Մոսկովյան ձեւաչափով եռակողմ պայմանագիրը ռեա՞լ է
Վերլուծություն
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ խոշոր բախումներ են ընթանում մեր տարածաշրջանում, ինչ է դրված խաղաթղթին, կարելի է նաեւ աչքի անցկացնել Լեհաստանից ստացված այս տեղեկությունը: Այսպիսով, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ, հունիսի 1-ից Լեհաստանը փակում է սահմանը Բելառուսի եւ Ռուսաստանի բեռնատարների համար:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ՄՈՍԿՎԱՅԻՆ
Ռուսական բեռնատարների համար այդ նոր արգելքը կարելի է կապել ուկրաինական իրադարձությունների հետ, սակայն դա ողջ իրականությունը չի լինի: Խնդիրը, իհարկե, շատ ավելի խորքային բնույթ ունի, ընդ որոմ՝ այն կարելի է նաեւ մի քանի բառով ներկայացնել: Այն է՝ Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները հետեւողականորեն մոտենում են լրիվ փակ սահմանների կարգավիճակի, եւ դժվար է ասել, թե երբ այդ իրողությունը կշրջվի հակառակ ուղղությամբ: Թե ինչու է այդպես, իհարկե, կարելի է բացատրել, սակայն դա այլ թեմա է: Ու այս ամենը մեզ վերաբերում է այնքանով, որ փակվող Արեւմուտքի պարագայում Ռուսաստանի համար կենսական նշանակություն են ստանում այլ ուղղությունները: Դեպի արեւելք էական խնդիրներ չկան, սակայն դա բավարար չէ: Արդյունքում, Ռուսաստանի համար դեպի հարավ՝ Իրան, Հնդկական օվկիանոսի տարածաշրջան տանող կովկասյան եւ կասպյան ուղիները ձեռք են բերել կարեւորագույն նշանակություն: Իսկ Արեւմուտքին, հասկանալի է, պետք է այս ուղին փակել:
Այսպիսով, չարաբաստիկ աշխարհաքաղաքական խաչմերուկի հին պատմությունը նորից իր ողջ «հմայքով» կանգնել է Հայաստանի առաջ: Եվ ոչ միայն Հայաստանի. կովկասյան տարածաշրջանում այդ խնդրի առաջ են բոլորը: Այդ ճնշումների ներքո ոմանք մի փոքր հաջող են դիմակայում, ոմանք մի փոքր անհաջող, սակայն դա էլ է հարաբերական: Ընդհանուր տրամաբանությունը հետեւյալն է. կա՛մ բոլորը պետք է գտնվեն Հյուսիս-Հարավ, կա՛մ՝ Արեւելք-Արեւմուտք աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ:
Հայաստանի հետ կապված՝ այս իրողությունները զգացվում էին դեռ նույնիսկ մինչ 44-օրյա պատերազմը, ինչին անդրադառնալու առիթներ քանիցս ունեցել ենք: Այդ ամենը շատ ավելի պարզ տեսանելի դարձավ պատերազմի ավարտին, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ներառվեց կոմունիկացիաների հետ կապված հայտնի 9-րդ կետը, ինչքան էլ որ այն ուղիղ կապ զինադադարի հետ չուներ: Սակայն այդ դրվագը մեկ պարզ փաստի մասին էր հուշում՝ ով է գլոբալ առումով վերահսկելու կոմունիկացիաները, ընդ որում, դա տալիս էր նաեւ հարցի պատասխանը, թե ինչ աշխարհաքաղաքական վերահսկողություն է լինելու տարածաշրջանում: Ընդ որում, պատկերը շատ ավելի հստակ դարձավ 2021թ. հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ համաձայնագրից հետո: Այն նախատեսում էր փոխնախարարների մակարդակով աշխատանքային խմբի ստեղծում, որը պետք է մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը. «Ամենաբարձր մակարդակով հաստատման ներկայացնել միջազգային տրանսպորտային միջոցների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման եւ կառուցման հետ կապված միջոցառումների ցանկ եւ ժամանակացույց…»: Հենց դա է, որ ակնհայտորեն արեւմտյան ճնշման ներքո առաջին հերթին Նիկոլն արհեստական պատճառաբանությամբ չիրականացրեց, եւ արդյունքում Ալիեւը լավ հնարավորություն ստացավ իր դիրքերը քայլ առ քայլ բարելավելու համար:
Հետագա զարգացումները մի կողմ թողնելով՝ հասնենք ներկա իրողություններին: Այսպես, ինչպես ցույց տվեց նախ՝ Մոսկվայում կայացած արտգործնախարարների, ապա՝ ղեկավարների ձեւաչափով վերջին եռակողմ հանդիպումը, նորից առաջնային պլանում է մնում կոմունիկացիաների գործարկման թեման: Ընդ որում, այս անգամ, Նիկոլի դիտավորյալ թե ակամա կոպտագույն սխալների արդյունքում, ունենք ավելի վատ դիրքեր: Ու այս անգամ էլ նույն հարցի առաջ ենք կանգնած՝ կլինի՞ մոսկովյան հարթակում վերջնական որոշում, թե՞ այս թեման Նիկոլը կտեղափոխի «Բրյուսելի ձեւաչափ»:
ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն իր ներկայացուցիչ, ԱՊՀ ուղղությամբ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովի միջոցով որոշ փակագծեր բացեց: Նախ, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ է: «Ամեն ինչ շատ մոտ է, մնացել են տեխնիկական որոշ հարցեր: Փաստաթուղթն իրոք պատրաստ է, այնտեղ արդեն ոչ էական ուղղումներ են արվում…»: Պլատովը հայտարարեց նաեւ Նիկոլի՝ հունիսի 7-9-ին Մոսկվա մեկնելու եւ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպելու մասին, որը եւս հուշում է, որ խոսքը տնտեսական ուղղության, այն է՝ կոմունիկացիաների մասին է: Ընդ որում, նա նաեւ ակնարկեց եւս մեկ եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որը կարող է ավարտվել նշված փաստաթղթի ստորագրմամբ:
Նկատենք, որ կոմունիկացիաների թեմային երեկ անդրադարձավ նաեւ եռակողմ խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խոսելով միջանցք կլինի-չի լինի, որն է Հայաստանի օգուտը չարչրկված հարցերից, Գրիգորյանը նաեւ նշեց, որ այս շաբաթ հնարավոր է կայանա եռակողմ խմբի հանդիպում, որին այս պահի դրությամբ ինքն անձամբ պլանավորում է մասնակցել: Այս նիստի մասին, չմոռանանք, մոսկովյան վերջին հանդիպման շրջանակներում կոմունիկացիաների հետ կապված ՌԴ նախագահը հայտարարեց, որ թեեւ դեռ կան չկարգավորված հարցեր, բայց դրանք կրում են զուտ տեխնիկական բնույթ: «Բայց մեր երեքի պատկերացմամբ՝ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: Մեծ հաշվով դրանք գոյություն չունեն, դրանք մաքուր տեխնիկական հարցեր են: Դրա համար մենք հիմա պայմանավորվել ենք նրա շուրջ, որ մոտ ժամանակներս՝ մեկ շաբաթ անց, կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները եւ դեռ չմաքրված հարցերը կհանեն»:
Ընդ որում, այդ հայտարարության պահին նկատվեց նաեւ մեկ դրվագ, որը մտածելու տեղիք տալիս է: Պուտինը ֆիքսելով կոնկրետ օրը՝ չորեքշաբթի (չնայած արդեն կեսգիշերին մոտ էր), դիմեց նաեւ Ալիեւին եւ Նիկոլին, թե մեկ շաբաթը բավակա՞ն է, եւ երկուսից էլ ստացավ դրական պատասխան: Բարձր մակարդակի հանդիպումներում նման կոնկրետացումների հազվադեպ է հնարավոր հանդիպել: Նման է նրան, որ իր այդ քայլով Պուտինը Նիկոլին եւ Ալիեւին (կամ նրանցից մեկին) ստիպեց հրապարակավ ընդունել, որ հետո փոխվարչապետները չսկսեն «ժամանակի վրա խաղալ»: Եթե այդպես է, ապա դա մեկ այլ մտքի է տանում: Որ ինչքան էլ թեման հասել է ընդամենը «մաքուր տեխնիկական հարցերի» հարթություն, եւ Նիկոլն ու Ալիեւը համաձայնել են, որ «դրանք հաղթահարելի խոչընդոտներ» են, բայց կարող են նաեւ հետո մտքները փոխել: Ու նկատենք, որ երբ հիմա Մհեր Գրիգորյանը խոսում է «այս շաբաթ հնարավոր է կայանա» տերմինաբանությամբ, ապա դա արդեն իսկ չի համապատասխանում մինչեւ ամենաուշը այս հինգշաբթի հանդիպելու մասին Նիկոլի (Ալիեւին չմոռանանք) ստանձնած հրապարակային պարտավորությանը:
Իհարկե, նաեւ հաշվի առնելով, որ այս գործընթացը դեռ 2021 թվականի մարտին պետք է փաստաթղթային տեսք ունենար, կասկածներ առաջանում են, թե անգամ լիովին պատրաստի պայմանագրի պարագայում այն կարող է ստորագրված պայմանագրի վերածվել: Ամերիկացիները, հաշվի առնելով նաեւ 2021թ.-ից հետո ի հայտ եկած ուկրաինական պատերազմը, այսօր էլ ավելի են դեմ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա կոմունիկացիաների գործարկմանը, որի պարագայում ռուսներն ունենալու են որոշակի վերահսկողական ֆունկցիա: Բայց մյուս կողմից էլ, եթե Ալիեւն ու Նիկոլը գնացին Մոսկվա եւ կոմունիկացիաների հետ կապված նորից պատասխանատվություն ստանձնեցին, դա հուշում է, որ Պուտինն այդ հարցում ազդեցության որոշակի լծակներ, այնուամենայնիվ, ունի:
Մյուս կողմից էլ չմոռանանք, որ կապված Ադրբեջանից դեպի Իրան տանող երկաթուղու կառուցման ծրագրի հետ, Ալիեւը պարզ ցույց տվեց, որ իր համար այս պահին էականը արեւմտյան թելադրանքը չէ: Երեկ էլ նրան այցելեց Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, քննարկեցին «Իրանի սպառնալիքը»: Բայց դրանով հանդերձ էլ, միամտություն կլինի ենթադրել, որ Ալիեւը կհրաժարվի դեպի Իրան տանող գծից, որը նրան տարեկան տասնյակ միլիարդներ է խոստանում: Եվ այս իրավիճակում Ալիեւը պետք է հաշտվի ռուսների ներկայության հետ՝ տարածաշրջանային կայունության համար, որն այդ տասնյակ միլիարդների միակ երաշխիքն է: Այդ թվում՝ տարածաշրջանում գործարկվելիք կոմունիկացիաների հետ կապված: Ինչ կարգի ներկայություն, այդ մասին չէ խոսքը, դա արդեն հետագա լուծելիք հարց է:
Իսկ եթե Նիկոլը պատրաստվում է նորից մեկնել Մոսկվա՝ Միշուստինին հանդիպելու եւ տնտեսական հարցեր քննարկելու, դա եւս ակնարկ է, որ եռակողմ ձեւաչափով կոմունիկացիոն պայմանագրի ստորագրման հավանականությունն իրոք մեծ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ