Ուկրաինական «հակահարձակումը» մեզ համար էական շատ հարցերի վերջակետը կդնի
Վերլուծություն
Իհարկե, Արեւմուտքի համար կոմունիկացիոն խաղը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=257584&l=am) մեր տարածաշրջանում էլ ավելի գլոբալ իմաստ ունի: Հաշվի առնելով մեկ էական հանգամանք եւս:
Այսպես, իրանական փորձագիտական հեղինակավոր աղբյուրը, մեջբերելով «Հումանիտար եւ քաղաքական հետազոտությունների» միջազգային ինստիտուտի ռուս փորձագետ Վլադիմիր Բրուտերին, նման տեղեկություն հաղորդեց. «Վրաստանն ու Ղրղզստանը ներկայումս ԱՊՀ-ի ամենաթեժ կետերն են: Հենց այս երկրներում է, որ պետական հեղաշրջման ամենամեծ հավանականությունը նկատվում է Արևմուտքի կողմից: Վրաստանի ղեկավարությունը տեղյակ է այդ սպառնալիքի մասին եւ փորձում է կասեցնել այն: Այսօր լրատվամիջոցները հայտնել են Ղրղզստանում հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների ձերբակալության մասին»:
Այն, որ Վրաստանում նման «հեղափոխական խմորումներ» Արեւմուտքը փորձում է ակտիվորեն առաջ տանել, վկայում են նաեւ փաստերը: Նկատի ունենք, թե քանիերորդ անգամ ամեն հարմար առիթով Վրաստանում նման ակնհայտ կազմակերպված իրողություններ տեսանք: Ու թե որն է իմաստը, դժվար չէ կռահել: Վրաստանը, որքան էլ եղել է արեւմտյան քաղաքական վերահսկողության տակ, բայց ելնելով հիմնականում տնտեսական խնդիրներից, նախապատվելի է համարում ՌԴ-ի հետ կապերը չխզել` անգամ պատերազմական իարվիճակում: Այո, հենց տնտեսական, եւ ոչ այն մտավախությունենրից ելնելով, թե կարող է հայտնվել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ: Այսինքն` Վրաստանը կարող էր միանալ արեւմտյան պատժամիջոցներին, բայց չբացել երկրորդ ճակատ, եւ միանշանակ ՌԴ-ի հետ պատերազմ չէր ունենա: Բայց միանալով պատժամիջոցներին, Վրաստանը իր տնտեսությանն էր ծանր հարված հասցնում, եւ տնտեսական նախապատվությունն այստեղ դարձավ գերակշռող:
Կարելի է նաեւ այսպես մտածել. վրացական իշխանությունները լավ են գիտակցում իրենց տնտեսական շահը` դրանից ելնելով էլ մանեւրելով Արեւմուտք-Ռուսաստանը հաարբերություններում: Բայց կա նաեւ մեկ գործոն, որը եւս Վրաստանի շահի տիրույթում է, ավելին` մեծ շահի: Խոսքը Հյուսիս-Հարավ մեգածրագրի մասին է, որտեղ Վրաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով մեծ դեր եւ շահ կարող է ունենալ: Ի տարբերություն Արեւմուտք-Արեւելք ամերիկյան ծրագրի, որը 30 տարի խոստանում են, սակայն դրա օգուտը քիչ տեսանելի է:
Այս տրամաբանությունից ելնելով, իհարկե, արեւմտյան լիբերաստները քաջ գիտակցում են, որ եթե Մեղրիի երկաթուղու ծրագիրը մտնի գործարկման փուլ, Վրաստանը հազիվ թե հապաղի` դրան միանալու հարցում: Այդ թվում` սեւծովյան իր նավահանգիստներով եւ աբխազական երկաթուղով: Ընդ որում, հենց Մեղրիի երկաթուղու դեպքում, հաշվի առնելով, որ Ադրբեջան-Իրան ուղիղ երկաթուղային կապի ծրագիրը Վրաստանին քիչ բան է խոստանում, քանի որ այն միանգամից Ադրբեջանից միանում է ռուսական երկաթուղուն: Եվ որ այս իրավիճակում Արեւմուտքի համար Հարավային Կովկասում անգամ մեկ «ոտքատեղ» չի մնա, դա եւս հասկանալի է: Այսինքն, պետք է էս գլխից Մեղրիի երկաթուղու դեմն առնել` հաշվի առնելով, որ դրա խաղադրույքին դրված է ողջ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը:
Բայց ամեն դեպքում, թե ինչ վերջնական վեկտորով կշարժվեն հարավկովկասյան երկրները, եղել եւ մնում է կախված ուկրաինական պատերազմից, որտեղ ՌԴ-ի հաղթանակը կամ պարտությունը կանխորոշելու է ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան: Իսկ ահա Ուկրաինայում, կարծես թե, արդեն իսկ սկսվում են այն բուռն զարգացումները, որոնք հանգուցալուծումային են լինելու:
Խոսքը ուկրաինական այդքան քարոզված հակահարձակման մասին է, որը Կիեւը, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, արդեն հետաձգելու տարբերակ չուներ. ԱՄՆ-ն արդեն անցել էր վերջնագրերի: Եվ ահա, այդ հակահարձակման նախնական փուլն արդեն սկսված է, ընդ որում, այս առաջին օրերին արդեն իսկ կան շոկային փաստեր:
Բուն ռազմական գործողությունները, նման է, որ ընթանում են այս սցենարով: Ուկրաինական բանակը փորձեց գրոհել մի քանի ուղղություններով` Խերսոն, Ուգլեդար, Դոնբաս (քաղաքի), Բախմուտի հատված, իսկ ՌԴ Բելգորոդի մարզ ներխուժումը ավելի նման էր շեղող մանեւրի: Թերեւս հաշվարկելով, որ որտեղ ունենա որոշ հաջողություն, այնտեղ էլ կտեղափոխի հիմնական հարվածը: Որոշ առաջխաղացում, բնականաբար, նախնական հարվածի պահին եղավ: Բայց ակնհայտորեն ոչ ցանկալի մասշտաբի: Ամենամեծ առաջխաղացումը Ուգլեդարի հատվածում էր, բայց երեկ հարձակումը նախ կասեցվեց, հետո հետեւեց ռուսական հակահարձակումը, եւ ուկրաինական ուժերը հետ քաշվեցին:
Եվ այս իրավիճակում է, որ արձանագրվեց ամենացնցող փաստը` Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումը: Ինչո՞ւ, ո՞ւմ մեղավորությամբ, ի՞նչ բնապահպանական հետեւանքներ կունենա դա, հարցի մի կողմն է: Զուտ ռազմական տեսանկյունից դա նշանակում է հետեւյալը: Եթե ուկրաինական բանակը մտածում էր, որ հարձակվելով այլ ուղղություններից` հիմնական հարվածը կիրականացնեն Խերսոնում` Դնեպրի գետանցումով (նման է, որ հենց դա էր հիմնական ծրագիրը), ապա հիմա այդ պլանը ձախողված է: Ամբարտակի փլուզումը բառացիորեն ոչնչացրեց Դնեպրի գետանցման ամեն մի հնարավորություն (մյուս հետեւանքները դեռ մի կողմ թողնենք): Եւ հենց այն պահին, երբ մյուս ուղղություններում ուկրաինական ուժերն արդեն մարտի մեջ են, թերեւս չունենալով խորը ճեղքումների համար անհրաժեշտ ռեսուրս: Գումարած, եթե Խերսոնի հատվածում ռուսական բանակը հարձակումը կանխելու համար զգալի ուժեր էր պահում, ամբարտակի ոչնչացումից հետո կարող է անհրաժեշտության դեպքում ուժերի մի մասը տեղափոխել հարեւան` Զապորոժիեի հատված:
Թե ինչ սցենարով կզարգանա հետագա պատերազմը, ռուսական բանակը կփորձի՞ այս խառը իրավիճակից ելնել, սեփական մասշտաբային հարձակումը սկսել, չշտապենք ենթադրություներ անել: Սակայն փաստն այն է, որ այս նախնական փուլում ուկրաինական բանակը, խաղի մեջ դնելով նկատելի ռեսուրսներ, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու հրաժեշտ տալ հաջողության բոլոր հույսերին: Իսկ կորցրած ռեսուրսները կկարողանա՞ վերականգնել, կամ ռուսական բանակը կթողնի՞, որ դեռ հարձակման մեջ գտնվող ուկրաինական ուժերը հանգիստ մարտից դուրս գան. սրանք արդեն շատ կարեւոր հարցեր են:
Ամեն դեպքում, նման է նրան, որ անգամ խոշոր մարտերի մեջ չմտնելով, այս իրավիճակում Ռուսաստանը ամրացնում է իր աշխարհաքաղաքական դիրքերը: Ու սա, իհարկե, աչքաթող չեն անի նաեւ հարավկովկասյան երկրների ղեկավարները: