Քաղաքացին ապտակե՞լ է Աշոտ Փաշինյանին. նոր մանրամասներ միջադեպի մասին շրջանառվող լուրերից
Հասարակություն
Ֆեյսբուքյան օգտատեր ԳԱԳԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ գրել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հունիսի 6-ի երեկոյան, Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանում` վագոնի մեջ, մի քաղաքացի ապտակել է Աշոտ Փաշինյանին:
«Հաջորդ կայարանում կանգառի ժամանակ ոստիկանները քաղաքացուն տարել են անհայտ ուղղությամբ: Ականատեսները փոխանցում են, որ քաղաքացին տեսնելով Աշոտին` ասել է` «Արա՞, հորդ կբարեւես», որից հետո էլ ապտակել է: Աշոտիկը եղել երկու աղջկա հետ», - մանրամասնել էր օգտատերը:
Գրառման հետքերով՝ Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին եւ Ոստիկանության Էրեբունու բաժին էին այցելել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որտեղից հավաստիացրել էին, որ իրենց մոտ նման դեպք չի արձանագրվել: Մինչդեռ այլ աղբյուրներ պնդել էին, որ Աշոտ Փաշինյանին տեսել են մետրոյում:
Տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ը փորձեց մանրամասներ պարզել Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ: Սակայն, նա տվեց հակիրճ պատասխան. «Չեմ տիրապետում ինֆորմացիային եւ իրավասություն էլ չունեմ պատասխանելու: Ավելի ճիշտ կլինի դիմեք իրավապահներին»: Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ ԶԱՐԶԱՆԴ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ ընդգծեց. «Նման հաղորդում կամ ահազանգ ոստիկանությունում չի ստացվել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ