եթե ինչ–ինչ պատճառներով Նիկոլի հեռացումն արդեն անշրջելի լինի, այ հենց այդ պահին բոլոր նրանք, ովքեր այսօր «չեն հետաքրքրվում քաղաքականությամբ» և 1001 պատճառաբանություն ունեն, թե ինչու դուրս չեն գալիս բողոքի ցույցերի, միանգամից կսկսեն ամեն անկյունում գոռալ, որ Նիկոլը պետք է հեռանա»:
Այսինքն` բոլոր դեպքերում օկուպացիոն ռեժիմին տապալելը 95 տոկոսով մնում է փոքրամասնության ուսերին: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով. «Փաշինյանին խորհուրդ կտամ մի հատ բացի նայի, թե որ բռնապետը ոնց է գնացել, ու ինքը ընտրի իր ճակատագիրը: Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր վայրկյանը ավելի մեծ վնաս է հասցնում հայկական երկու պետություններին»: Իսկ թե ինչպիսի վնաս` Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ. «Փաշինյանի խաղաղությունն ավելի կորստաբեր է լինելու, քան նրա սանձազերծած պատերազմը»:
Իսկ հանրության ակտիվ հատվածն ապրում է «Հայկական Նյուրնբերգի» ակնկալիքով: Անգամ` ամերիկամետ Ժիրայր Սէֆիլյանը: Իսկ Մոսկվայից արդեն փորձագետների մտավախություններ են հնչում, որ Իլհամի ու Նիկոլի գործարքի արդյունքում ՌԴ–ն կարող է Հարավային Կովկասից դուրս մղվել: Սկսեցին հասկանա՞լ, որ Նիկոլը «օգտակար ապուշ» չէ, այլ` միանգամայն վնասակար «քցող»... Լավ է ուշ, քան երբեք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ